2026
2026-03-16
Բում բնակավայրը գտնվում է Արևելյան Այսրկովկասի Կուտկաշենի (Գաբալայի) շրջանում՝ նույնանուն շրջկենտրոնից 6․7 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը հիշատակվել է նաև Բոյին, Բոմեն անվանաձևերով։ Հավանաբար, Բում բնակավայրը 7-րդ դարի հայոց պատմիչ Մովսես Կաղանկատվացու աշխատության մեջ հիշատակված Հոմենքն է։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ բնակավայրը գոյություն է ունեցել առնվազն վաղ միջնադարից։ Ըստ պատմիչի հաղորդած տեղեկությունների՝ Եղիշե առաքյալը, ով համարվում է քրիստոնեության առաջին քարոզիչն Աղվանքում, նահատակվել է Բում գյուղի մերձակայքում։ Հետագայում այդ վայրը սրբացվել է տեղի բնակիչների կողմից։ Ավանդության համաձայն՝ հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորն (485-510 թթ․) առաքյալի մասունքները փոխադրել է Արցախ՝ «Ջրվշտիկ» վանք, որը կոչվել է նաև Սուրբ Եղիշե առաքյալի վանք (գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում)։ Եղիշե առաքյալի նահատակման վայրում՝ փոսի մոտ, Վաչագան թագավորը հետագայում մի սյուն է կանգնեցրել։ Ըստ հիշատակությունների՝ այնտեղ եղել է նաև մի մատուռ։
Ծնունդով այդ բնակավայրից է եղել նաև Փիլիպպոս Պումեցի (Բումեցի) աղվանից կաթողիկոսը (հիշատակվում է 1563 թ):
Աղբյուրների բացակայությունը թույլ չի տալիս հստակ ներկայացնել գյուղի ամբողջական պատմությունը։ Սակայն հայտնի է, որ 18-րդ դարում գյուղը դեռևս բնակեցված է եղել հայերով։ 1725 թվականի հոկտեմբերի 28-ին Բումի և գավառի հայկական այլ գյուղերի բնակիչները նամակ են գրել Ռուսաստանի կայսր Պետրոս I-ին՝ օգնության խնդրանքով։ Բումեցիների անունից նամակը ստորագրել են տեր Մինաս քահանան և ոմն Պայրամը։ Այդ դեպքերից հետո՝ 18-րդ դարի կեսերին, Բումի հայ բնակչությունը պարտադրված ընդունել է իսլամ։ Ինչպես նշել են բումեցիները, սկզբնական փուլում նոր կրոնը նրանց վրա մեծ ազդեցություն չի թողել՝ ընդգծելով՝ «․․․ցերեկը թրքութիւն ենք անում, գիշերը հայութիւն․․․» միտքը։ Նույնիսկ իսլամ ընդունելուց հետո յուրաքանչյուր տարվա մայիսի 8-ին բումեցիները ուխտի են գնացել սուրբ Եղիշեի նահատակության վայր։ Ժամանակի ընթացքում բումեցի հայերը կտրվել են հայկական միջավայրից և մոռացել են հայերենը՝ խոսելով տեղի թյուրքական բարբառներից մեկով։
19-րդ դարի վերջերին բումեցիների մոտ դեռևս պահպանվել են հիշողություններ իրենց հայկական ծագման մասին։ 1889 թվականին «Նոր-Դար» թերթի թղթակիցը, խոսելով բումեցիների մասին, գրել է, որ վերջիններս «․․․պատմում և հաստատում են իրենց հայ լինելը, խաների բռնութիւնները, իրենց ինչ միջոցներով հաւատափոխ լինելը և այլն․․․»։
Այդ շրջանում շատ բումեցիներ շարունակել են կրել հայկական անձնանուններ։ 19-րդ դարի վերջին գյուղում պահպանված են եղել հայկական եկեղեցիների ավերակներ, իսկ հայկական գերեզմաններում եղել են հայկական տապանաքարեր։ Գյուղի մերձակայքում պահպանվել են նաև բերդի մնացորդներ։
Հետագա տասնամյակների ընթացքում Բում գյուղը վերջնականապես կորցրել է իր հայկական դիմագիծը։
Ներկայումս էլ գյուղը կոչվում է Բում և հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով։
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 131, 132, 147, 148։
Բանասիրական։ Նիւթեր ուտէացւոց վերաբերութեամբ։ Ա․ Անուն, «Մեղու Հայաստանի», 1881, N 69, 25 ապրիլի, էջ 1-2։
Բանասիրական։ Նիւթեր ուտէացւոց վերաբերութեամբ։ Ա․ Անուն, «Մեղու Հայաստանի», 1881, N 73, 30 ապրիլի, էջ 1։
Բանասիրական։ Նիւթեր ուտէացւոց վերաբերութեամբ։ Ա․ Անուն, «Մեղու Հայաստանի», 1881, N 123, 1 յուլիսի, էջ 1։
Դ․Կ․, Թղթակցութիւններ, «Նոր-Դար», 1888, N 62, 20 ապրիլի, էջ 3։
Թ․ Փ․, Թղթակցութիւններ, «Նոր-Դար», 1889, N 145, 2 սեպտեմբերի, էջ 2։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, գիրք I, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1997, էջ 39։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 252-254։
Շաքիլի, Թղթակցութիւններ, «Նոր-Դար», 1897, N 81, 20 մայիսի, էջ 3։
Ռուհանի, Խուդադեանի կտակի առթիւ, «Նոր-Դար», 1899, N 46, 13 մարտի, էջ 2:
Քամալեանց Ս․, Ուտիական տօներից (Յուշատետրից), «Արձագանք», 1894, N 53, 11 մայիսի, էջ 2։