2026

Նախիջևանի Երնջակ գավառի Նորաշեն գյուղը

2026-01-29

Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Երնջակ գավառի հայկական նշանավոր գյուղերից էր Նորաշենը։ Գյուղը գտնվում է Երնջակ գետի աջ կողմում՝ նույնանուն բերդի դիմաց։ Ըստ 13-րդ դարի հայ նշանավոր պատմագիր Ստեփանոս Օրբելյանի՝ գյուղը կոչվել է Նորակերտ և Տաթևի վանքին վճարել է 12 դահեկան հարկ[1]։

Պատմական աղբյուրներում այս գյուղը 10-14-րդ դարերում անվանվել է Նորակերտ, 15-րդ դարից՝ Նորաշեն, Նորաշենիկ, իսկ 19-րդ դարի մի տապանաքարի արձանագրության համաձայն՝ Նորագյուղ[2]։ Սևանի վանքում գրչագրված մի ավետարանում գյուղը հիշատակվում է Նորաշինիկ ձևով[3]։

Հին և միջնադարյան շրջաններում գյուղը եղել է հայաբնակ, իսկ նոր ժամանակներում այստեղ ապրել են նաև մուսուլմաններ։ Ունենալով մեծաքանակ բնակչություն՝ 17-18-րդ դարերում այս բնակավայրը հիշատակվել է իբրև գյուղաքաղաք[4]։ 1914 թվականի դրությամբ գյուղում ապրել են հայեր և մահմեդականացած հայ կաթոլիկներ[5]։

Նորաշենը հայտնի է եղել Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր, Սուրբ Հովհաննես, Սուրբ Ստեփանոս եկեղեցիներով, «Կուսանաց» կամ Սուրբ Հռիփսիմե մատուռով, կամրջով, գերեզմանատնով և այլ հուշարձաններով։ Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է միջնադարում և գործել մինչև 16-րդ դարի կեսերը։ Այն հիշատակվում է 1357 թվականին գրչագրված մի ավետարանում, որտեղ գյուղը հիշատակվում է Նորակերտ անունով[6]։

Գյուղի հյուսիսարևմտյան կողմում է գտնվել 12-13-րդ դարերում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին, որի մուտքը եղել է արևմտյան ճակատում։ Եկեղեցին որմնանկարներ ու պատկերաքանդակներ չի ունեցել։ 1870 թվականին հիշատակվում է կիսավեր դրությամբ[7]։ Ներկայումս հիմնահատակ ավերված է։ Գյուղի տարածքում էր գտնվում միջնադարում կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1660 թվականին[8]։ Եկեղեցին ներկայաումս ավերակ վիճակում է։

Նորաշենի կենտրոնական մասում է գտնվում նշանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հիմնվել է 951 թվականին։ Այն եռանավ բազիլիկ է՝ մուտքերն արևմտյան և հարավային ճակատներում։ Գավիթի վրա, որը կառուցվել է 17-րդ դարում, կան պատկերաքանդակներ, իսկ մուտքերի շուրջը պահպանվել են զարդաքանդակներ։ Եկեղեցու տարբեր ճակատներում կան արձանագրություններ։ Սուրբ Աստվածածինը 16-17-րդ դարերում մի քանի անգամ վերանորոգվել է։ Առաջին վերանորոգումն իրականացվել է 1572 թվականին։ 1663 թվականին վանքը վերանորոգվել է նորաշենցի եղբայրներ խոջա Հանեսի և Մկրտիչի կողմից։ Մեկ այլ վերանորոգման մասին հիշատակվում է 1692-1695 թվականներին[9]։ 1990-ական թվականների սկզբներին եկեղեցին կանգուն է եղել։

Հայկական այս բնակավայրը եղել է նշանավոր գրչօջախ, որի Սուրբ Աստվածածին եկեղեցում 17-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ[10]։

Գյուղի դիմաց՝ Երնջակ գետի վրա է գտնվել 1663 թվականին կառուցված կամուրջը, որի պատվիրատուները ևս եղել են հիշյալ խոջաները՝ Հանեսն ու Մկրտիչը։ Կամուրջն ավերվել է 1871 թվականի հեղեղի պատճառով[11]։ Ավերված կամրջի հետքերը նկատելի են եղել մինչև 1930-ական թվականները[12]։ «Բոլու սարի» գագաթնամասում է գտնվել 14-15-րդ դարերում կառուցված «Կուսանաց» կամ Սուրբ Հռիփսիմե մատուռը[13]։ Այն վերանորոգվել է 17-րդ և 19-րդ դարերում։ Մատուռի շուրջը կան 17-րդ դարին վերաբերող, առանց արձանագրությունների, խաչքարեր։ Ներկայումս մատուռը ավերակ վիճակում է։

Նորաշեն գյուղի արևմտյան կողմում է գտնվում 15-ից 20-րդ դարերին վերաբերող գերեզմանատունը։ Այստեղ պահպանվել են 800-850 տապանաքարեր։ Արձանագիր տապանաքարերի թիվը 124-130 է[14]։ 1980-ական թվականների դրությամբ արձանագրությունների մեծ մասը քայքայված կամ եղծված է եղել։

Ներկայումս գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանում, ադրբեջանաբնակ է և կոչվում է Գոյդարա[15]։

Գրականություն՝

Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

Ստ․ Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986։

ԺԴ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց՝ Լ․ Խաչիկյան, Երևան, 1950։

Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, ցուցակ 1, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։

Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան 1986։

Ա․ Այվազյան, Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, Երևան, 1987։

Ա․ Այվազյան, Նորաշենի ճարտարապետական հուշարձանները, ԼՀԳ, 1980, համար 8։

Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։

[1] Ստ․ Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1986, էջ 403։

[2] ԱԱյվազյան, Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, Երևան, 1987էջ 73։

[3] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, ցուցակ 1, Երևան, 1998, էջ 21։

[4] Նույնի՝ էջ 19-20։

[5] Նախիջևան, Քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան 2012, էջ 21։

[6] ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԼԽաչիկյան, Երևան 1950, էջ 424։

[7] Նախիջևան, Քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան 2012, էջ 24։

[8] Նույնի՝ էջ 24։

[9] ԱԱյվազյան, Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, Երևան, 1987էջ 74-75։

[10] Նույնի՝ էջ 22։

[11] ՂԱլիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 367։

[12] ԱԱյվազյան, Նորաշենի ճարտարապետական հուշարձանները, Լրաբեր հասարակական գիտությունների, 1980, համար 8, էջ 115։

[13] ՂԱլիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 368։

[14] Ա․ Այվազյան,Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ, Երևան, 1986, էջ 79։

[15] Ադրբեջաներեն՝ Göydərə՝ Göy նշանակում է «կապույտ» կամ «երկինք», dərə-«ձոր»։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում