2026
2026-01-19
Ամուրավան բնակավայրը գտնվում է պատմական Աղվանքի Կապաղակ գավառում՝ ներկայիս Գաբալա (Կուտկաշեն) վարչական կենտրոնից 17,3 կմ հարավ-արևելք։ Գյուղը հիշատակվել է նաև Ամիրավան, Ամիրվան, Ամրվան անվանաձևերով։
Բնակավայրի մասին առաջին հիշատակությունները 19-րդ դարից են։ 1841 թվականին գյուղում եղել է 617 հայ բնակիչ, 1851 թվականին՝ 438, 1876 թվականին՝ 992։ 1886 թվականի տվյալների համաձայն՝ գյուղում ապրել է 1012, իսկ 1914 թվականին՝ 1174 հայ բնակիչ։ «Նոր-Դար» թերթի տվյալներով՝ 1888 թվականին գյուղի բնակիչներից շատերը մահացել են ծաղիկ հիվանդության պատճառով։ Հայտնի է նաև, որ ամուրավանցիների մի մասը, մինչև 1870 թվականը, հեռացել է գյուղից և հիմնել նոր գյուղ՝ Ղարասուն (գտնվել է Ամուրավանից 2,8 կմ հյուսիս-արևելք) անունով։
Գյուղացիների ջանքերով և Բաքվի մարդասիրական ընկերության օժանդակությամբ 1882 թվականին գյուղում բացվել է դպրոց։ Ուսումնական հաստատությունը բնակավայրի եկեղեցու անունով կոչվել է Գևորգյան։ 1886-1887 ուսումնական տարում դպրոցում դասավանդել է ուսուցիչ Հովհաննիսյանցը, իսկ աշակերտների թիվը եղել է 38-40։ 1888-1889 ուսումնական տարում դպրոցում սովորել է 23, իսկ 1889-1890 ուսումնական տարում՝ 42 աշակերտ։ 1895 թվականին ցարական իշխանությունները փակել են դպրոցը։ Վերաբացված դպրոցի մասին տեղեկություններ պահպանվել են 1908 թվականից, երբ դպրոցն ունեցել է 1 ուսուցիչ և 53 աշակերտ։ 1914 թվականին դպրոցը կրկին փակվել է։
Ամուրավան գյուղում գործել է Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հիշատակվել է 1832 թվականից։ 1887 թվականին եկեղեցին հիշատակվել է Սուրբ Ամենափրկիչ անվամբ։ 1891 թվականին ամուրավանցիների ջանքերով եկեղեցին վերանորոգվել է։ Սամվել Կարապետյանը նշում է, որ 1984 թվականին եկեղեցու շենքի հարավային մուտքի վրա պահպանվել է եկեղեցու վերանորոգման մասին պատմող արձանագրություն․ «Նորոգեցաւ Ս(ուր)բ Ամենափրկչի եկեղեցիս արդեամբքն եկեղեցական/և հասարակութե(ա)ն Ամուրաւանու, ի ժամանակս քահանայա/գործութեան տէր Յարութիւնի Յարութիւնե(ա)նց,/1891 ամի»։
Եկեղեցու քահանաներից հիշատակվել են Միքայել Ավթանդիլյան Մարգարյանցը, ով պաշտոնավարել է մինչև 1868 թվականը, Գալուստ Տեր-Սարգսյանցը՝ հիշատակված 1868 թվականին, Հարություն Հակոբյան-Հարությունյանցը, Ներսես Ոսկանյանցը՝ հիշատակված 1910 թվականին։ 1917 թվականին գյուղում քահանա է եղել Եղիշե Տեր-Հովսեփյանը։ Գյուղը գտնվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր տարածքում։
Գյուղի հարավային մասում գտնվող հայկական գերեզմանոցում 1984 թվականին պահպանված են եղել մոտ 200 ուղղանկյունաձև մշակված և արձանագիր տապանաքարեր՝ թվագրված 18-20-րդ դարերով։ Տապանաքարերից ամենահինը թվագրված է 1786 թվականով, ինչից կարելի է ենթադրել, որ հայկական բնակավայրը գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարի երկրորդ կեսից։ Այդ տապանաքարի վրա հայերեն գրված է եղել հետևյալը՝ «Այս է տապան Ղարակատի որդի/Բակվերդին, թվին ՌՄԼԵ (1786)»։
Ամուրավանից հյուսիս և հյուսիս-արևելք պահպանվել են միջնադարյան երկու գյուղատեղիի՝ Պառավի բաղ և Ուզուխ, հետքեր։ Այդ հնավայրերում եղել են եկեղեցիների փլատակներ և հայկական գերեզմանոցներ, ինչը վկայում է, որ այդ վայրերում ժամանակին եղել են հայկական բնակավայրեր։ Հնավայրերը 1880-ական թվականի վերջերին ուսումնասիրել է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։ Նա Պառավի բաղի գերեզմանոցում գտնված արձանագիր տապանագրերից չորսը հրապարակել է։ 1984 թվականին՝ Սամվել Կարապետյանի՝ այդ վայրեր կատարած այցի ժամանակ, արձանագիր տապանաքարերից պահպանվել է միայն մեկը՝ հետևյալ արձանագրությամբ․ «Թվ(ին) ՋԺԵ (1466), Ա(ստուա)ծ ող/որմի տ(է)ր Ովանէս/ին․ խիստ բա/րի մարդ էր»։ Տապանաքարի արևելյան եզրին այդ մարդու հիշատակին կանգնեցված է եղել հայերեն արձանագրությամբ մի խաչքար։ Հետագայում ադրբեջանցի հետազոտող Ֆ․ Նագիևը, կեղծելով տապանաքարի վրա եղած արձանագրությունը, իր աշխատության մեջ այն ներկայացրել է որպես աղվանական և թվագրել է։
Այդ հնավայրում 1984 թվականին հայտնաբերվել են նաև 15-րդ դարով թվագրվող այլ տապանաքարեր և խաչքարեր՝ հայերեն արձանագրություններով։
Ուզուխ հնավայրի գերեզմանոցում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը ընդօրինակել և հրապարակել է հայերեն 7 արձանագրություն, որոնք, սակայն, 1984 թվականին չեն պահպանվել։ Սամվել Կարապետյանը նույն թվականին այդտեղ հայտնաբերել է ուշագրավ հորինվածքով մի խաչքար, որի վերևի հատվածում հայերեն գրված է եղել հետևյալը․ «Թվ(ին) ՋԱՃԵ (1556), Ճունշիբ»։
1917 թվականին՝ ռուսական հեղափոխությունից հետո, Արևելյան Այսրկովկասում տիրող անիշխանության հետևանքով հայկական բնակավայրերը հարձակումների են ենթարկվել թյուրք-մուսուլմանական ավազակախմբերի կողմից։ Դրությունն էլ ավելի է բարդացել, երբ տարածաշրջան են ներխուժել օսմանյան զորքերը։ Ամուրավան գյուղը, երկրամասի հայկական այլ գյուղերի նման, ավերվել է, իսկ բնակչության զգալի մասը՝ սպանվել։ Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո ողջ մնացած ամուրավանցիները վերադարձել են իրենց գյուղ և վերականգնել են այն։ Սակայն Խորհրդային Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականության հետևանքով շատ ամուրավանցիներ հեռացել են գյուղից։ Դրան հակառակ՝ գյուղում հաստատվել են ադրբեջանցիներ։ Արդեն 1985 թվականին Ամուրավանում մնացել են միայն 12 տուն հայեր, ովքեր 1988 թվականի դեկտեմբերի 1-ին պարտադրված լքել են գյուղը։
Գրականություն՝
Ամիրվան գիւղ, «Նոր-Դար», 1885, N 185, 1 նոյեմբերի, էջ 2-3։
Ամիրվանից, «Նոր Դար», 1888, N 194, 18 նոյեմբերի, էջ 2։
Ամիրվան գիւղից, «Նոր-Դար», 1888, N 219, 28 դեկտեմբերի, էջ 2։
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 112-113։
Խոյ-Զադէ, Նուխի, «Նոր-Դար», 1895, N 223, 19 դեկտեմբերի, էջ 2։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, գիրք I, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1997, էջ 35-38։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 235-247։
Մարտիրոսեանց Գ․, Ամրուան, «Նոր Դար», 1891, N 62, 12 ապրիլի, էջ 2-3։
Սիւնեցի, Ամիրվան, «Նոր Դար», 1887, N 86, 3 յունիսի, էջ 2։
Տէր-Յովսեփեան Եղ․, Ամիրուան, «Հորիզոն», 1917, N 177, 20 օգոստոսի, էջ 3-4։
Нагиев Ф., Новые албанские письмена и их дешифровка, Известия ДГПУ, N 2, 2009, с. 100-101.