2026

Կուտկաշենի Ջոռլու գյուղը

2026-07-27

Կուտկաշենի շրջանի Ջոռլու գյուղը գտնվում է շրջկենտրոն Կուտկաշենից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 12 կմ հարավ-արևմուտք։ Այն հայտնի է նաև Հայ Ջոռլու, Չորլու անվանաձևերով։

Հայկական այս բնակավայրը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է 1725 թվականին, երբ Կապաղակ գավառի հայաբնակ այլ գյուղերի ներկայացուցիչների՝ Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ինին ուղղված օգնության խնդրագրի ներքո ստորագրել էր նաև «Չուրլուի Ալլահվերդին»՝ հավանաբար գյուղի տանուտերը։ 

Տեղեկություններից մեկի համաձայն՝ 18-րդ դարի վերջերին այստեղ են հաստատվել նաև Արցախից հեռացած հայեր։ Ջոռլու գյուղի մասին կա մեկ այլ հիշատակություն ևս․ 1896 թվականի օգոստոսի 4-ին գյուղում ջրհեղեղ է եղել, որից գյուղը բավականին վնասներ է կրել։

1841 թվականի տեղեկությունների համաձայն՝ Ջոռլուում ապրել է 259 հայ բնակիչ։ 1879 թվականին գյուղի հայ բնակչության թիվը հասել է 301 մարդու։ 1886 թվականին գյուղում ապրել է 291, 1889 թվականին՝ 345 հայ բնակիչ։ 1901 թվականի տվյալներով՝ գյուղի բնակչության թիվը հասել է 310, 1908 թվականին՝ 370, իսկ 1914 թվականին 397 բնակչի։  

Չնայած Ջոռլուի հայերը հիմնականում եղել են թյուրքախոս, սակայն գյուղում գործածվող գրավոր լեզուն եղել է հայերենը։ 1914 թվականից գյուղում գործել է հայկական դպրոց, որտեղ ուսանել է 41 աշակերտ։ Դպրոցը հիշատակվել է Արցախի (Ղարաբաղի) թեմի՝ նյութապես ծանր դրության մեջ գտնվող կրթական հաստատությունների շարքում։ Գյուղի գերեզմանատան տապանաքարերին հայերեն գրվածքներ են եղել։

Գյուղում գործել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի մասին առաջին հիշատակությունը պահպանվել է 1839 թվականին։ Սակայն եկեղեցին շուտով հայտնվել է անմխիթար վիճակում։ Այդ պատճառով Ջոռլուի հայերը ստիպված այցելել են հարևան Միրզաբեկլու գյուղի եկեղեցի։ Գյուղում հոգևոր ծառայություն մատուցած հոգևորականներից հիշատակվել են քահանաներ՝ տեր Աբրահամը, Պողոս Տեր-Աբրահամյանը, Սահակ Տեր-Ստեփանոսյանցը, Մարտիրոս Հախվերդյանը, Մելիքսեդեկ Հովսեփյան-Խաչատրյանցը, Ավետիք Տեր-Միքայելյանը, Մկրտիչ Տեր-Աստվածատրյանցը, Դանիել Դավթյան-Տեր-Ավագյանցը։

Այնուամենայնիվ՝ գյուղում կառուցվել է նոր եկեղեցի։ Երբ բանահավաք, պատմաբան Սամվել Կարապետյանը 1986 թվականին այցելել է Ջոռլու, եկեղեցին կանգուն է եղել։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես ակումբ, դպրոց, այնուհետև՝ պահեստ։ Սամվել Կարապետյանը հիշատակել է հայկական գերեզմանոցի տասնյակ գերեզմանաքարեր, որոնցից միայն 4-ի վրա են պահպանվել արձանագրություններ։  

Դրանք էին՝

Այս է տապան Ղաբալու ջորլու/վէցի տ(է)ր Աբր(ա)համին, / թվ(ին) ՌՄԿԴ (1815):

Այս է տապան Մարտ(ի)րօսի / կողակից Սուրմային, / թվ(ին) ՌՄԿԶ (1817)։

Այս է տապան Մելքումին, որ է / որդի Շահսուվարի, օվ ոք / կարդա, ա(ստուա)ծ ողորմի ասեք, / թվ(ին) ՌՅԶ (1857)։

Տապանս է Ալլահվերանի, որդի / էր Համբարձում Օսմանեանցի, / մայր էր Նուբարը, կինն էր Զառն/շան, որդիք սորա՝ Գրիգոր ու / ․․․ Գիւլկեազար։

Շրջակա հայկական այլ գյուղերի նման Ջոռլուն նույնպես ավերվել է 1918 թվականների իրադարձությունների ժամանակ, երբ տարածաշրջան ներխուժած օսմանյան զորքերն ու տեղի կովկասյան թաթարների ուժերը կոտորել են Արևելյան Այսրկովկասի հայերի մեծ մասին։ Այդ իրադարձություններից հետո Ջոռլուում հաստատվել են թյուրքախոսներ։ Ներկայումս գյուղն ադրբեջանաբնակ է։

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 126։

Կարապետյան Ս․, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Գիրք I, Երևան, 1997, էջ 43։

Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 312-315։

Ղազարոս քահ․ Յովսէփեանց, Նամակ խմբագրութեան, «Նոր Դար», 1890, N 70, 1 յունիսի, էջ 2։

«Նոր-Դար», 1896, N 185, 19 հոկտեմբերի, էջ 3։

Алфавитные списки армяногригорянских церквей и магометанских мечетей в Империи. Департамент духовных дел иностранных вероисповеданий, 1886, с. 26-27.

Кавказскій календарь на 1910 годъ. Тифлисъ, 1909, с. 244.

Эзовъ Г.А., Сношенія Петра Великаго с армянскимъ народомъ. Документы. СПБ, 1898, с. 427-428.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում