2026
2026-08-03
Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում է գտնվել Փորադաշտ հայկական գյուղը, որը կազմված է եղել երկու բնակավայրերից՝ Հին և Նոր Փորադաշտերից։ Գյուղը գտնվել է Ջուղա քաղաքից հյուսիս-արևելք՝ Գիլան գետի աջ ափին՝ բարձրագագաթ լեռնաշղթայի լանջին։ Պահպանվել են նաև գյուղի Գաջարան, Ոչխարալեառն անվանաձևերը[1]։
Հին Փորադաշտը կամ Փարադաշտը հիշատակվել է դեռևս վաղ միջնադարից՝ մոտ 90-100 տուն հայ բնակչությամբ։ 16-րդ դարի կեսերից հետո, հավանաբար տեղի անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով, գյուղի բնակիչները տեղափոխվել են մոտ 1 կմ ներքև՝ հիմնելով նոր գյուղը՝ Նոր Փորադաշտը[2]։
Ըստ ավանդության՝ Փորադաշտ անվան ծագումը բացատրվում է գյուղի առջև՝ դաշտի մեջ գտնվող և դրամի («փարայի») ձև ունեցող քարերի առկայությամբ[3]։ 1829-1832 թվականներին գյուղում ապրել է 15 տուն՝ շուրջ 81 հայ բնակչություն, որից 8 տունը գաղթել են Իրանից։ 1873 թվականի տվյալներով՝ Փորադաշտում ապրել է 40 տուն՝ 341 հայ բնակչություն[4]։ 1914 թվականի դրությամբ՝ գյուղն ամբողջությամբ հայաբնակ է եղել[5]։ Գյուղի անվանի լինելու մասին հիշատակում է նաև Ղևոնդ Ալիշանը[6]։
1870-ական թվականներին գյուղում բացվել է հայկական ծխական դպրոց, որն ընդմիջումներով գործել է մինչև 1915 թվականը՝ 30-50 աշակերտներով[7]։
Ներկայումս պահպանվել են հին և նոր գյուղատեղիների ավերակներն ու պատմաճարտարապետական կիսաքանդ հուշարձանների մի մասը։
Հին Փորադաշտը հայտնի է եղել Սուրբ Ստեփանոս վանքով, «Ֆրանկի» կոչված եկեղեցով ու Սուրբ Աստվածածին մատուռով։
Սուրբ Ստեփանոսի վանքը գտնվել է Հին Փորադաշտից 4-5 կմ հյուսիս։ Ըստ արխիվային փաստաթղթերի՝ վանքը կառուցել է Մաղաքիա վարդապետը 1385 թվականին[8]։ Ավանդության համաձայն՝ վանքի պատվիրատուն ու մեկենասը եղել է միջնադարյան հայ նշանավոր գիտնական ու փիլիսոփա Հովհան Որոտնեցին։ Վանքը վերանորոգվել է 1560 և 1683 թվականներին։ Վանքի մուտքը եղել է արևմտյան ճակատում, ուր պահպանվել են նաև արձանագրություններ։ Որմնանկարներ, պատկերաքանդակներ ու զարդաքանդակներ վանքը չի ունեցել։ Արևմտյան ճակատի առջև եղել է գավիթը, իսկ հարավային և արևելյան կողմերում՝ 12-15 օժանդակ շինություններ։ Վանքը նշված է եղել նաև 1931 թվականի խորհրդային տեղագրական քարտեզի վրա[9]։ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ 2001 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ վանքի ավերակները դեռևս կանգուն են եղել, սակայն դրանք հիմնահատակ ոչնչացվել են 2009 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ[10]։
Հին Փորադաշտ գյուղից հյուսիս գտնվել է «Ֆրանկի» կոչվող եկեղեցին, որի մոտ գտնվող խաչքարերից մեկն ունեցել է 1627 թվականին վերաբերող արձանագրություն։ Ներկայումս եկեղեցին ավերակ է[11]։
Սուրբ Աստվածածին մատուռը՝ թվագրված 16-17-րդ դարերով, գտնվել է Հին Փորադաշտի արևելյան կողմում։ Ներկայումս այն նույնպես ավերված է[12]։
Հին գյուղատեղիից 0,5 կմ հարավ-արևելք գտնվում է գերեզմանատունը, որը վերաբերում է 12-17-րդ դարերին։ Այստեղ պահպանվել են 580-600 հարթ և խոյաձև տապանաքարեր ու խաչքարեր, որոնցից արձանագիր են 60-63-ը։ Տապանաքարերի մեծ մասը կոտրատված ու քայքայված է[13]։
Սուրբ Ստեփանոս վանքից 200-250 մետր հարավ-արևելք է գտնվում վանքի գերեզմանատունը, որը վերաբերում է 16-18-րդ դարերին։ Տապանաքարերի թիվը 6-ն է, արձանագիր են 5-ը։ Վանքից 250-300 մետր արևելք՝ 2 հսկա ժայռերի մեջ, գտնվում է «Նահատակ» կոչվող սրբատեղի-աղբյուրը։ Սրբատեղին վերանորոգվել է 17-րդ դարում։ Շրջակայքում կան 15-17-րդ դարերի մի քանի կիսավեր խաչքարեր։ Ներկայումս աղբյուրը պահպանված է, իսկ մատուռն ավերակ է[14]։
Հին Փորադաշտը 1950-ական թվականներին հայաթափված էր, անմարդաբնակ ու վերածվել էր ավերակ գյուղատեղիի[15]։
Նոր Փորադաշտը գտնվել է Հին Փորադաշտից 1 կմ հարավ։ Ընդգրկել է 130-140 բնակելի տուն և այլ շինություններ։ Գյուղը հայտնի է եղել Սուրբ Գևորգ եկեղեցով, Սուրբ Եղիա մատուռով և այլ հուշարձաններով։ Գյուղի արևմտյան մասում է գտնվել Սուրբ Գևորգ եկեղեցին, որի ճարատարապետը Հովհանն էր[16]։ Եկեղեցին բարձր ու ընդարձակ պարիսպներով շրջափակված փայտածածկ շինություն է եղել։ Բակում գտնվող խաչքարի վրա պահպանվել է խաչքարագործ վարպետ Դանիելի անունը՝ 1683 թվականի արձանագրությամբ[17]։ Եկեղեցու մուտքը եղել է արևմտյան ճակատում։ Որմնանկարներ, պատկերաքանդակներ ու զարդաքանդակներ եկեղեցին չի ունեցել։ Վերանորոգվել է 19-րդ դարում։ 1950-ական թվականներին եկեղեցու շենքը վերածվել է դպրոցի։ 1964-1987 թվականներին եկեղեցին գտնվել է անմխիթար վիճակում։ Ոչնչացվել են փայտե տանիքը, հարավային պատն ու ավանդատունը։ 2001 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ, ըստ արբանյակային լուսանկարների, պահպանված են եղել եկեղեցու հիմքերը։ Սակայն, մինչև 2009 թվականի նոյեմբերի 11-ը եկեղեցու մնացորդները ոչնչացվել են, իսկ տարածքը՝ հարթեցվել[18]։
Նոր Փորադաշտի արևմտյան կողմի բարձրագագաթ բլրի վրա է գտնվել Սուրբ Եղիա մատուռը, որը կառուցվել է 17-րդ դարում։ Մատուռն արձանագրություններ, պատկերաքանդակներ չի ունեցել։ Շրջակայքում պահպանվել են 17-րդ դարի մի քանի խաչքարեր։ Ներկայումս մատուռն ավերակ է։
Գյուղատեղիի արևելյան մասում է գտնվում 17-20-րդ դարերին վերաբերող գերեզմանատունը։ Այստեղ պահպանվել են 500-510 քառանկյուն և խոյաձև տապանաքարեր, որոնցից արձանագիր են 250-255-ը[19]։
Ծնունդով փորադաշտցի է եղել նշանավոր բանասեր, պատմաբան, տեղագիր ու հոգևոր գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը։
Փորադաշտ գյուղատեղին ներկայումս ավերակ ու անմարդաբնակ է, գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի (Ջուղայի) շրջանում՝ նույնանուն քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք։
Գրականության ցանկ՝
Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։
Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․5, ցուցակ 1, Երևան, 2001։
Ստ․ Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, ԵՊՀ, Երևան, 2009։
Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան, 1986։
Ա․ Այվազյան, Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, Երևան, 1987։
Նախիջևան․ Քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 21։
Կովկասի ժառանգության դիտորդական կենտրոն, Հին Փորադաշտի Սուրբ Ստեփանոս վանք;
https://storymaps.arcgis.com/stories/e275d2e351d6410aaf3add87c6e3235b։
[1] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․5, ցուցակ 1, Երևան, 2001, էջ 241-242։
[2] Ա․ Այվազյան, Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, Երևան, 1987, էջ 77։
[3] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․5, ցուցակ 1, Երևան, 2001, էջ 241-242։
[4] Նույն տեղում։
[5] Նախիջևան․ Քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 21։
[6] Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 359։
[7] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․5, ցուցակ 1, Երևան, 2001, էջ 241-242։
[8] Ստ․ Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, ԵՊՀ, Երևան, 2009, էջ 378-379։
[9] Կովկասի ժառանգության դիտորդական կենտրոն, Հին Փորադաշտի Սուրբ Ստեփանոս վանք, https://storymaps.arcgis.com/stories/e275d2e351d6410aaf3add87c6e3235b։
[10] Նույնը՝ https://storymaps.arcgis.com/stories/e275d2e351d6410aaf3add87c6e3235b։
[11] Ստ․ Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, ԵՊՀ, Երևան, 2009, էջ 427։
[12] Նախիջևան․ Քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 24։
[13] Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան, 1986, էջ 84։
[14] Նույնի՝ էջ 84-85։
[15] Կովկասի ժառանգության դիտորդական կենտրոն, Հին Փորադաշտի Սուրբ Ստեփանոս վանք, https://storymaps.arcgis.com/stories/e275d2e351d6410aaf3add87c6e3235b։
[16] Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան, 1986, էջ 82։
[17] Ստ․ Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, ԵՊՀ,Երևան, 2009, էջ 103։
[18] Կովկասի ժառանգության դիտորդական կենտրոն, Հին Փորադաշտի Սուրբ Ստեփանոս վանք, https://storymaps.arcgis.com/stories/e275d2e351d6410aaf3add87c6e3235b։
[19] Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան, 1986, էջ 83։