2026

Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում

2026-04-25

Ստամբուլի նահանգապետարանն այս տարի ևս արգելեց ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների անկցակցումը։ Հերթական անգամ Ստամբուլի նահանգապետը մերժեց «Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակ»-ի դիմումը՝ առանց որևէ պատճառ նշելու։

2010 թվականից սկսած, «Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը» ինչպես Ստամբուլում, այնպես էլ Թուրքիայի մի շարք քաղաքներում իրականացնում էր ոգեկոչման միջոցառումներ։ 2020 թվականին, համաճարակի պատճառով, հիշատակի միջոցառումներն արգելվեցին, և այդ արգելքը շարունակվում է մինչ այսօր․ թուրքական իշխանությունները միջոցառումները որակում են «ոչ նպատակահարմար»։

Իրականում ապրիլի 24-ի միջոցառումների արգելքն իշխանությունների կողմից «ոչ նպատակահարմար» ներկայացնելը բխում է պետական մակարդակով որդեգրված ժխտողականության քաղաքականությունից։ Դա ոչ միայն սահմանափակում է հիշատակի միջոցառումները, այլև խաթարում է քաղաքացիական հասարակության ազատ արտահայտման հնարավորությունները։

Ոգեկոչման միջոցառումների արգելքի առաջին և գլխավոր պատճառը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է։ Թուրքիան բազմիցս նշել է, որ չի իրականացրել ցեղասպանություն։ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր խոսքում նշել է, որ այն պետությունները, ովքեր ընդունել են Հայոց ցեղասպանությունը, արխիվային փաստաթղթերով չեն ապացուցել իրենց պնդումները։ Որպես օրինակ՝ Էրդողանը նշել է Ֆրանսիային՝ ասելով, որ վերջինս չի հետաքրքրվում ճշմարտությամբ։   

Հետևաբար՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն ուղղված միջոցառումների արգելքը կապված է հենց ժխտողականության հետ։ Իսկ 2010-2019 թվականների ոգեկոչման միջոցառումներ անցկացնելու թույտվությունը պայմանավորված էր նրանով, որ վերջինս միջազգային հանրությանը փաթեթավորված ներկայացնում էր «Թուրքիայում առկա է խոսքի ազատություն» հաղորդագրությունը։  

Երկրորդ պատճառն արտաքին քաղաքական գործոնն է։ Ապրիլի 24-ի միջոցառումները հաճախ ուղեկցվել են միջազգային արձագանքներով, և այս միջոցառումների անցկացումը Թուրքիայի ներսում կարող էր ընկալվել որպես հրաժարում ժխտողական քաղաքականությունից, ինչից թուրքական իշխանությունը խուսափում է։

2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց բանաձև, որով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան քննադատեց այդ որոշումը։ Էրդողանը հայտարարեց, որ այդ որոշումն ազդելու է երկկողմ հարաբերությունների վրա՝ այն որակելով անհիմն, իսկ Բեռլինից հետ կանչվեց Թուրքիայի դեսպանը։

2019 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես կհռչակվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Թուրքիան անմիջապես դատապարտեց Մակրոնի այս քայլը և նորից «փաստագրեց» Հայոց ցեղասպանության ժխտողականությունը։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը նշեց, որ Հայոց ցեղասպանության պնդումները քաղաքական սուտ են՝ առանց իրավական հիմքի, և դրանք հակասում են պատմական փաստերին․ ցեղասպանության «պնդումները» որևէ արժեք չունեն Թուրքիայի համար:

2021 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։ Բայդենի կողմից եզրույթի օգտագործումը մեծ ալիք բարձրացրեց Թուրքիայում։ Թուրքական իշխանությունները քննադատեցին այդ հայտարարությունը՝ այն անվանելով պատմության քաղաքականացում և նույնիսկ ժամանակավորապես հետ կանչեցին իրենց դեսպանին ԱՄՆ-ից՝ խորհրդակցությունների համար։

Տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված հայտարարություններից հետո Թուրքիան ոչ միայն ժխտում կամ դատապարտում էր տվյալ երկրների հայտարարությունները, այլև տնտեսական կամ քաղաքական գործիքներով ճնշում էր գործադրում այդ երկրների նկատմամբ։ Այսպես՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի և Ֆրանսիայի միջև սրվեցին դիվանագիտական հարաբերությունները։ Թուրք գործարարներն ու պատգամավորները մեկնեցին Փարիզ՝ առևտրային պայմանագրերը ժամանակավորապես դադարեցնելու և Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելու համար։ Ասել է թե՝ Թուրքիայի ժխտողականությունը վերածվեց գործնական քաղաքականության, իսկ հիշատակի միջոցառումների արգելքը հաճախ ընկալվում է որպես Թուրքիայի կողմից միջազգային հանրության ճնշումներին հակազդելու քայլ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում