2026
2026-03-23
Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում՝ նույնանուն գետի ձախ ափին՝ Օձասար լեռան սալապատ փեշին էր գտնվում Սալթաղ հայկական գյուղը։
Ըստ ավանդության՝ այս գյուղը եղել է Տիգրանավան քաղաքի մի թաղամասը և մեծ սալաքարերի վրա տեղադրված լինելու պատճառով կոչվել է Սալի-թաղ, այստեղից էլ՝ Սալթաղ։
17-րդ դարում գյուղի հայ բնակչության մասին տեղեկություններ է հաղորդել պարսից Շահ Աբբաս Առաջինի արքունիքում իսպանական դեսպանության ղեկավար Գարսիա դե Սիլվա Ֆիգեռոան։ Վերջինս նշել է, որ Նախիջևան քաղաքի ենթակայության տակ գտնվող 12 գյուղերում, այդ թվում՝ Սալթաղում, ապրում էին կաթոլիկություն ընդունած հայեր։ Նրանք այդ դավանանքին էին հարել սկսած 14-րդ դարից[1]։
1616 թվականին, կաթոլիկ միսիոներների կողմից կազմված մի զեկուցագրի համաձայն, Սալթաղում ապրել է 3 կաթոլիկ հայ ընտանիք (20 հոգի), մինչդեռ 1604 թվականի հայերի բռնագաղթից առաջ՝ 1601 թվականին, գյուղում եղել է 120 կաթոլիկ հայ ընտանիք՝ 800 բնակիչներով[2]։
17-րդ դարի սկզբին՝ Շահ Աբբասի արշավանքների ժամանակ (1604-1605 թվականներ), գյուղն ամայացել է, սակայն նույն դարի վերջերից նորից բնակեցվել է։ Արդեն 18-րդ դարի վերջերին շահական Պարսկաստանի վարած հարկային ծանր քաղաքականության, ինչպես նաև՝ բռնաճնշումների կիրառման արդյունքում Նախիջևանի կաթոլիկ հայերի մի մասն ընդունել է մահմեդականություն, իսկ մյուս մասը՝ տարագրվել է։
1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո՝ 1828 թվականին, Խոյի շրջանից 202 հայեր վերաբնակեցվել են Սալթաղում։ 1829-1832 թվականներին գյուղն ունեցել է 155 բնակիչ, 1870-ական թվականներին՝ 50 տուն, 1906 թվականին՝ 48 բնակիչ[3]։
Սալթաղի գյուղացիները զբաղվել են դաշտավարությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, ծխախոտագործությամբ։
Գյուղում գտնվել է 13-14-րդ դարերում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցի, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1540 թվականին[4]։
1860-ական թվականներին, ինչպես նաև՝ 1873 թվականի տվյալներով՝ Սուրբ Գևորգ եկեղեցին արդեն ավերակ էր։
Գյուղի տարածքում է գտնվել նաև Կուսանաց մատուռը, որն, ըստ ավանդության, հիմնվել է Հռիփսիմյան կույսերի նշխարների վրա։ Մատուռը վերակառուցվել է 19-րդ դարում։ Ներկայումս ավերակ վիճակում է[5]։
Սալթաղի հյուսիսային կողմի բարձրադիր մասում է գտնվել գերեզմանատունը, որը վերաբերել է 12-16-րդ դարերին։ 19-րդ դարի վերջերին գերեզմանատանը եղել է մոտ 300 տապանաքար, իսկ ներկայումս դրանց թիվը հասնում է 23-ի, որոնցից արձանագիր են 8-ը։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին տապանաքարերն աստիճանաբար տեղահանվել են, իսկ վիմագրերը՝ եղծվել ու քայքայվել են[6]։ Գյուղին մոտ կա մի լեռ՝ «Հարս ու փեսա» անունով։
Ներկայումս գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանում՝ նույնանուն քաղաքից մոտ 20 կմ հյուսիս-արևելք և ադրբեջանաբնակ է[7]։
Օգտագործված գրականություն՝
Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։
Ա․ Այվազյան, Նախիջևան․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան 1995։
Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ, Երևան 1986։
Է․ Թաջիրյան, Նոր Ջուղան Եվրոպական աղբյուրներում 17-18-րդ դարերում, Մաս II, ՀՀ ԳԱ, Երևան, 2017։
Ա․ Եփրիկյան, Կաթոլիկ համայնքի դերակատարումը Նախիջևանում 17-18-րդ դարերում, «Ազգ, պետություն, հայրենիք, պետականության գաղափարը», 3-րդ միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան 2018։
Հայաստանի հարակից շրջանների տեղանունների բառարան, հ 4, ցուցակ 1, Երևան, 1998։
Նախիջևան, քարտեզագիրք․ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։
[1] Է․ Թաջիրյան, Նոր Ջուղան Եվրոպական աղբյուրներում 17-18-րդ դարերում, Մաս II, ՀՀ ԳԱ, Երևան, 2017, էջ 17։
[2] Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 387։ Նաև՝ Ա․ Եփրիկյան, Կաթոլիկ համայնքի դերակատարումը Նախիջևանում 17-18-րդ դարերում, «Ազգ, պետություն, հայրենիք, պետականության գաղափարը», 3-րդ միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան 2018։
[3] Հայաստանի հարակից շրջանների տեղանունների բառարան, հ 4, ցուցակ 1, Երևան, 1998, էջ 468։
[4] Նախիջևան, քարտեզագիրք, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012, էջ 24։
[5] Նույն տեղում։
[6] Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ, Երևան 1986, էջ 97։
[7] Գյուղն այժմ ադրբեջանաբնակ է և կոչվում է Saltag։