2026

Նախիջևանի Գաղ գյուղը

2026-03-02

Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի հայկական գյուղերից էր Գաղը։ Այն փռված է Երնջակ գավառի բարձրաբերձ լեռներից՝ Օձասարի արևելյան փեշերին։ Եղել է հնագույն բնակավայր, որտեղ հայ բնակչության կյանքը զարգացած է եղել վաղ միջնադարից մինչև ուշ միջնադար։ Այստեղ բնակություն են հաստատել շուրջ 700 տուն հայեր[1]։

Գյուղն առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարի հայ նշանավոր պատմագիր Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Վերջինս նշել է, որ գյուղը Տաթևի վանքին է վճարել տարեկան 12 դահեկան տուրք[2]։

Գյուղի հայ բնակչությունը մեծ վնասներ է կրել 17-րդ դարի սկզբներին՝ թուրք-իրանական պատերազմների, հատկապես՝ Շահ-Աբբաս Առաջինի, ապա՝ Նադիր շահի ասպատակությունների հետևանքով։ Գաղի հայ բնակչությունն ստիպված է եղել գաղթել հիմնականում Իզմիր, Կ․ Պոլիս և այլուր։ Գյուղի վերջին հայ ընտանիքները տեղափոխվել են Խորհրդային Հայաստան 1960-1964 թվականներին և բնակություն են հաստատել հիմնականում Երևանում և նրա շրջակայքում[3]։

Գաղեցի վաճառականները լայն առևտրական գործունեություն են ծավալել՝ հասնելով մինչև Եվրոպա։ Պահպանվել են այդ առևտրականների պատվերներով ընդօրինակված գրչագրեր[4]։

Գաղեցի առևտրականների մասին հիշատակություն կա Վենետիկում։ 1698-1725 թվականներին տեղի Սուրբ Մարկոսի տաճարի սյուներից մեկի վրա հիշատակվում է գաղեցի Հակոբի անունը։ Հիշվում են նաև տիրացու Աստվածատուրը, Հովհաննեսն ու Բաղին (Բաղդասարը)[5]։ 1571 թվականին Ֆլորենցիայում լատինահայ «Ճաշոց» է գրել ոմն տեր Աբել Գաղեցին[6]։

Դեռևս 19-րդ դարի սկզբներին պատմական Գաղի ավերակներում տեսանելի են եղել բազմաթիվ շինությունների և հուշարձանների հետքեր։ Գյուղի գերեզմանատանը պահպանվել են 1000-ից ավելի տապանաքարեր՝ 14-18-րդ դարերի արձանագրություններով։

Գյուղի հյուսիսարևմտյան կողմում՝ «Քարհեզների ձոր»-ում են գտնվում Գաղի հուշարձանների մի մասը։ Այստեղ են Սուրբ Գայանե մատուռի, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Նահատակ եկեղեցիների, Սուրբ Անապատ վանքի ավերակները։ Գյուղի շրջակայքում հայտնի են նաև Սուրբ Եղիա, Սուրբ Սարգիս և այլ մատուռների, բերդ-ամրոցի ավերակները[7]։

Հայտնի է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու աղբյուրը, որն ունեցել է բուժիչ հատկություններ։ Այն հայտնի է «Գյալ-Ջարաջուր» անունով։ Ավանդության համաձայն՝ սուրբ կույս Հռիփսիմեն, իր հետ բերած նշխարները թաքցրել է Գյաղ կոչված վայրում։ «Երբ անհավատները գտնում ու սպանում են Հռիփսիմեին, նույն տեղում նշխարների հրաշագործ զորությամբ մի աղբյուր է գոյանում, որը պետք է լվանար անմեղ զոհերի արյունը»[8]։ Ըստ ավանդության՝ Գաղ անունը ծագել է Հռիփսիմե կույսի նշխարներն այդ վայրում պահելուց, գաղելուց[9]։

Գաղի ճարտարապետական հուշարձանների շարքում նշանավոր է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքը, որը 1990-ական թվականների սկզբին կանգուն է եղել։ Այն հիմնադրվել է 12-13-րդ դարերում։ Հայտնի է, որ Գողթնի և Երնջակի մի շարք վանքերի ու եկեղեցիների հետ միասին այս վանքն էլ վերանորոգվել է 1658-1659 թվականներին՝ Մովսես և Փիլիպոս կաթողիկոսների կողմից[10]։ Եկեղեցու մուտքը եղել է արևմտյան ճակատից։ Եկեղեցին ունեցել է պահեստներ, գաղտնի թաքստոցներ, որտեղ պահվել են վանքի սրբություններն ու ձեռագրերը։ Այս եկեղեցու որմնանկարներն արվել են հարևան Շոռոթ ավանի Հովնաթանյանների տոհմի նկարիչների կողմից[11]։

Եկեղեցին եղել է նաև հայտնի գրչօջախ։ Մեզ են հասել այստեղ գրչագրված և 1657, 1666 թվականներով թվագրված ձեռագրեր[12]։

Եկեղեցու արևմտյան ճակատում տեղադրված են մի քանի վիմագիր խաչքարեր, որոնք վերաբերում են վանքի 16-17-րդ դարերի վերանորոգումներին։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես պահեստ։

Գաղը[13] ներկայումս գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, բնակեցված է ադրբեջանցիներով, որոնց առաջին մուտքը գյուղ եղել է 1965-1966 թվականներին։

Գրականության ցանկ՝

Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

Ստ․ Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986։

Առ․ Դավրիժեցի, Պատմություն, Երևան, 1988։

Ա․ Այվազյան, Շոռոթի և Գաղի եկեղեցական ճարտարապետական հուշարձանները, Էջմիածին, 1977, Համար Ե։

Ա․ Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969։

Մ․ Ղազարյան, Հայ կերպարվեստը 17-18-րդ դարերում, Երևան, 1974։

Հայկական սովետական հանրագիտարան, Հատոր 2, Երևան, 1976։

Նախիջևան, Քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։

[1] Ա․ Այվազյան, Շոռոթի և Գաղի եկեղեցական ճարտարապետական հուշարձանները, Էջմիածին, 1977, Համար Ե, էջ 51-52։

[2] ՍտՕրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 403։

[3] ԱԱյվազյան, Շոռոթի և Գաղի եկեղեցական ճարտարապետական հուշարձանները, Էջմիածին, 1977, Համար Ե, էջ 52։

[4] Հայկական սովետական հանրագիտարան, Հատոր 2, Երևան, 1976, էջ 664։

[5] Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 360։

[6] Նույնի՝ էջ 360։

[7] Ա․ Այվազյան, Շոռոթի և Գաղի եկեղեցական ճարտարապետական հուշարձանները, Էջմիածին, 1977, Համար Ե, էջ 52։

[8] Ա․ Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 101։

[9] Գաղել՝ թաքցնել, պահել, ծածկել։

[10] Առ․ Դավրիժեցի, Պատմություն, Երևան, 1988, էջ 278։

[11] Մ․ Ղազարյան, Հայ կերպարվեստը 17-18-րդ դարերում, Երևան, 1974, էջ 171-173։

[12] Նախիջևան, Քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012, էջ 22։

[13] Ներկայումս գյուղն ադրբեջաներենով կոչվում է Qağ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում