2026

Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը Թուրքիայի վրա

2026-02-18

2024-2025 թվականներին Անկարայի և Բաքվի միջև գոյություն ունեցող հակասություններն արտահայտվել են առանձնահատուկ դրսևորումներով՝ չնայած երկու երկրների միջև առկա համատեղ ծրագրերին, ստորագրված փաստաթղթերին ու առերևույթ ներդաշնակ արտաքին քաղաքականությանը։

Այդ երկու պետությունների միջև առկա խնդիրների առանցքային տիրույթում են Հայաստանն ու Արցախի հարցը, քանզի հենց այդ համատեքստում են նկատելի, թե որտեղ է ավարտվում փոխգործակցությունը, և որտեղ են սկիզբ առնում հակասությունները։ Թեև Թուրքիան ունի ռազմաքաղաքական բավականին մեծ ազդեցություն Ադրբեջանի նկատմամբ, սակայն վերջինը տիրապետում է լծակների, որոնք էլ Թուրքիային երբեմն հարկադրում են հաշվի նստել Բաքվի հետ:

Այսպես՝ դեռևս 1990-ական թվականներից սկսած՝ Բաքուն մշտապես հակադրվել է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու կամ կարգավորելու թուրքական մոտեցումներին՝ էներգետիկ, ֆինանսական, ժողովրդագրական լծակների բանեցմամբ տապալելով կարգավորման բոլոր գործընթացները, հարկադրելով փակ պահել Հայաստան-Թուրքիա սահմանը։

Ի սկզբանե, Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչած Թուրքիան դեռ 1993 թվականին է միակողմանիորեն փակել Հայաստանի հետ սահմանը՝ այն մեկնաբանելով որպես պատասխան «Ադրբեջանի տարածքի օկուպացիայի»։ Հետագայում սահմանի հնարավոր բացման և հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցությունները պարբերաբար ընդհատվել են Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով։ Ըստ էության՝ Բաքվից Անկարային պահանջագիր է ներկայացվել՝ «Ղարաբաղի հարցի չլուծման պայմաններում Հայաստանի հետ սահմանը չբացել»։

2009 թվականի ապրիլին՝ Հայաստան-Թուրքիա հերթական երկխոսության շրջանում, Թուրքիայի ադրբեջանաբնակ վայրերում (հատկապես՝ ադրբեջանականացվող Իգդիրում) զանգվածային ցույցեր են սկիզբ առել՝ ընդդեմ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման վերաբերյալ Անկարայի մտադրության: Հուզումները մարել են, երբ թուրքական կողմը վստահեցրել է, որ «հայ-թուրքական բանակցություններում Ադրբեջանի շահերն ու Լեռնային Ղարաբաղի գործոնը չեն կարող երկրորդային լինել»:

2011 թվականին՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Կարսի ադրբեջանական համայնքն ընդդիմացել է Հայաստանի հետ բարեկամությանն ու հաշտությանը նվիրված «Մարդկության հուշարձանի» տեղադրմանը քաղաքում: Արդյունքում՝ ընտրություններում պարտվելու մտավախությամբ և տեղի ադրբեջանցիների պահանջով՝ Էրդողանը հուշարձանն անվանել է «հրեշավոր»՝ հանձնարարելով քանդել այն։   

Ադրբեջանական ազդեցության տիրույթում հայտնված Կարսում գործող «Կովկասյան համալսարանի» ադրբեջանցի ուսանողներն իրենց հերթին 2019 թվականին բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ «Համահայկական խաղերի» կազմկոմիտեի պատվիրակության այցի՝ տեղի քուրդ բնակչությանը կոչ անելով նույնպես իրենց միանալ։  

2014 թվականի հունիսին Թուրքիայի նախագահի անունից Ալիջանի (Մարգարա) սահմանային անցակետը բացելու որոշման մասին տեղեկություն է տարածվել (որը, սակայն, ավելի ուշ հերքվել է), դրան հաջորդել են 2014 թվականի օգոստոսյան մարտերը: Հուլիսի 9-ին Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիոն ներթափանցմամբ մտել են Քարվաճառի հայկական գյուղեր, սպանել քաղաքացիական անձանց։ Նույն օրը գնդակոծվել են Տավուշի մարզի գյուղերը, ինչը վերաճել է մարտական գործողությունների Արցախի և Հայաստանի սահմանների տարբեր հատվածներում: Մարտերն ավարտվել են օգոստոսի 10-ին, երբ Սոչիում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։ Դրանով, փաստորեն, Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ խոսակցությունները մոռացվել են: 

Մեկ այլ ուշագրավ միջադեպ գրանցվել է 2022 թվականի հուլիսի 1-ին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրն Ադրբեջանը երկու ամսով միակողմանիորեն փակել է Նախիջևանի՝ Թուրքիայի հետ բացված սահմանը՝ կրկին պատճառաբանելով համաճարակային իրավիճակով։

Տարածաշրջանն ապակայունացնելու հնարավոր սպառնալիքի կիրառմամբ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստան-Թուրքիա սահմանին նախատեսված երկկողմ հանդիպումը չեղարկվել է նախորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի արևելյան սահմանների վրա ադրբեջանական հարձակման և Վարդենիսից Տեղ ձգվող հատվածում հայկական տարածքների օկուպացիայի պատճառով։ Կարող ենք նշել, որ տարածաշրջանն ապակայունացնելու սպառնալիքով Ադրբեջանը Թուրքիայի նկատմամբ քաղաքական ազդեցություն է բանեցնում։

2025 թվականի մարտի 21-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը ժամանակավորապես բացվել է հայկական մարդասիրական օգնության բեռնատարները Թուրքիայի տարածքով Սիրիա տեղափոխելու նպատակով։ Այս դեպքում էլ Ադրբեջանը բուռն է արձագանքել՝ ցուցադրելով իր դժգոհությունն Անկարայի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ։ Բաքուն թուրքական կողմին մեղադրել է «Ադրբեջանին դավաճանելու և իմպերիալիստական ուժերի ու Եվրամիության բարեհաճությունը շահելու նպատակով արևմտամետ Հայաստանին օգնելու համար»:

Սակայն, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համատեքստում առանցքային են նաև երկու երկրների նախագահների անձնական փոխազդեցությունները։ Որոշ իրադարձություններ ի ցույց են դնում, որ «եղբայրությունը» միայն շահերի համընկնում է։ Այսպես՝ եթե Ալիևի հեղինակությունն իր երկրում մեծապես կապված է նաև Էրդողանի «եղբայրը» համարվելու հետ, ապա Էրդողանը Թուրքիայի նախագահ է, կարելի է ասել, նաև Ալիևի միջամտության արդյունքում։

Թուրքիայի նախագահական ընտրություններում Բաքվի ուղղակի և անուղղակի միջամտության մասին փաստում են ոչ միայն փորձագետները, այլև՝ ադրբեջանական մամուլում, ինչպես նաև՝ Թուրքիայի ադրբեջանապատկան լրատվամիջոցներում Էրդողանի հաղթանակին նպաստող քարոզչական հրապարակումները։ Դրանք ուղեկցվել են ոչ միայն Էրդողանի մրցակիցների վարկաբեկումներով, այլև՝ Թուրքիայի՝ ադրբեջանցիների քվեն դեպի իշխող նախագահն ուղղելու նպատակով։

Սա լավագույնս վկայում է Ալիևի անձնական ազդեցությունն Էրդողանի և, ըստ այդմ, Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։ Շահերի բախման դեպքում, ակնհայտորեն, Բաքուն Անկարային պիտի հիշեցնի իր աջակցության մասին։ Ուշագրավ է, որ այստեղ ևս առանցքում տարածաշրջանային շահերն են, իսկ ավելի շատ՝ Հայաստանի հետ հարաբերությունները։ Մասնավորապես՝ ադրբեջանական մամուլը խորը անհանգստությամբ է մեկնաբանել Էրդողանի մրցակից Քըլըչդարօղլուի նախընտրական կարգախոսը, ըստ որի՝ Ասիան Եվրոպային կկապվի Թուրքիայի միջոցով (ըստ հրապարակած քարտեզի՝ շրջանցելով Ադրբեջանը և Հայաստանի տարածքով «միջանցքը»)։ Սա ներկայացվել է Բաքվի համար սպառնալիքների ստեղծում, եթե ընդդիմադիր գործիչն ընտրվի։ Ըստ կարծիքների՝ նման մոտեցումները ենթադրում են տարածաշրջանային հարցերում և Հայաստանի հանդեպ քաղաքականության մեջ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության դադարեցում։ Փոխարենը շեշտվել է, որ Էրդողանի հաղթանակը կարող է էլ ավելի արձակել Ալիևի ձեռքերը՝ տալով նրան առավել անկաշկանդ գործելու հնարավորություններ։

Քաղաքական ազդեցությունից զատ՝ ակնհայտորեն մեծ է նաև Ադրբեջանի տնտեսական ազդեցությունը Թուրքիայում։ Վերջինը ոչ միայն ադրբեջանական էներգակիրներ ներմուծող է, այլև՝ դրանք տարանցող։ Այս բնագավառն Անկարային բյուջետային հսկայական մուտքեր և դրան ածանցվող տնտեսական ակտիվություն է ապահովում։ Այս հանգամանքը Բաքուն, որպես ազդեցություն, բանեցնում է Անկարայի նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում դրա միջոցով նաև ճնշում գործադրելու։ Այսպես՝ 2009 թվականին՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանում, Ադրբեջանը Թուրքիա մատակարարվող գազի գինը գրեթե կրկնակի թանկացրել էր՝ սպառնալով էլ ավելի բարձր սակագին սահմանել «Ադրբեջանի շահերն անտեսելու համար»։

Օգտվելով թուրքական տնտեսության ճգնաժամային իրադրությունից` Բաքուն, Անկարայի հանդեպ ազդեցությունը մեծացնելու նպատակով, գործի է դնում նաև ֆինանսական կարողությունները: Ադրբեջանական մանաթը՝ ներդրումների կամ արտաքին պարտքի տեսքով, Թուրքիայի տնտեսության համար երբեմն իսկապես փրկօղակ է: 2022 թվականին, օրինակ՝ թուրքական արժույթի որոշակի կայունացումը հնարավոր է դարձել Ադրբեջանի Նավթային հիմնադրամի (SOFAZ) կողմից Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրո ավանդ ներդնելու շնորհիվ: Սրան կարող ենք ավելացնել նաև տեխնիկական այն ծավալուն աջակցությունը, որ պարբերաբար տրամադրել է Ադրբեջանը Թուրքիային՝ բնական աղետների հետևանքների վերացման հարցում:  

Ադրբեջանը միլիարդավոր դոլարների ներդրումներ է կատարում Թուրքիայում` փափուկ ուժի քաղաքականության միջոցով իր տարածքում փորձելով հակադարձել թուրքական նմանատիպ գործողություններին: Հաշվի առնելով ադրբեջանական ներդրումների ծավալների գերազանցությունը` ակնհայտ է, որ դրանք Բաքվի համար ազդեցության բանեցման կարևոր դերակատարներ են: Այս մասին են վկայում, օրինակ՝ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից Թուրքիայում ավելի քան 20 մլրդ դոլարի ներդրում կատարած լինելու մասին պարբերաբար հնչող հիշատակումները: Ընդ որում` այդպիսի հայտարարություններ Բաքվից արվում են` բովանդակությունը կապելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ:

Նշենք, որ Թուրքիայի տնտեսությունում ներգրավված են ադրբեջանական ավելի քան 3000 ընկերություններ։ Դրանցից «SOCAR»-ը Թուրքիայում օտարերկրյա ամենամեծ ներդրողն է, որն իրականացնում է ռազմավարական նախագծեր նավթավերամշակման, նավթաքիմիական արդյունաբերության և բնական գազի ոլորտներում։

Այս և բազմաթիվ այլ օրինակներ լավագույնս վկայում են, որ Ադրբեջանը Թուրքիայի նկատմամբ քաղաքական և տնտեսական մեծ ազդեցություն ունի, ինչը բանեցնում է ըստ անհրաժեշտության և հնարավորության: Օգտվելով Թուրքիայի «թուլություններից» և պատեհ իրավիճակից` Բաքուն սեփական շահերն է առաջ մղում տարածաշրջանում, առաջին հերթին՝ Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության մեջ: Ներկայումս Ադրբեջանը Թուրքիայի նկատմամբ ֆինանսատնտեսական, ժողովրդագրական ու քաղաքական գործիքակազմ է կիրառում` հնարավորինս սահմանափակելով թուրքական մոտեցումները Հարավային Կովկասում ու Հայաստանի հետ հարաբերություններում:  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում