2025

Բաքվի «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն»-ը և նրա հակահայկական քարոզչության գործիքակազմը

2025-12-01

Բաքվում գործող և փորձագիտական մակարդակով հակահայկական քարոզչություն իրականացնող «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն»-ը (ՄՀՎԿ կամ CAIR կամ AIR Center։ Center of Analysis of International Relations)՝ որպես ուղեղային կենտրոն, ակտիվորեն մասնակցում է միջազգային տարբեր օրակարգերի վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման մշակման ու ներկայացման, տարաբնույթ հարթակներում Բաքվի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների լուսաբանման աշխատանքներին։ Լինելով Բաքվի քարոզչական պետական կառույցներից՝ այն ակտիվորեն համագործակցում է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի ու արտաքին քաղաքականությունը ձևավորող այլ կառույցների հետ։ Փաստացի՝ կենտրոնը ծառայում է Ադրբեջանի ԱԳՆ-ի, նախագահի աշխատակազմի և միջազգային հարաբերությունների հարցերով զբաղվող պետական այլ կառույցների փորձագիտական և խորհրդատվական մարմիններին։ 

Կենտրոնի ստեղծում

«AIR Center»-ը ստեղծվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2019 թվականի փետրվարի 6-ի հրամանագրով: 2019 թվականի ապրիլի 19-ին Ալիևի մեկ այլ հրամանագրով հաստատվել է կենտրոնի կանոնադրությունը, ինչից հետո այն պաշտոնապես սկսել է իր գործունեությունը։ Կենտրոնի ղեկավարությունը նշանակվում և ազատվում է անմիջապես Ադրբեջանի նախագահի կողմից։ Ըստ կանոնադրության՝ կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ադրբեջանի նախագահն ու տնօրենների խորհուրդը։ «AIR Center»-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Ադրբեջանի նախագահին։ Նա է իրականացնում նաև կառույցի լուծարումն ու վերակազմակերպումը։

2019 թվականից ի վեր կենտրոնի նախագահն է Ֆարիդ Շաֆիևը։ Նա Ադրբեջանի արտաքին քաղաքական նարատիվների, առաջնահերթությունների, քարոզչական թեզերի մշակման ու դրանք միջազգային հանրությանը ներկայացնելու գործընթացում առացքային դերակատարում ունեցող անձանցից է: Շաֆիևը սերտ կապեր ունի երկրի ղեկավարության հետ և հաճախ միջազգային միջոցառումների ժամանակ փոխանցում է Բաքվի պաշտոնական դիրքորոշումները։ Կառույցի խորհրդի անդամներն են Գյուլշան Փաշաևան և Ջավիդ Վալիևը։

Փաշաևան մասնագիտացած է հակամարտությունների կարգավորման, անվտանգության ուսումնասիրությունների, գենդերային հարցերի և լեզվական քաղաքականության ոլորտներում։

Ջավիդ Վալիևը 2005-2009 թվականներին աշխատել է Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարական հետազոտությունների կենտրոնում (TUSAM), 2009-2019 թվականներին՝ Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնում, որտեղ 2015-2019 թվականներին զբաղեցրել է արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարի պաշտոնը: Վալիևը ևս իր հրապարակումներում Բաքվի քարոզչական թեզերն է առաջ մղում, նույնիսկ պնդում, թե իբր Հայաստանը բռնի վտարել է ադրբեջանցիներին և դա որակում է որպես «էթնիկ զտում»։

Հիմնադրումից ի վեր «AIR կենտրոն»-ը գործընկերային լայն ցանց է ստեղծել՝ այլ վերլուծական կենտրոնների և կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով: Սա միջազգային մակարդակով իր լեգիտիմությունն ամրապնդելու և ադրբեջանական նարատիվների ազդեցությունն ընդլայնելու ռազմավարության մի մասն է։ Համաձայն կայքում տեղադրված գործընկերների պաշտոնական ցանկի՝ կենտրոնը համագործակցության հուշագրեր է կնքել կամ կապեր է հաստատել շուրջ 40 վերլուծական և գիտական կազմակերպությունների հետ։ Օրինակ՝ գործընկեր կենտրոններից են՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնը (AVİM), ANKASAM-ն՝ Անկարայի ճգնաժամային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնը։

«CAIR»-ը համագործակցում է նաև եվրոպական տարբեր երկրների, ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, Իրանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, ՌԴ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Կենտրոնական Ասիայի երկրների վերլուծական այլ կենտրոնների հետ։

Գործունեության նպատակներն ու ֆինանսավորումը

ՄՀՎԿ-ի պաշտոնական կայքում նշված է, որ կենտրոնի հիմնական նպատակն է ուսումնասիրել Ադրբեջանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող կարևոր գործընթացները, միջազգային հարցերի վերաբերյալ պատրաստել հետազոտական նյութեր և զեկույցներ։ Որպես նպատակ նշված է նաև Հարավային Կովկասում անվտանգության գործընթացների ու խնդիրների ուսումնասիրությունը, Ադրբեջանին վերաբերող հետազոտությունների շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև՝ դրանց քննարկումը միջազգային հանրության և ակադեմիական շրջանակների հետ։   

Իսկ ահա կայքի անգլալեզու տարբերակում նշված է, թե կենտրոնի առաքելությունն է «բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունն Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հետհակամարտային շրջանի և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ»։

«CAIR»-ը պատրաստում է զեկույցներ, հոդվածներ և առաջարկություններ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝ Ղարաբաղյան հակամարտությունը, թյուրքական պետությունների միջև համագործակցությունը, Սև և Կասպից ծովերի անվտանգությունն ու Ադրբեջանի հարաբերությունները Եվրոպայի, Աֆրիկայի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի ու այլ կենտրոնների հետ։ Սակայն, կառույցի ուսումնասիրությունների հիմնական թիրախներն են Հայաստանն ու ԼՂ-ի հակամարտությունը։ Այդ մասին ընդգծված է նաև կենտրոնի կանոնադրության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրում։ Ըստ այդմ՝ կենտրոնի գործունեության ուղղություններից է ԼՂ հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ հետազոտություններ անցկացնելը, այդ և այլ խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելը, ուղիներ գտնելը։

«AIR Center»-ն իր կայքում առանձնացնում է հիմնական 5 նախագծեր՝ Հետկոնֆլիկտային շրջան. Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ, Չմիավորման շարժում, Եվրասիական կապեր և միջին միջանցք, Թյուրքական պետությունների կազմակերպություն, COP29:

«AIR Center»-ի սկզբնական գրանցված կապիտալը 100.000 մանաթ է: Ըստ Ի․ Ալիևի՝ կառույցի կանոնադրության վերաբերյալ 2019 թվականի ապրիլի 19-ի հրամանագրի՝ կենտրոնը ֆինանսավորվում է կանոնադրական հիմնադրամից, պետական բյուջեից հատկացված միջոցներից, իր գործունեությունից ստացված եկամուտներից, նվիրատվություններից, դրամաշնորհներից, ներգրավված ներդրումներից և օրենքի համաձայն ստացված այլ միջոցներից։ Կենտրոնը նաև իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իր գործունեությունից ստացված շահույթը։

«AIR Center»-ի կայքում ներկայացված 2020, 2021, 2022 և 2023 թվականների ֆինանսական աուդիտի տվյալներով՝ 4 տարիների համար կենտրոնի աշխատավարձի ծախսերը կազմել են 7,581,131.86 մանաթ (3,9 մլն ԱՄՆ դոլար)։ 2023 թվականին ընդհանուր աշխատավարձը կազմել է 2,202,440.27 մանաթ, որն աճել է 2022 թվականի համեմատ (1,891,038.68 մանաթ)։ Միջին ամսական աշխատավարձը, եթե 2020 թվականին կազմել է 4,600 մանաթ (2,350 ԱՄՆ դոլար), ապա 2023 թվականին՝ 6,350 մանաթ (3,240 ԱՄՆ դոլար)։

Հակահայկական քարոզչություն, հրապարակումներ

Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պետական դիրքորոշումներն արտացոլված են «AIR Center»-ի հրապարակած վերլուծություններում, հոդվածներում, գրքերում ու զեկույցներում։ Դրանցում Հայաստանը հաճախ ներկայացվում է որպես ագրեսոր, արդարացվում են Ադրբեջանի ռազմական գործողությունները, առաջ են մղվում ծավալապաշտական պահանջներ, ինչպիսին «Արևմտյան Ադրբեջան» (պաշտոնական Բաքուն այդպես է անվանում ՀՀ տարածքը) կեղծ թեզն է։ Հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կետրոնն ակտիվորեն լծվել է Հայաստանի դեմ գործունեությանը՝ շատ դեպքերում արդարացնելով ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ու իրականացրած էթնիկ զտումը։    

Մասնավորապես՝ 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի է ունեցել Ջավիդ Վալիևի «Հայ ազգայնական իրրեդենտիզմը և ղարաբաղյան պատերազմները» գրքի շնորհանդեսը։

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի պատմության և ազգագրության ինստիտուտի գիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Իլգար Նիֆթալիևը բարձր է գնահատել գրքում հայկական սփյուռքի արխիվների, հայ հեղինակների աշխատանքների հիշատակումը։ Նա նշել է, թե այն փաստը, որ խորհրդային շրջանում Ղարաբաղի պատմությունը հիմնականում ուսումնասիրվել է հայ հեղինակների կողմից, նպաստել է հայկական իրրեդենտիզմի (ծավալապաշտության) տարածմանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի անկախության վերականգնումից հետո այս ոլորտում կարևոր հետազոտություններ են անցկացվել, որոնք օգտագործվել են որպես տեղեկատվական պատերազմի բաղադրիչ մաս։

Փաստացի՝ Նիֆթալիևը ընդունում է, որ նման աշխատանքներն ու փսևդոհետազոտությունները Բաքուն իրականցնում է քարոզչական նպատակներով՝ Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմ մղելով։

2024 թվականի մայիսին կենտրոնը պատրաստել է «Ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան» թեմայով զեկույց, որն իբր «լույս է սփռում Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման վրա և հստակ ձևակերպում է ադրբեջանցիների հայրենիք վերադարձի քաղաքականության առաջարկները»։ Ընդգծված է նաև, թե «զեկույցը հստակ արթնացման կոչ է միջազգային քաղաքականության մշակողների և փորձագետների համար, որոնք բարձրացնում են հայերի վերադարձի հարցը Ադրբեջանի Ղարաբաղի շրջան՝ միաժամանակ աչք փակելով Հայաստանից բռնի կերպով արտաքսված ադրբեջանցիների ճակատագրի վրա»։

Իրականում զեկույցի բուն նպատակն ադրբեջանական քարոզչական կեղծ թեզերով Արցախ հայերի վերադարձի միջազգային արշավի ջանքերին հակազդելն ու խոչընդոտելն է՝ արդարացնելով արցախահայության էթնիկ զտումը։ Այսպես Բաքուն փորձում է հայելային իրավիճակ ստեղծել՝ բարձրացնելով Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել՝ «ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից»։ Նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ, բռնի տեղահանում։ Վերջին փաստն էլ 2023 թվականի աշնանն էր, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։

Ադրբեջանական նույնպիսի թեզերով ու տրամաբանությամբ մեկ այլ զեկույց՝ «Ինչո՞ւ ժամանակակից Հայաստանի տարածքներում ադրբեջանցիներ չկան» վերնագրով, ներկայացվել է 2024 թվականի դեկտեմբերի 3-ին, որը «AIR Center»-ը պատրաստել է թուրքական Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի (AVİM) հետ համատեղ։

Քարոզչական ուշագրավ մեկ այլ զեկույց կենտրոնը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերին «Վարձկանների և օտարերկրյա մարտիկների օգտագործումը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ» վերնագրով։ Այստեղ նշված է, որ իբրև թե կան տեղեկություններ Հայաստանի կողմից օտարերկրյա զինյալների, այդ թվում՝ վարձկանների ներգրավվածության մասին։

Ուշագրավ է, իհարկե, թե ինչպես է ադրբեջանական պետական վերլուծական կետրոնը Բաքվի կողմից կատարված հանցանքները բարդում հայկական կողմի վրա, երբ անգամ ՄԱԿ-ն է փաստարկել Թուրքիայի օգնությամբ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը։

Արցախում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ու հայկական հետքի ոչնչացման միջազգային արձագանքին հակադարձելու փորձ է արված «AIR Center»-ի՝ «Ադրբեջանի մշակութային և պատմական ժառանգության յուրացումը Հայաստանի կողմից» զեկույցում, որը հրապարակվել է 2021 թվականի հուլիսին։

Զեկույցում նշված է, թե «այն ուսումնասիրում է Հայաստանի կողմից ադրբեջանական մշակույթի և ժառանգության յուրացման քաղաքականության տարբեր կողմերը»։ Իբր անդրադարձել են Ղարաբաղի մշակութային ժառանգության «արտեֆակտների թալանի հարցին և ադրբեջանական հուշարձանների կեղծման քաղաքականությանը՝ Ադրբեջանի պատմական և կրոնական հուշարձանների «հայացման» և «պարսկացման» միջոցով։

Հավելենք, որ պաշտոնական Բաքուն, հավատարիմ մնալով Ադրբեջանի տարբեր բնակավայրերում, Նախիջևանում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչանցման, յուրացման տասնամյակների ավանդույթին, այժմ այդ գործունեությունը շարունակում է Արցախում՝ 44-օրյա պատերազմից ու 2023 թվականի սեպտեմբերին իրականացրած էթնիկ զտումից հետո։ Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հետ չի պահում Ադրբեջանին այս գործողություններից: Որոշումն Ադրբեջանին պարտավորեցնում էր «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման այն գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա, ներառյալ, բայց չսահմանափակվելով, եկեղեցիներով, այլ պաշտամունքի վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով»։

Ադրբեջանի իշխանությունների կողմից արվող հայտարարություններին ու գործողություններին զուգահեռ՝ կենտրոնը նաև պետական քարոզչական թեզերով ու նարատիվներով զեկույցներ ու հետազոտություններ է հրապարակում միջազգային լսարանի համար։

Այսպես՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակվել է «AIR Center»-ի կենտրոնի խորհրդի անդամ Ջավիդ Վալիևի «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությունների իրավական, քաղաքական և ռազմական պատճառները» վերնագրով հոդվածը, որը հրապարակվել է նաև թուրքական Daily Sabah լրատվամիջոցում։

Այս նույն տրամաբանությամբ կենտրոնի փորձագետները 2023 թվականի նոյեմբերի 23-ին զեկույց են ներկայացրել «Լաչին-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհի շուրջ վեճը» վերնագրով։ Այստեղ նշված է, որ վերջին երեք տարիների ընթացքում «Լաչին-Խանքենդի ճանապարհին (Լաչինի միջանցքի մասին է խոսքը) տեղի ունեցած իրադարձությունները հայերի կողմից ակտիվորեն ներկայացվել են «շրջափակում, էթնիկ զտում և մարդասիրական ճգնաժամ տերմիններով»։ Բաքվի պետական քարոզչամեքենան միջազգային լսարանին կեղծիքներով փորձում է համոզել, թե իբր Լաչինի միջանցքի փակում, շրջափակում, Արցախում հումանիտար ճգնաժամ ու էթնիկ զտում չի եղել։

«CAIR»-ը տարբեր հրապարակումներ ունի նաև Հայաստանի ու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների համագործակցության վերաբերյալ, որոնցում ներկայացված են պաշտոնական Բաքվի դժգոհությունները։ Այդպիսիք են, օրինակ՝ «Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը. երկկողմանի սուր Կովկասում», «ԵՄ-ն բաժանված է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շուրջ», «Հնդկաստան. Հայաստանի նորահայտ դաշնակիցը Ադրբեջանի դեմ», «Հայաստանին ռազմական մատակարարումները սրում են լարվածությունը Հարավային Կովկասում» ու այլ հոդվածներ, որոնք հրապարակվել են նաև միջազգային մի շարք հարթակներում։

Վերջերս էլ կենտրոնը հրատարակել է «Հայկական սփյուռքը Մերձավոր Արևելքում. պատմություն, կրոն, քաղաքականություն, մշակույթ, լրատվամիջոցներ, կրթություն և հասարակական գործունեություն» գիրքը։ Այն նվիրված է Մերձավոր Արևելքի հինգ երկրներում՝ Լիբանանում, Պաղեստինում, Սիրիայում, Եգիպտոսում և Հորդանանում գործող հայկական սփյուռքին։

Հակահայկական միջոցառումներ

«AIR Center»-ը պարբերաբար կազմակերպում է նաև հակահայկական բովանդակությամբ տարաբնույթ միջոցառումներ։ Մասնավորապես՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կենտրոնը Բաքվում կազմակերպել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հիմնական խոչընդոտը» խորագրով միջազգային կոնֆերանսը։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 120 մասնակիցներ, այդ թվում՝ միջազգային և տեղական փորձագետներ, ինչպես նաև՝ դիվանագիտական ներկայացուցիչներ։

2025 թվականի հունվարի 31-ին «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը» կազմակերպել է հակահայկական ու հակաֆրանսիական նրբերանգներով «Ֆրանսիան և հայ-ադրբեջանական հակամարտությունը» խորագրով միջազգային կոնֆերանսը։ Բանախոսները Ֆրասիային մեղադրել են հստակ հայամետ դիրքորոշում որդեգրելու մեջ՝ նշելով,թե եթե մինչև 2020 թվականը Ֆրանսիան գաղտնի աջակցում էր Հայաստանին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո սկսել է բացահայտորեն ցուցադրել իր հակաադրբեջանական դիրքորոշումը։

Ադրբեջանի դիվանագիտական ADA համալսարանն ու «AIR կենտրոնը» համատեղ 2025 թվականի ապրիլին կազմակերպել են Քաղաքականության 7-րդ ֆորումը։ «Դիմակայել նոր աշխարհակարգին» վերտառությամբ միջազգային ֆորումին մասնակցել են 44 երկրների 80 միջազգային փորձագետներ և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։ Ուշագրավ է, որ համաժողովն առաջին օրն անցկացվել է հայաթափված ու էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում, որտեղ ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  

2025 թվականի հունիսի 5-ին կենտրոնի կողմից կազմակերպվել է «Քարերը խոսում են լռության մեջ. Ադրբեջանի ժառանգության պաշտպանությունը» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են պետական կառույցների, դեսպանատների, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել «Ժամանակն է քարերը հավաքել» գրքի շնորհանդեսը, որն իբրև թե ներկայացնում է «ադրբեջանցիների պատմական ներկայությունը՝ որպես բնիկ բնակիչներ, ժամանակակից Հայաստանի տարածքում»։

2025 թվականի սեպտեմբերի 29-ին Բաքուն հյուրընկալել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների վերլուծական կենտրոնների համաժողովը։ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը՝ որպես տարածաշրջանային դերակատար գլոբալ անորոշության դարաշրջանում» վերնագրով միջոցառմանն ակտիվ մասնակցություն է ունեցել «AIR կենտրոն»-ը, որի նախագահ Ֆարիդ Շաֆիևն իր ելույթում խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Շաֆիևը նշել է, որ «Դիվանագիտական բանակցություններն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մեր տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում։ Զանգեզուրի միջանցքի իրականացման աճող հեռանկարները նոր հնարավորություններ են բացում թյուրքալեզու պետությունների միջև հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում»։

Ադրբեջանի նախագահին կից «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն»-ը, փաստացի, ակտիվորեն շարունակում է իր բազմաոլորտ հակահայկական գործունեությունը միջազգային հանրության շրջանում՝ ադրբեջանական քարոզչական նարատիվների տարածմամբ։ «AIR Center»-ը Ադրբեջանի արտաքին քաղաքական ապարատի անբաժանելի մասն է կազմում ու մնում է քարոզչական ազդեցիկ գործիքներից մեկը։  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում