2025
2025-11-24
Հայկական Կախ բնակավայրը գտնվել է պատմական Աղվանքի հյուսիսում։ Հայերն այստեղ բնակություն են հաստատել ուշ միջնադարում։ Դեռևս 17-րդ դարից Կախում հիշատակվել են առևտրական գործունեություն ծավալած հայեր։ 18-րդ դարում (1766 թվական) Կախը եղել է հայկական գրչօջախ, որտեղ գրչություն է արել Սայաթ-Նովան (տեր Ստեփանոս)։
20-րդ դարի սկզբին Կախում ուսուցչություն է արել անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հայրը՝ Սարգիս Իսրայելյանը, ով գրել է․ «Դեռ 1770 թւականներին Հին Նախիջևանի գաւառից մի քանի հայեր առևտրական նպատակով գալիս են այս կողմերը և ցրւելով զանազան վրացական և թրքական գիւղեր՝ սկսում են պարապել վաճառականութեամբ»։
1890 թվականի մեկ այլ հաղորդման մեջ ասված է․ «Թէև Աղուանից հայերից ոչ ոք չէր մնացել Կախում, բայց 1826 թուից յետոյ սկսեցին վաճառականութեան նպատակով գալ ագուլեցիք․ նրանց վաճառականութիւնը ձեռնտու լինելով Կախում, սկսեցին հետզհետէ ստուարանալ և բնակութիւն հաստատել»։
Ըստ Մակար Բարխուդարյանցի՝ Կախի հայերը հիմնականում ծագումով Ագուլիսից, Արցախից և Գանձակից են։ Մեկ այլ տեղեկության համաձայն՝ տեղափոխվածների մեծ մասն Ագուլիսից ու Ցղնայից են։
Կախում հայերը հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով։ 1872 թվականին հայերն այնտեղ ունեցել են մոտ 70 կրպակ։
Կախի հայերը սկզբում հաճախել են դեռևս 1874 թվականին բացված պետական (ռուսական) դպրոց։ 1885 թվականին Կախի հայ քահանա Հովհաննեսի ջանքերով փորձ է արվել տեղի հայ երեխաների համար հայերենով պարապմունքներ սկսել։ 1894 թվականին Կախի Հովհաննիսյանց ընտանիքը նոր բացվելիք հայկական Սուրբ Մարիամյան օրիորդաց դպրոցին նվիրել է մի տուն՝ իր բակով։ Սակայն դպրոցի բացումը հայերը հաջողել են միայն 1906 թվականին։ Դպրոցը երկսեռ հաստատություն է եղել, ուր 1908 թվականին աշխատել է երկու ուսուցիչ և սովորել 82 աշակերտ։ Ե՛վ 1909 թվականին, և՛ 1914 թվականին դպրոցն ունեցել է 70 աշակերտ և 3 ուսուցիչ։ Դպրոցի հետագա գործունեությունն հիմնականում ապահովել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Զաքաթալայի բաժանմունքը։ Կան հիշատակություններ այն մասին, որ հայ բարեգործներն ու բարեգործական ընկերությունները դպրոցի գրադարանին նվիրել են գրքեր։ 1914 թվականին դպրոցի հոգաբարձության նախագահն է եղել Ստեփան Անագչյանը, իսկ քարտուղարը՝ ավագ ուսուցիչ Արշակ Տեր-Ավագյանը։ 1915 թվականի տվյալներով դպրոցը դեռևս շարունակել է գործել։
Կախ բնակավայրում եղել է նաև Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին՝ կառուցված 1840 թվականին։ Տարբեր տարիներին այստեղ հոգևոր ծառայություն են իրականացրել Գրիգոր Դադյանը, տեր Հովհաննես քահանան, Մելիքսեդեկ Սահակյան Սլդրյանը։ 1887 թվականին ագուլեցի մի վաճառական եկեղեցուն նվիրել է Գևորգ Բաշինջաղյանի նկարներից՝ Աստվածամոր և Հիսուսի պատկերով։ Խորհրդային տարիներին տեղի ադրբեջանական իշխանությունները քանդել են եկեղեցին։ Ադրբեջանցիներն ավերել և ոչնչացրել են նաև հայկական գերեզմանոցը։ Կախում գտնվող վրաց եկեղեցու բակում դեռևս 1980-ական թվականներին պահպանված են եղել հայերի տապանաքարեր։ Դրանցից մեկի վրա փորագրված է եղել «Եղիսաբէթ Սարգսեան Հախվերդեանց, // 1883-1910։ // Елизавета Сергеевна Ахвердова» գրությունը։
1890-ական թվականներին Կախի հայ բնակչության թիվը եղել է 382 մարդ, 1902 թվականին՝ 411։ 1908 թվականին Կախում ապրել է 382, իսկ 1914 թվականին՝ 335 հայ։
1905 թվականի հայ-թաթարական կռիվների ժամանակ Կախի հայությունը նույնպես տուժել է՝ կրելով տնտեսական կորուստներ։
Կախի բնակչությունը, 1914 թվականի տվյալներով, բաղկացած է եղել երեք ազգություններից՝ վրացի մուսուլման կամ քրիստոնյա ենգիլոյներից, թաթար-մուսուլմաններից և հայերից։ Հենց այդ սկզբունքով էլ բնակավայրը բաժանված է եղել վրացական ու թրքական, իսկ նրանց արանքում՝ 63 տնից կազմված հայկական թաղամասերից:
Ռուսաստանյան կայսրության փլուզումից հետո Արևելյան Այսրկովկասում ակտիվացած թյուրքական ուժերը հակահայկական գործունեություն են ծավալել՝ հայերից պահանջելով իսլամ ընդունել։ Դրությունն էլ ավելի է ծանրացել, երբ 1918 թվականին տարածաշրջան ներխուժել են օսմանյան զորքերը։ Տեղի թյուրքական ուժերի կողմից Կախի հայությունը ենթարկվել է թալանի ու կոտորածների։ Արդյունքում՝ հայերը հեռացել են Կախից։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրանց մի մասը վերադարձել է։
1984 թվականին Կախում բնակվել է 17 հայ, ովքեր ավելի ուշ՝ 1988 թվականին բռնագաղթել են։
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 138։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 212-217։
Քոչարեանց Մ․, Նամակ Զաքաթալից, «Մշակ», 1872, N 21, 1 յունիսի, էջ 2։
Ֆ․Հ․, թղթ․, «Նոր-Դար», 1890, N 185, 25 նոյեմբերի, էջ 3։
«Նոր Դար», 1893, N 15, 28 յունուարի, էջ 1։
Sarisum, Կախ Աւանի Հայոց եկեղ․ ծխական դպրոցը, «Սուրհանդակ» [Թիֆլիս], 1909, N 39, 6 դեկտ․, էջ 3։
Iasisum, Կախ-Աւանի հայկական գաղութը, «Սուրհանդակ» [Թիֆլիս], 1909, N 43, 16 դեկտ․, էջ 3։
Sarisum, Կախ-Աւանի Հայոց եկեղեցին, «Սուրհանդակ», 1910, N 100, 5 մայիսի, էջ 4։
Արաստ, Կախ-Աւանի իրականութիւնից, «Հորիզոն», 1913, N 72, 2 ապրիլի, էջ 3։
Ռոսմակ, Մեր կողմերի իրականութիւնից, «Հորիզոն», 1914, N 142, 3 յուլիսի, էջ 3։
«Հորիզոն», 1915, N 198, 3 սեպտեմբերի, էջ 3։
Սարգիս Իսրայելյան, Էջեր իմ օրագրից, «Վարձք», 2012, N 6, ապրիլ-հունիս, էջ 47-51։