2025

Անձնական խնդիրներ, թե՞ պետական անուշադրություն. ինքնասպանություններն ադրբեջանական բանակում

2025-10-21

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նպաստել են զինված ուժերում ինքնասպանությունների թվի աճի։ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից, 2020 թվականին Տավուշի ուղղությամբ իրականացված գործողություններից, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո զինվորականների շրջանում արձանագրվել են ինքնասպանությունների բազմաթիվ դեպքեր։ Դրանց թիվը մեծ է հատկապես ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների շրջանում։ Չնայած ադրբեջանական իշխանություններն այդ դեպքերը հաճախ ներկայացնում են միայն որպես սոցիալական դժվարությունների կամ հոգեկան խանգարումների հետևանք, սակայն փաստերի համադրումը վկայում է, որ իրական պատճառները շատ ավելի խորքային են։ Դրանք պայմանավորված են ադրբեջանական բանակում առկա ներքին խնդիրներով, հոգեբանական ճնշումներով և հետպատերազմյան տրավմայով։ Իշխանությունները հաճախ փորձում են կոծկել այս երևույթը՝ խուսափելով բանակում առկա համակարգային խնդիրների բացահայտումից։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինքնասպանություն գործած զինվորականներ՝

Նեֆթչալա շրջանի Բանկա ավանի բնակիչ Ահմադ Նաղըևը, ով նախկին զինվորական էր, ինքնասպան է եղել իր տանը: Վերջինս հարցաքննվել էր «Թարթառի գործով» և ենթարկվել էր խոշտանգումների:

Քառօրյա պատերազմի մասնակից, Թովուզ քաղաքում ինքնասպան եղած Ֆազիլ Աբդիևը կախվել է իր տանը: Գործադիր իշխանությունն Աբդիևի ինքնասպանությունը կապել է հոգեկան խանգարումների հետ:

Մասալլըի շրջանի Նազարոբա գյուղի 29-ամյա բնակիչ Փարվին Ֆաթուլաևը կախվել է իր բնակարանում: Ֆաթուլաևը դեպքից առաջ տեսագրություն է հրապարակել։ Որոշ ժամանակ անց՝ պատերազմի մասնակիցն ինքնասպան է եղել:

2020 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության Տավուշի շրջանում սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած զինվորականները բացառություն չեն: Թովուզի շրջանի Գազգուլու գյուղի բնակիչ Ռ. Մուսաևին կախված են հայտնաբերել իր բնակարանում: Ինքնասպանության պատճառները բացահայտված չեն։

44-օրյա պատերազմից հետո ինքնասպանություն գործած զինվորականներին մենք անդրադարձել ենք հանգամանորեն մեր նախորդ նյութերում, սակայն նրանց շարքերը «համալրվել են»՝

Հաջըգաբուլ շրջանի 26-ամյա բնակիչ Քանան Գոջաևը Նավահի գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ռազմագիտության ուսուցիչ: Ինքնասպանության փորձից հետո Գոջաևին նախ տեղափոխել են Հաջըգաբուլ շրջանի կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր։ Սակայն, նախկին զինվորականի կյանքը փրկել չի հաջողվել։

33-ամյա Այխան Բայրամովը Ֆիզուլիի շրջանի Իքինջի Մահմուդլու գյուղի բնակիչ էր: Երկու անչափահաս երեխաների հայրը ինքնասպան է եղել կախվելով:

Բեյլագանի շրջանում Քաբիրլի գյուղի իր տանը 34-ամյա Իլքին Իսմայըլովին կախված հայտնաբերել է մայրը: Նախկին զինվորականն ամուսանացած էր և ուներ երեք երեխա:

Աղդաշի Լաքի գյուղի բնակիչ Բագրուզ Քարիմովի ինքնասպանության մասին ահազանգել է հետաքննող լրագրող Քամիլ Համզաօղլին: Նախկին զինվորականի ինքնասպանությունը պատճառաբանվել է առողջական խնդիրներով: 

Գորանբոյի շրջանի Սաֆիքուրդ գյուղում Թաբրիզ Ալիևն ինքնասպան է եղել կախվելով: Նշվում է, որ 44-oրյա պատերազմի մասնակիցն ունեցել է խնդիրներ, որոնց պատճառով էլ ինքնասպան է եղել։

24-ամյա Իլքին Իսմայըլովը Գաբալայի շրջանի Ամիրվան գյուղի բնակիչ էր: Նախկին զինվորականը կախվել է իր տան բակում:

26-ամյա Իմդադ Գահրամանովը բնակվել է Իմիշլի շրջանի Աղջույուր գյուղում: 44-օրյա պատերզմի մասնակիցն «անհայտ պատճառներով» ինքնասպանություն գործած հերթական զինվորականն է։

Ադրբեջանական բանակում ինքնասպանությունների մեծ ալիքը փաստում է, որ համակարգում առկա են լուրջ և արմատավորված խնդիրներ: Չնայած նրան, որ իշխանամերձ լրատվամիջոցները խուսափում են նշված դեպքերին իրական գնահատականներ տալ, այնուամենայնիվ ընդդիմադիր գործիչներն ու միջազգային լրատվամիջոցները փորձում են լուսաբանել դրանց իրական պատճառները: Մասնավորապես՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները, սոցիալական և հոգեբանական աջակցության բացակայությունը, ծառայության ընթացքում զինվորականների կանխամտածված սպանությունները, վերադասի կողմից կիրառվող բռնաճնշումները մի մասն են միայն այն ամենի, ինչ տեղի է ունենում ադրբեջանական բանակում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում