2024

«Թարթառի գործը»․ Ադրբեջանի բանակի իրական պատկերը

«Հայաստանի օգտին լրտեսելու» մեղադրանքով՝ Ադրբեջանի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն տարածեցին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ձերբակալությունների մասին (2017 թվական, մայիս)։ Դրանք ոչ թե «ձերբակալություններ» էին, այլ՝ արտադատարանական հաշվեհարդարներ։

«Ձերբակալումից» հետո զինծառայողներին տարել են Թարթառի շրջանի չգործող զորամասեր (այստեղից էլ՝ «Թարթառի գործ» անունը), որտեղ նրանց ենթարկել են կտտանքների (ձեռքերն ու ոտքերը կապած վիճակում ծեծել, բարձր հարկերից ցած նետել, ջրում խեղդել, եղունգները պոկել, քաղցած, ծարավ պահել, բռնաբարել և այլն)։ Այս գործի շրջանակներում կտտանքների է ենթարկվել շուրջ 400 զինվորական։

Խոշտանգումների ենթարկված Իզզաթ Ջաֆարովը պատմել է. «Ինձ կանչեցին Ջամիլիա․ ամեն բան այդտեղ տեղի ունեցավ։ Վյուսալն (խոսքը «Թարթառի գործով» մեղադրյալներից Վյուսալ Ալասգյարովի մասին է) ասաց, որ իրենք տեղեկություն ունեն, թե հայերի համար եմ աշխատում։ Երբ ես հերքեցի, իրենք ավելի ճնշեցին ինձ։ Գլխիս պարկ գցելով՝ ինձ գետնին փռեցին, մեկն էլ ինձ վրա էր նստել։ Վյուսալն ասաց՝ շալակի՛ր։ Հանձնարարեց՝ ասելով՝ «Սրան տարե՛ք սենյակ, թող այնտեղ գտնվողներին տեսնի, խելքի գա»։ Ինձ տարան ինչ-որ սենյակ , հենց ներս մտա, սարսափեցի։ Գետնին պառկած էին երկու հոգի՝ արնաթաթախ, ձեռքերը թիկունքում կապկպված․ կարելի է ասել՝ դիակներ էին։ Խոշտանգումներից այնպիսի վիճակում էին, որ կարծես մահացած լինեին: Ասացին` կցանկանաս քեզ էլ այս վիճակին հասցնենք»:

Տուժածներից Թուրալ Քոջաևն էլ նշել է․«Այնտեղից ինձ բերեցին զորամաս։ Այնտեղ էր նաեւ Հիքմեթ Հասանովը։ Զորամասի շենքից լսվում էր աղմուկ՝ ճիչեր, աղաչանքներ. ասես հարյուրավոր մարդկանց խոշտանգում էին միաժամանակ։ Մարդու սիրտ քիչ էր մնում պատռվեր վախից: Ես կանգնած էի զորամասի դիմաց։ Ամենուր արյուն էր։ Մարդկանց մերկացրել էին, ու պառկած  էին արյան մեջ, նրանց ձեռքներին ձեռնաշղթաներ կային, իսկ աչքերը կապած։ էին: Ես դեռ չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Անհավատալի էր. մարդկանց «Կամազով» բերում էին ու թափքից թափում գետնին` կարտոֆիլի պարկի պես։ Ինչ-որ մեկը բղավում էր, որ այս երկիրը ծախողներին էլ պետք է ներսում հավաքել։ Աչքերիս առաջ մերկացած ու խոշտանգված սպան՝ ճամպրուկի պես ծալված, չորս կողմից կպչուն ժապավենով փակած, չէր տեղավորվում մեքենայի բեռնախցիկում. սեղմում էին,որ բեռնախցիկը փակվեր։ Ինձ ոչ ոք չմոտեցավ։ Ինձ բերող վարորդն ասաց՝ գնանք այստեղից։ Երբ մեքենան գործի դրեցինք ու շարժվում էինք, թիկունքից սուլեցին: Եվ հետո ամեն ինչ կատարվեց երկու րոպեի ընթացքում»:

Խոշտանգումների հետևանքով մահացել են առնվազն 13 զինծառայողներ, որոնցից 5-ի նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել, իսկ 30-ը դավաճանության մեղադրանքով դատապարտվել են 12-20 տարվա ազատազրկման։

Խոշտանգումներից որոշ ժամանակ անց Ադրբեջանում դատական գործընթացներ են սկսվել այն իրականացնողների նկատմամբ՝ առանց աղմուկ բարձրացնելու։ Արդեն 2021 թ․ Ադրբեջանի իշխանությունները խոստովանել են, որ բանակում նման հաշվեհարդարներ են եղել։

2021-ի դեկտեմբերին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ խոշտանգումների գործով նոր քննություն են սկսել։

Արդյունքում՝ դավաճանության համար դատապարտված 20 անձ, ինչպես նաև 16 հոգի, որոնք դատապարտվել էին քրեական օրենսգրքի այլ հոդվածներով, արդարացվել են (ևս 13-ը արդարացվել էին 2018 թվականին)։

 «Թարթառի գործով» դեռևս 10 մեղադրյալ բանտարկված է մնում։ Նրանց հարազատներն ու իրավապաշտպանները պահանջում են վերանայել գործերը։

Թեև տարիներ անց «Թարթառի գործը» վերաբացվեց և դատական գործընթացներ սկսվեցին կտտանքների ենթարկված անձանց նկատմամբ, սակայն և՛ իրավապաշտպանները, և՛ տուժողների հարազատները դժգոհ են այդ գործընթացից։

Մի կողմից՝ իշխանությունները հաստատել են միայն մեկ զոհի առկայությունը, այնինչ զոհերի թիվն առնվազն 13 է։ Մյուս կողմից՝ բանտերում են հայտնվել այս գործի ոչ բոլոր և ոչ գլխավոր մեղադրյալները, ուստի տուժողների հարազատները պահանջում են պատժել զինծառայողներին խոշտանգումների ենթարկելու հրաման տվողներին։ Այս համատեքստում՝ հարազատները չեն հավատում արդար և օբյեկտիվ քննությանը։

Խոշտանգվածները պնդում են, որ իրենց կտտանքների ենթարկելու գործընթացին անձամբ հետևել և մասնակցել է առաջին բանակային կորպուսի հրամանատար Հիքմեթ Հասանովը։ Չնայած վկայություններին՝ Հասանովի նկատմամբ ոչ միայն քրեական գործ չի հարուցվել, այլև՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմում մասնակցության համար տարբեր մեդալների է արժանացել, իսկ 2021 թ․ օգոստոսին՝ նշանակվել է Ադրբեջանի ռազմական ակադեմիայի ղեկավարի տեղակալ։

Խոշտանգումների ենթարկված Վագիֆ Աբդուլաևը նշել է․ «Ո՞վ է զինծառայող Գարաևը, որ որևէ մեկին խոշտանգման ենթարկի։ Պաշտպանության նախարարը, Խանլար Վելիևը (զինդատախազ), Հիքմեթ Հասանովը նրանք պետք է գան այստեղ։ Քանի դեռ նրանց չեն բռնել, այս գործը չի կարող օբյեկտիվ լինել»։

Ադրբեջանում զինծառայողների զանգվածային խոշտանգումների դրդապատճառները հասկանալու համար հարկ է ուշադրություն դարձնել, որ այս գործընթացը հաջորդել է 2016 թ․ Ապրիլյան պատերազմին։

Խոշտանգումների ենթարկված Ալլահվերդիևի խոսքով՝ Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իլհամ Ալիևին զեկուցել է, թե Սեյսուլան և Թալիշ գյուղերը «ազատագրվել են», սակայն իրականում դրանք եղել են հայկական վերահսկողության տակ։

«2017-ի մայիսի դեպքերը հիմնականում կապ ունեին Ադրբեջանի նախագահին կեղծ տեղեկություններ տրամադրելու հետ իբրև թե կատարվել է զանգվածային դավաճանություն, ինչի արդյունքում հակառակորդը հակագրոհ է իրականացրել և իր վերահսկողության տակ է վերցրել մեր կողմից իբր ազատագրված Սեյսուլան և Թալիշ գյուղերը»,-հայտարարել է Ալլահվերդիևը։

Ըստ էության՝ 2016 թվականի պատերազմում կրած պարտությունը Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը փորձել է արդարացնել բանակում «լրտեսների» առկայությամբ՝ չխնայելով իր զինծառայողներին։

«Թարթառի գործը» Ադրբեջանի բանակում տիրող իրական պատկերի վառ վկայությունն է։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը վարվում իր զինծառայողների նկատմամբ և ոչ միայն չի պատժվում, այլև պարգևների է արժանանում։ Ադրբեջանի բանակի զինծառայողներն իրենց իսկ ղեկավարության կողմից պարզապես գլխաքանակ ու թնդանոթի միս են։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք, որ առնչվում է «Թարթառի գործին», կրկին ապացուցում է ռազմական ղեկավարության վերաբերմունքը։

Գործով մեղադրվողներ Սենան Մաշըևը, Ջաբիր Ղահրամանովը, Ռուսլան Միքայլիովը, Էլչին Ալիևը դեռ 2019 թվականի մարտին դատապարտվել էին 5 տարի 6 ամիս ազատազրկման։ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին նրանց ազատ են արձակել և հոկտեմբերի 2-ին ուղարկել պատերազմական գործողություններին մասնակցելու։ «Սխրանքների համար» նրանք անգամ մեդալներ են ստացել։ 2021 թվականին, երբ «Թարթառի գործը» վերաբացվել է, նշված անձինք նորից ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ դատավճիռը կայացվել է հունիսի 4-ին։ Սենան Մաշըևը դատապարտվել է 4 տարի 10 ամիս, Ջաբիր Ղահրամանովը՝ 6 տարի 8 ամիս, Ռուսլան Միքայլիովը՝ 6 տարի 10 ամիս, Էլչին Ալիևը՝ 5 տարի 8 ամիս ազատազրկման։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերին Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել՝ քրեական գործով վարույթը երկարաձգելու վերաբերյալ։ Հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ վերոնշյալ անձինք խոշտանգել են զինծառայողներին և ապօրինի զրկել ազատությունից, որի համար էլ ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ Քրեական օրենսգրի՝ 145.3 (անօրինական ազատությունից զրկել), 293.2 (խոշտանգումներ, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ), 341.2.2 (լիազորությունների չարաշահում), 341.2.3 և 128 (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը) հոդվածներով։

Սա այն պարագայում, երբ փաստացի տեղի են ունեցել սպանություններ, այլ ոչ թե միայն խոշտանգում կամ «լիազորությունների չարաշահում»։ Արդյունքում՝ նշված հոդվածներով մեղադրյալները դատապարտվել են 5-9 տարի ազատազրկման։