2024

Ադրբեջանում պատերազմի մասնակիցները դժգոհում են պետական աջակցությունից

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում՝ ռազմական գործողությունների մասնակիցների շրջանում, բողոքի ակցիաներն սկսել են պարբերական բնույթ կրել։ Մասնակիցներից շատերը՝ նույնիսկ մեդալների արժանացածները, հիմնականում դժգոհում են, որ պետությունն իրենց անուշադրության է մատնել։ Բողոքի ակցիաներ կազմակերպելով՝ նրանք իշխանություններից պահանջում են հաշմանդամության կարգ, վետերանի կարգավիճակ, թոշակների բարձրացում, աշխատանք և այլն։

2021 թվականի ապրիլին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են իրականացրել Սոցիալական ապահովության նախարարության շենքի առջև՝ բարձրաձայնելով, որ պատերազմի ընթացքում վիրավորվել են, քայքայել իրենց առողջությունը, սակայն պետության կողմից ոչ մի աջակցություն չեն ստացել։

Նույն թվականի հունիսին նախարարության շենքի մոտ ակցիա իրականացնող մասնակիցներն էլ բողոքել են, որ պատերազմից վերադառնալուց հետո չեն կարողանում աշխատանք գտնել։ Մեկ այլ ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Պաշտպանության նախարարության շենքի առջև՝ դժգոհելով, որ իրենց հաշմանդամության կարգ չեն տրամադրում։ «Ռազմական հոսպիտալում հաշմանդամության կարգի համար 4000 մանաթ փող են պահանջում»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։

2022 թվականի ապրիլի սկզբին մի խումբ վետերաններ բողոքի ակցիա են անցկացրել Սոցիալական ապահովության նախարարության շենքի մոտ։ Նրանք դժգոհել են, որ հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը շատ երկար է տևում, իսկ ոմանք չեն էլ կարողանում անգամ պատշաճ բուժում ստանալ։ Վետերաններից մեկը դժգոհել էր՝ չնայած նրան, որ պատերազմի ընթացքում ծանր վիրավորումներ է ստացել, սակայն իրեն հաշմանդամության 3-րդ կարգ են տվել, նշանակել 88 մանաթ (20 հազար դրամ) թոշակ, ինչը շատ քիչ է։

Ապրիլի կեսին վետերանները բողոքի ակցիա են անցկացրել նաև «Azərsığorta» պետական ապահովագրական ընկերության շենքի մոտ։ «Մենք բուժման կարիք ունենք, բայց մեզ փող չեն տալիս»,- հայտարարել են մասնակիցները։

Նույն տարվա հունիսին Սոցիալական ապահովության նախարարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիայի մասնակիցներն անգամ կոտրել են շենքի դուռը և ներս մտել։

2023 թվականի ապրիլին նախարարության շենքի մոտ բողոքի ևս մեկ ակցիա է անցկացվել։ «Պաշտոնյաների որդիների մոտ դոլարներ են, ինձ մոտ՝ դեղեր»,- դժգոհել է մասնակիցներից մեկը։

Բողոքի մեկ այլ ակցիա պատերազմի մասնակիցներն անցկացրել են նոյեմբերին։ Այդ ընթացքում նրանց է մոտեցել Վետերանների միության փոխնախագահ Ջալիլ Խալիլովը, սակայն, մասնակիցներին մինչև վերջ առանց լսելու, թողել և հեռացել է։

Սակայն պատերազմի մասնակիցները միայն ակցիաներով չեն սահմանափակվել։ Ոմանք իրենց բողոքի ձայնը փորձել են լսելի դարձնել՝ դիմելով լրատվամիջոցներին։ Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերին «Region Xəbərləri» կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ Ուջարի շրջանի Խալաջ գյուղի բնակիչներ՝ պատերազմի 2 մասնակիցներ, իրենց խնդիրներն են ներկայացնում, այն է՝ պատերազմից հետո աշխատանք չունեն և չեն կարողանում ընտանիք պահել։ «Մենք հաշմանդամության կարգ, վետերանի կարգավիճակ չենք ցանկանում։ Մենք աշխատանք ենք ուզում, մեզ աշխատանքով ապահովեք։ Զբաղվածության կենտրոնում մեզ չեն ցանկանում ընդունել։ Ուջարի շրջանում էլ գումարով են աշխատանքի ընդունում»,- հայտարարել են նրանք։

2022 թվականի սեպտեմբերին Ջաֆարլի Օղուզ Ռուսթամ օղլուն նամակ է գրել «Teref.az» լրատվամիջոցի խմբագրությանը։ Նա ընդգծել է, որ մասնակցել է պատերազմին, պարգևատրվել է մեդալներով, բայց նրան վետերանի կարգավիճակ չեն տրամադրում։ «Երբ խոսքը վերաբերում է վետերանի կարգավիճակ շնորհելուն, ասում են՝ չէ՛, դու պատերազմին չես մասնակցել։ Ես ինչքա՞ն կարող եմ սպասել»,- իր նամակում գրել է Ռուսթամ օղլուն։ Նույն հարցով «REAL TV»-ին է դիմել Էլշան Ասգերովը։ Նա ևս պատերազմի մասնակից է, դրանից հետո շարունակել է ծառայությունը, ունի մեդալներ, բայց վետերանի կարգավիճակ չի ստացել։ Պատերազմի մեկ այլ մասնակից էլ նույն լրատվամիջոցին է ներկայացրել իր անգործության խնդիրը։

2024 թվականի օգոստոսին «Hürriyyət» թերթին նամակ է ուղղել Մամմադով Զամիգ Ռասիմ օղլուն, որը 11 տարի եղել է ծառայության մեջ, մասնակցել է և՛ 2020, և՛ 2023 թվականների Արցախի դեմ սանձազերծված պատերազմներին։ Նա նշել է, որ բուժվում է Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալում, սակայն նրան հաշմանդամության կարգավիճակ չեն տալիս։ «Պետությունից միայն 80 մանաթ եմ ստանում։ Վարձով եմ ապրում, ամեն ամիս բուժման համար ամենաքիչը 175 մանաթ է անհրաժեշտ։ Բազմիցս դիմել եմ պաշտոնատար անձանց։ Ամեն հանդիպմանն ասել են՝ լավ կլինի ու ճանապարհել»,- նամակում գրել է Ռասիմ օղլուն։

Այդ դժգոհությունները, սակայն, արտացոլում են ադրբեջանական իրականության մի մասը միայն։ Մամուլի ազատության սահմանափակման պայմաններում շատերի բողոքի ձայնը լսելի չէ, ալիևյան ռեժիմի դեմ տեղի ունեցող ընդվզումները շատ դեպքերում չեն լուսաբանվում, ոմանք էլ, որևէ փոփոխություն չակնկալելով, նախընտրում են խնդիրների մասին չբարձրաձայնել։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում