2025

Ինքնասպանության դեպքերն ադրբեջանական բանակում

2024-06-14

Զանգվածային ինքնասպանություններն Ադրբեջանում, այդ թվում` բանակում, վերջին շրջանում հաճախակի երևույթ են դարձել: Ըստ ադրբեջանցի փորձագետների` ինքնասպանությունների 80 տոկոսն Ադրբեջանում պայմանավորված է սոցիալական խնդիրներով, աղքատությամբ, հուսալքությամբ[1]։

Ադրբեջանական բանակում ինքնասպանության փորձերը մշտական բնույթ են կրում:

Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ իշխանություններն ավելի հաճախ թաքցնում են բանակում և բանտերում տեղի ունեցած ինքնասպանության փորձերը (90 տոկոսի դեպքում հետաքննություն չի անցկացվում): «Ընտանիքում և բանակում հաճախ ինքնասպանությունները տեղի են ունենում սեռական շահագործման հողի վրա, սակայն թաքցվում է: Ամեն դեպքում պետք է քրեական գործ հարուցվի»,- ասել է «Իսլամ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ» ադրբեջանական ՈԿԿ (ոչ կառավարական կազմակերպություն) ղեկավար Այտեկին Իմրանովան:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրությունը: Սակայն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, 2014 թվականի հունվարին Ադրբեջանում ինքնասպան է եղել առնվազն 32 մարդ: Միայն մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում ինքնահրկիզվել է արցախյան պատերազմի երեք վետերան՝ իրենց իրավունքների խախտման, դրամաշորթության և այլ պատճառներով:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2008 թ. 138 ինքնասպանություն է գրանցվել, 2009 թ․-ին՝ 165, 2010 թ․-ին՝ 289, 2011 թ․-ին՝ 414, 2012 թ․-ին՝ 482:

 2013 թ. եղել է ինքնասպանության 920 փորձ, սակայն մահացածների մասին հստակ տեղեկություն չկա, թեև նրանց թիվը մոտավորապես հասնում է 500-ի:

 2014 թ․ տարեսկզբին ադրբեջանական բանակում «սեփական անձի ուղղությամբ անզգուշության պատճառով» կրակոցների թիվը գերազանցել է 20-ը: Եվս 10 զինվոր ինքնասպան է եղել:

Ինքնասպանության համար զինվորներն օգտվում են իրենց ամրակցված զենքից, պարաններից և նույնիսկ` մկնդեղից: 2014 թ. մարտի 22-ին ինքնասպան է եղել Զաքաթալայում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը՝ 1992 թվականի ծնված Քերիմով Ալիսահիբ Ալիբակատ օղլուն: Զաքաթալայի շրջանի կենտրոնական հիվանդանոցում, բժշկական փորձաքննության արդյունքում, հաջողվել է պարզել, որ մահվան պատճառ է դարձել մկնդեղը, որն ընդունել էր Ա. Քերիմովը: Նույն օրը Բաքվում նախկին զինծառայող Ալի Մուհամմեդօղլու Ահմեդովը (1972 թվականի ծնված) վնասել էր իրեն: Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ շենքի առջև, որտեղ նախկին զինծառայողը, կտրել է ձախ ձեռքի երակները:

 Մարտի 24-ին ինքնաձիգից ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի 20-ամյա շարքային Էյբաթօղլու Մահսուդ օղլու Ազիզովը: Միջադեպի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Մարտի 29-ին N զորամասի զինվոր Ռախիդ Սատար օղլու Ասկերովը վիրավորվել է իրեն ամրակցված զենքից:

2019 թ․ դեկտեմբերի 24-ին բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ սպա, ավագ լեյտենանտ Ռավան Նասիբովի դին՝ երակները կտրված վիճակում: Նշվում է, որ Նասիբովը աշխատում էր Ադրբեջանի Մասալլը շրջանի զինկոմիսարիատում, իսկ ծառայության ընդունվել էր 2 տարի առաջ: Նասիբովի հայրը նախկին զինվորական էր, իսկ եղբայրը ծառայում էր զինված ուժերում[2]։

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցիների շրջանում ինքնասպանությունները նույնպես սովորական երևույթ են դարձել։

Այսպես` 2021 թ․ մայիսին Զաքաթալայում տեղակայված զորամասում ինքնասպան է եղել Պետական սահմանապահ ծառայության զինծառայող (2003 թ. ծնված) Իբրահիմ Դուլիևը[3]։

Մեկ այլ մասնակից`Բադամլի բնակավայրի Նախիջևանի Շահբուզի շրջանի բնակիչ (1990 թվականին ծնված), զինծառայող Ռաշադ Ֆուզուլի Մամեդովը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Երկրի գլխավոր դատախազության փոխանցմամբ` 2022 թ սեպտեմբերին երկրորդ կարգի հաշմանդամ Նազիմ Հասանովը ինքնահրկիզվել է իր տան բակում և, տեղափոխվելով քաղաքային հիվանդանոց, մահացել ծանր այրվածքներից: Ադրբեջանական մամուլում շրջանառվող վարկածի համաձայն` ինքնասպանության պատճառը Հասանովին հաշմանդամության նպաստից և նախագահական թոշակից զրկելն է:

2023 թ. հուլիսին մեծ աղմուկ էր բարձրացրել երրորդ կարգի հաշմանդամ, պատերազմից հետո բազմաթիվ պարգևներ ստացած 35-ամյա Էլվին Ջաֆարովի ինքնահրկիզումը։ Հարազատների պնդմամբ` Ջաֆարովը դժգոհում էր պատերազմի մասնակիցների նկատմամբ պետության անարդար ու անուշադիր վերաբերմունքից: Մինչդեռ նրա հոգեհանգստին մասնակցած տեղական պաշտոնյաներից մեկը լրագրողներին ասել էր, թե Ջաֆարովի հանդեպ պետական հոգածություն եղել է, և նրա մահը պետք չէ քաղաքականացնել:

Օգոստոսին լուրջ այրվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2020 թ. պատերազմի մասնակից 33-ամյա Թեբրիզ Աբդուլաևը, որը ինքնահրկիզվել էր Սամուխի շրջանային վարչության շենքի դիմաց:

Անցած տարի իր բնակարանում ինքնասպան էր եղել «Քելբաջարի ազատագրման համար» նախագահական մեդալ ստացած 33-ամյա Ռուսլան Արդատևը:

Trend-ը[4] հաղոդում է, որ զինծառայող Հուսեյնով Նուրեդդին Սահիբ օղլուի ինքնասպանության փաստի առթիվ Գյանջայի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել` Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով («Ինքնասպանության դրդելը»):

 2023 թ․ օգոստոսին Ադրբեջանում ինքնասպան է եղել կրտսեր սերժանտ Ասիմ Աբասովը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։ Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելը» հոդվածով[5]։

Ինքնասպանությունները տարածված են նաև սպայական անձնակազմում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ ինքնասպան է եղել N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Էլսուն Գաբիլ օղլու Բանդալիևը։ Հարուցվել է քրեական գործ, վկաները հարցաքննվել են, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ[6]։

 «Ֆիզուլիի շրջանի զինվորական դատախազությունը հաղորդագրություն է ստացել, որ ՊՆ N զորամասի սպա Մուսաև Շահրիյար Նիզամի օղլուն ինքնասպանություն է գործել` իրեն ամրակցված հրազենի գործադրմամբ», - ասված է հաղորդագրության մեջ։ Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։[7]

Բացի այդ` 2023 թվականին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում առնվազն 260 զինվորական է զոհվել։ Նրանցից 212-ը մարտական կորուստներ են, իսկ 48-ը՝ ոչ մարտական, 20 զինվոր ինքնասպան է եղել[8]։

2024 թ․ Գյանջայի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ հունվարի 9-ին ՊՆ թիվ N զորամասի զինծառայող Մամեդով Վուսալ Ակիֆ օղլուի ինքնասպանության մասին: Reyting.az-ը, Զինվորական դատախազությանը հղումով, հայտնում է, որ ստացված տեղեկատվության հիման վրա դեպքի վայր են մեկնել Գյանջայի զինվորական դատախազության աշխատակիցները և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ[9]։

Այս տարվա մարտ ամսին Ադրբեջանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային Բաղիրով Էլջան Էմին օղլուն ինքնասպանություն է գործել` հրազենի գործադրմամբ։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։[10]

 Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների` Մինգեչաուրում 2024 թ․ ապրիլի 17-ին իր վարձակալած տանը հայտնաբերվել է 1997 թվականի ծնված Միրջավադ Հաջիևի մարմինը` կախված վիճակում։

Այսպիսով` Արցախյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցների շրջանում ինքնասպանության դեպքերի թիվը, ըստ տարբեր տեղեկությունների, գերազանցում է 80-ը[11], իսկ ինքնասպանության փորձերը ադրբեջանական բանակում կրում են հաճախակի բնույթ:

[1] Տարեսկզբից ադրբեջանական բանակում 12 զինծառայող է ինքնասպան եղել կամ մահացել «հիվանդություններից» ու «ՃՏՊ»-ներից, 1 Ապրիլի, 2014,  https://panarmenian.net/arm/news/177508

[2] Խաչիկյան Հ․, Ադրբեջանում ինքնասպան է եղել զինկոմիսարիատի սպա, 25 դեկտեմբերի, 2019,

 https://razm.info/139370

[3] Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող, 8 Մայիսի, 2021, https://armeniatoday.news/hy/incidents/286500/

[4] Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել, 14 հուլիսի, 2023, https://lurer.com/?p=523679&l=am

[5] Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել, 18 օգոստոսի, 2023,

https://168.am/2023/08/18/1915335.html

[6] Ադրբեջանում սպան ինքնասպան է եղել, 13 նոյեմբերի, 2023,  https://news.am/arm/news/792153.html

[7] Ադրբեջանում սպա է ինքնասպան եղել, 3 մարտի, 2024, https://iravaban.net/467623.html

[8] Fərhadoğlu T․, Azərbaycanda zabitin odlu silahla özünü öldürdüyü bildirilir, Mart 21, 2024, https://www.amerikaninsesi.org/amp/7536650.html

[9] Hərbçi intihar edib, 9 Yanvar, 2023,  https://reyting.az/xeberler/93416-herbci-intihar-edib.html

[10] Ադրբեջանում կրկին զինվոր է ինքնասպան եղել, 25 մարտի, 2024,  https://hraparak.am/post/7f25863741b564af5174d87901f6c0be

[11] Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել, 19 ապրիլի, 2024, https://factor.am/764634.html

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում