2026
2026-05-25
Միրզաբեկլուն գտնվում է շրջկենտրոն Կուտկաշենից (Գաբալա) մոտ 20 կմ հեռավորության վրա։ Գյուղը հայտնի է եղել նաև Միրզաբակլու, Միրզաբեյլի անուններով։ 18-րդ դարում Միրզաբակլուի հայերը, հալածանքների ենթարկվելով Շաքիի խաների կողմից, անցել են թյուրքախոսության։ Դա հարկադրված որոշում է եղել, քանի որ Շաքիի խանությունում այդ ժամանակաշրջանում հայերեն խոսելը վտանգավոր էր։ Սակայն, Միրզաբեկլուի հայերը կարողացել են պահպանել իրենց հավատքը։
Միրզաբեկլուում գործել է Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին, որը հավանաբար կառուցվել է 19-րդ դարում։ Գյուղի եկեղեցին չի ունեցել մշտական քահանա։ Որպես կանոն՝ գյուղում հոգևոր ծառայություններ են մատուցել շրջիկ քահանաները։ Նրանցից հիշատակվել են Մարտիրոս Հախվերդյանցը (1868 թ․), Ավետիք Տեր-Միքայելյանը (1892-1893 թթ․), Համբարձում (Դանիել) Տեր-Ավագյանցը (1898-1912 թթ․)։ Գյուղի տարածքում պահպանված գերեզմանոցում եղել են հայերեն գրությամբ տապանաքարեր։ 1984 թ․ Միրզաբեկլու այցելած Սամվել Կարապետյանը գրի է առել դրանք։
Ի յայսմ տապանս ամոփ/եալ է միրզաբակլուեցի Խա/չի Յակոբեան Սարգիս/եանց, ով ոք հանդիպի, /ասէ Ա(ստուա)ծ ողորմի, 1869 ամի։
Աստ հանգչի մարմի/նըն միրզաբէկլուե/ցի Յօվսէփ Մարկոս/եան Սարգիսեանց(ի), 1870։
Ի շիրմիս եդեալ մարմին Սահակայ / Սագինեանց տոհմեն, որդւոյ՝ Յակովբայ, / յայցէ յանցողաց ի խորոց կարդայ, / փոխեալ հոգւոյն Աստուած ողորմեա / 1897 ամի, 15 մարտի, ի գիւղն Միրզաբէկլու։
Աստ տնի մարմին Բալասան / տուստր Տէր Դանիէլ, /ազգաւ Տէր Աւագեանց, 1899 թ․։
Ի սմին տապանի ամփոփեալ դնի / մարմին Վարդանի որդի Մինասեանի, / ազգաւ՝ Պետիեանցի, վախճանեցաւ / 1909 ամի, 28-ին դեկտեմբերի։
Օգանով Եղիշ Մարքարի / 1873-1962։ / Հիշատակ իր կին Վարդից, դուստր /Ամալյայից և քրոջ որդի Ավետիսից։
1841 թվականին Միրզաբեկլուում բնակվել է 251 հայ բնակիչ, 1876 թվականին՝ 283։ Գյուղում 1901 թվականին ապրել է 343 հայ, 1908 թվականին՝ 412, իսկ 1914 թվականին՝ 361 մարդ։
Հետաքրքիր է, որ այս ժամանակաշրջանում գյուղում գործել է գյուղական դատարան։ Դատավորներից մեկը հիշատակվել է «․․․թրքախօս հայադաւան գիւղացի յայտնի հարուստ և բարեգործ գիւղական դատաւոր (սուդիա) Սահակ Սագինեանը․․․»։
19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին գյուղը մտել է Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառի կազմում։ 1918 թվականին գյուղի հայ բնակչությունը նույնպես տուժել է թուրք-թաթարական հարձակումների պատճառով։ Ադրբեջանի իշխանությունները 1919 թվականին այստեղ են բնակեցրել ընտանիքներ կովկասյան թաթարներից։ Այնուհետև այստեղ բնակություն են հաստատել լեզգիները։
Միրզաբեկլուի հայերը գյուղում ապրել են մինչև 1988-1989 թվականը, երբ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականության հետևանքով նրանք նույնպես ստիպված լքել են իրենց հայրենի գյուղը։
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 126։
Կարապետյան Ս․, Պատմական Հայաստանի Կապաղակ գավառի թրքախոս հայկական գյուղերը, ԼՀԳ, 1988, 1, էջ 49-51։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Գիրք I, Երևան, 1997, էջ 40-41։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 265-270։
Փէք, «Նոր-Դար», 1893, N 95, 5 յունիսի, էջ 2-3։
Ղազարոս քահ․ Յովսէփեանց, Նամակ խմբագրութեան, «Նոր-Դար», 1890, N 70, 1 յունիսի, էջ 2։
Кавказскій календарь на 1910 годъ, Тифлисъ, 1909, с. 321.
Кавказскій календарь на 1915 годъ. Тифлисъ, 1914, с. 158.