2026
2026-10-26
Զարղուն
Զարղուն գյուղը գտնվում է շրջկենտրոն Կուտկաշենից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 6 կմ հեռավորության վրա։ Բնակավայրը հիշատակվել է նաև Զարաղան, Զերգուն ձևերով։ Գյուղի մոտակայքում է գտնվում Զարղունի դաշտը, որը համարվում է Եղիշե առաքյալի նահատակության վայրը։ Զարղունն Արևելյան Այսրկովկասի այն բնակավայրերից է, որի հայ բնակիչները 18-րդ դարի 20-ական թվականներին կրոնափոխ են եղել, կորցրել իրենց ազգային դիմագիծը։ 19-րդ դարի ռուսական վիճակագրական տվյալներով Զարղունի իսլամադավան հայերը հիշատակվել են որպես թաթարներ։ Այսօր գյուղի բնակչությունն իրեն համարում է ադրբեջանցի։
Թիքանլը
Շրջկենտրոն Կուտկաշենից մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Բում և Մեխլուղավախ գյուղերի հարևանությամբ է գտնվում Թիքանլը գյուղը։ Բնակավայրը հայտնի է նաև Թիքանլու, Թիքյանլու և Թքյանլու անվանաձևերով։
18-րդ դարի 20-ական թվականներին գյուղի հայ բնակիչները նույնպես բռնությամբ իսլամացվել են։ Հետաքրքիր է, որ նույնիսկ 1889 թվականին Թիքանլըի բնակիչներին հիշատակել են որպես հայ մուսուլմաններ։ Այդ ժամանակաշրջանում գյուղում դեռևս նկատելի են եղել հայկական գերեզմանոցի և եկեղեցու հետքերը։ Սակայն, 1908 և 1914 թվականներին ռուսական վիճակագրական աղբյուրներում տեղի բնակիչները հիշատակվել են որպես թաթարներ։ 20-րդ դարում՝ Ադրբեջան պետության առաջացումից հետո, Թիքանլըի բնակիչները ևս նշվել են որպես ադրբեջանցիներ։
Նովուրղշլաղ
Կուտկաշենից մոտ 5 կմ հարավ-արևելք՝ Նովուր (Նոհուր) լճի մոտ է գտնվում Արևելյան Այսրկովկասի նախկին հայկական Նովուրղշլաղ գյուղը։ 18-րդ դարի 20-ական թվականներին գյուղի բնակչությունը բռնի իսլամացվել է և ժամանակի ընթացքում կտրվել հայկական միջավայրից։ Պահպանվել է մի հիշատակություն, ըստ որի, 1887 թվականին գյուղում՝ տներից մեկի պատի մեջ, հայտնաբերվել են երկու գրքեր։ Դրանցից մեկը եղել է տպագիր «Ճաշոց»՝ թվագրված 17-րդ դարով։ Մյուսը եղել է հայերեն ձեռագիր մատյան։ Ձեռագիրը թվագրված է եղել 1033 թվականով (հավանաբար՝ Հայոց թվականով, այսինքն՝ թվագրումը 1584 թ․) և ունեցել է մոտ 600 էջ։ Սա խոսում է այն մասին, որ կրոնափոխության ժամանակ շատ հայեր իրենց սուրբ գրքերը թաքցրել են։
Այսօր Նովուրղշլաղ գյուղի բնակիչներն իրենց համարում են ադրբեջանցիներ։
Գրականություն՝
Ա․Ա․ Նամակ Նուխուց, «Մշակ», 1887, N 38, 11 ապրիլի, էջ 2։
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 39, 61, 125, 147, 148։
Եղիազարեանց Վ․, Մի քանի տեղեկութիւններ ուտէացիների մասին, «Արձագանք», 1887, № 12, 5 ապրիլի, էջ 181։
Խոյ-Զադէ, «Նոր-Դար», 1895, N 223, 19 դեկտեմբերի, էջ 2։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 256-257, 310-311։
Մաժակ, Նիւթեր ուտէացւոց վերաբերութեամբ, «Մեղու Հայաստանի», 1881, N 123, 1 յուլիսի, էջ 1։
Մաժակ, Վարդաշէն եւ Նիժ Նուխւոյ գաւառում, «Մեղու Հայաստանի», 1879, N 81, 20 հոկտեմբերի, էջ 1։
Մովսէս Կաղանկատուացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, 1969, էջ 11։
Кавказскiй календарь на 1910 годъ. Тифлисъ, 1909, с. 255, 379.
Кавказскій календарь на 1915 годъ. Тифлисъ, 1914, с. 125, 188.