2026
2026-09-14
Արևելյան Այսրկովկասի Կուտկաշենի (ներկայիս՝ Գաբալա) շրջանի հայկական բնակավայրերից են եղել Մեծ Ամիլի և Փոքր Ամիլի գյուղերը։ Այս երկու գյուղերն իրար հարևանությամբ են՝ շրջկենտրոն Կուտկաշենից մոտ 17 կմ դեպի հարավ-արևմուտք։ Մեծ Ամիլի գյուղը հայտնի էր նաև Ամուլլի անունով։
Հայկական այս երկու գյուղերի բնակչությունը 18-րդ դարի երկրորդ կեսին ստիպողաբար մուսուլմանություն է ընդունել։ Սակայն, 1908 թվականի ռուսական աղբյուրներում այս երկու գյուղերի բնակիչները նշված են որպես հայեր։ Մեծ Ամիլիում բնակվել է 193 հայ, Փոքր Ամիլիում՝ 33։ Իսլամ ընդունելու պատճառով տեղի բնակիչները ժամանակի ընթացքում կտրվել են հայկական միջավայրից և իրենց համարել են մուսուլմաններ, խոսել տեղական թյուրքերենով։ Արդեն 1915 թվականի վիճակագրական տվյալներում այդ երկու գյուղերի բնակիչները հիշատակվել են որպես թուրքեր (Մեծ Ամիլիիում նշվել է 250 բնակիչ, իսկ Փոքր Ամիլիում՝ 58)։ Հետագայում՝ Ադրբեջանի Հանրապետության ստեղծումից հետո, այդ գյուղերի բնակիչները գրանցվել են որպես ադրբեջանցիներ։
Պահպանվել է հիշատակություն այն մասին, որ մինչև մուսուլման դառնալը՝ Մեծ Ամիլի գյուղում քահանայություն է արել հարևան հայկական Սուլթան-Նուխի բնակավայրի քահանա տեր Դանիելը։ Մեծ Ամիլի և Փոքր Ամիլի գյուղերում երկար ժամանակ պահպանվել են հայկական, քրիստոնեական տապանաքարեր։ Ցավոք, այսօր այդ գյուղերում հայկական հետքն ընդհանրապես վերացվել է։
Գրականություն՝
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 235։
Թ․Փ․, թղթ․, «Նոր-Դար», 1889, N 65, 29 ապրիլի, էջ 3։
Кавказскiй календарь на 1910 годъ. Тифлисъ, 1909, с. 204, 290.
Кавказскій календарь на 1915 годъ. Тифлисъ, 1914, с. 99, 142.