2026
2026-06-29
Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակվող հրեական մի շարք էթնիկ ենթախմբերի (աշքենազներ, սեֆարդներ, միզրահիմներ, լեռնցիներ, վրացահրեաներ) շարքում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում սեֆարդյան համայնքը։ Առաջնորդն է րաբբի Զամիր Իսաևը, որին կարող ենք բնութագրել որպես Ադրբեջանի նախագահի «հատուկ բանագնացն» Իսրայելում և ԱՄՆ-ում։ Իսաևը հաճախ է այցելում այդ երկրներ, նախ՝ ներկայացնելու Բաքվի, հետո միայն՝ հրեական համայնքի շահերը։
Չնայած Իսաևի վերաբերյալ բազմանշանակ տեղեկություններին՝ այդ թվում՝ «կոռումպացված սադրիչ, ով կատարում է Բաքվի բռնապետ Ալիև II-ի հանցավոր հրահանգները», կաշառակեր, զեղծարար, հետևորդներ չունեցող կառույցների միջոցով պետական միջոցներն ու նվիրատվությունները վատնող, այնուամենայնիվ ակնհայտ է Իսաևի դերն Ադրբեջանի ներքին և հատկապես արտաքին հարաբերություններում։
Հրեա ժողովրդի համար Ադրբեջանն «ամենաանվտանգ վայրը» համարող այս գործչի մատուցած ծառայություններից ադրբեջանական իշխանությունները տեսանելիորեն «գոհ են»։ Բաքվում նրան շնորհակալ են հատկապես, այսպես կոչված, «ադրբեջանական ճշմարտությունը, բազմամշակութային արժեքները, մշակութային հարուստ ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնելու, ադրբեջանցիների միասնության ամրապնդման գործում աջակցելու համար»։ Հրեական տարբեր կազմակերպություններ, ըստ էության, նույնպես բարձր են գնահատում Իսաևի դերակատարությունն Ադրբեջանի հրեական կյանքում և Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում։
Իսրայելական իշխանությունները կարևորում են Իսաևի դերակատարությունը ոչ միայն Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների բարելավման, այլև՝ Ադրբեջանին «Աբրահամյան համաձայնագրերին» մասնակից դարձնելու ուղղությամբ աշխատանքներում։
Զամիր Իսաևն անմասն չէ նաև Ադրբեջանում անցկացվող համապետական ընտրություններում ալիևյան վարչակազմին աջակցություն ցուցաբերելուց։ Համայնքի առաջնորդի կարգավիճակից օգտվելով՝ նա Ադրբեջանի հրեաների շրջաններում գործող նախագահի ընտրական գործընթացներում ուղղորդողի պարտականություն է կատարում։ Վերջինս մշտապես գովերգում է Իլհամ Ալիևին, նրա վերաբերմունքը հրեական համայնքի հանդեպ, շեշտում Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից տեղի հրեական համայնքների ֆինանսավորման հանգամանքը։
Զամիր Իսաևը նաև վրացահրեական համայնքի առաջնորդն է, Բաքվի հրեական դպրոցի տնօրենը, Ադրբեջանում հրեական մարդասիրական «Եվրոպական հրեական ժառանգության երթուղի» կազմակերպության փոխտնօրենը, Ամերիկյան հրեական օգնության կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղի ներկայացուցիչը, հրեական «Վաադ Լե-Հացալա» կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղի ղեկավարի տեղակալը, Նյու Յորքում տեղակայված և Թբիլիսիում ու Բաքվում ներկայացուցչություններ ունեցող «Վաադ Լհաթզոլաս Նիդչեյ Իսրայելի» Բաքվի համակարգողը։
2024 թվականին Զամիր Իսաևը դարձել է նաև Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի գլխավորած «Հրեական համաշխարհային խորհրդի» 150 անդամներից մեկը՝ դրանով ստանձնելով հակասեմականության դեմ պայքարի և հրեաների մասին դրական երկխոսության առաքելություն։
Բաքվում 2024 թվականին կազմակերպված միջազգային կլիմայական համաժողովի (COP29) շրջանակներում Իսաևը գլխավորել է նաև աշխարհի տարբեր երկրների հրեական համայնքների առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած հավաքը և հյուրերին ծանոթացրել Բաքվի ու Ղուբայի շրջանի հրեաների հետ։ Այդ հավաքի հիման վրա նրա նախաձեռնությամբ ու առաջնորդությամբ ձևավորվել է կրոնական առաջնորդների ամենամյա համաժողովը։ 2025 թվականին Բաքվում կայացած երկրորդ նման համաժողովի շրջանակներում Իսաևը վերստին գովերգել է ադրբեջանական իշխանություններին ու անձամբ Ալիևին՝ մատնանշելով Ադրբեջանի «հանդուրժողական, բազմամշակութային և միջկրոնական ներդաշնակության միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը»։
Հրեական համայնքի առաջնորդը բազմիցս աչքի է ընկել նաև իր հակահայկական գործունեությամբ։ Նա հայերին մեղադրել է 1918-1920 թվականներին մոտ 3 հազար լեռնցի հրեաների և շուրջ 50 հազար ադրբեջանցիների սպանության մեջ։ «Իսրայելն իմ երկիրն է որպես հրեա։ Ադրբեջանն իմ երկիրն է՝ որպես ադրբեջանցի»,- ասել է Բաքվում ծնված, Իսրայելում մեծացած, իսրայելական բանակում ծառայած Իսաևը։
Արցախի բռնազավթումից հետո Իսաևն այցելել է Արցախ, և հպարտացել, որ պատերազմին նաև իր համայնքի ներկայացուցիչներն են մասնակցել։ Անշուշտ, Արաքսի մերձափնյա հատվածում նրա շրջագայությունը կարող է դիտվել ոչ միայն հակահայկական, այլև՝ հակաիրանական՝ հաշվի առնելով նրա ընդհանուր գործունեությունն այդ ուղղություններով։ Ընդ որում՝ իր հակահայկական և հակաիրանական քաղաքականության շրջանակներում Իսաևը փորձում է ընդգրկել ու ծառայեցնել ոչ միայն տեղի հրեական մյուս համայնքները, Իսրայելի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ տարածաշրջանների իր րաբբի գործընկերներին, այլև՝ հրեա կամ իսրայելամետ քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին։
Տարբեր առիթներով նա անդրադարձել է նաև 1993 թվականից հետո հայկական վերահսկողության ներքո գտնված տարածքում իբրև թե «հայերի կողմից իրականացված ավերածություններին»։ Նրա ուշադրության կենտրոնում է եղել այսպես կոչված «Խոջալուի դեպքերը», որոնց «նվիրված» միջոցառումներ է կազմակերպել, «հոդված» հեղինակել՝ այդ դեպքերը նմանեցնելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համաս խմբավորման զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակմանը։ Նույն Իսաևը, միանալով Բաքվի պաշտոնական հակահայկական հռետորաբանությանը, հայկական կողմին մեղադրել է ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելու մեջ և միջազգային հանրությանը կոչ արել պատասխանատվության ենթարկել Հայաստանին։
Զամիր Իսաևին նկատել են նաև 2022 թվականի դեկտեմբերից Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը փակած և փաստացի ավելի քան 120 հազար հայերի շրջափակման դատապարտած կեղծ «էկոլոգների» շարքերում։
Արցախի դեմ իրականացրած Ալիևի ռազմական գործողություններն արդարացնող նրա հայտարարությունները շարունակվել են նաև 2023 թվականի սեպտեմբերի՝ լայնածավալ հարձակումից հետո։ Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի հրեական համայնքի առաջնորդը Հայաստանի հրեաներին կոչ է արել լքել Հայաստանը («հեռացեք, քանի դեռ ուշ չէ»), որի համար անգամ առաջարկել է իր օգնությունը։ Իսաևն իր կոչը պայմանավորել է նրանով, որ հայերն Իսրայելին մեղադրում են Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականություն իրականացնելու հարցում Ադրբեջանին աջակցելու մեջ, և որ այդ հողի վրա է Երևանում գործող սինագոգի վրա 2023 թվականի աշնանը հարձակում տեղի ունեցել։ Տեղի ունեցածին արձագանքելիս րաբբին նշել է, որ ադրբեջանական Օղուզ քաղաքում սինագոգի դուռը նույնիսկ գիշերը չի փակվում․ այս առումով Հայաստանն Ադրբեջանից սովորելու բան ունի։
Երևանում գործող հրեական սինագոգի և Հայաստանում բնակվող հրեաների «ճակատագրով» խիստ անհանգստացած Իսաևն ավելի ուշ խոստովանել է, որ Հայաստանի հրեաների մասին տեղեկություններ և նրանց հետ առնչություն մինչև 2023 թվականի աշունն Ադրբեջանի հրեաները չեն ունեցել։
Արցախի հայ բնակչության նկատմամբ ագրեսիա և էթնիկ զտման քաղաքականություն իրականացրած Իլհամ Ալիևի նկարն աշխատասենյակում՝ գլխավերևում, փակցրած Իսաևին զայրացրել է նաև կրոնի ազատության խախտումներով աչքի ընկած երկրների շարքում Ադրբեջանին դասակարգելու ԱՄՆ-ի պետդեպարտամենտի որոշումը։ Նա ադրբեջանական և ամերիկյան հրեական համայնքների անունից հայտարարել է, թե դրանով Վաշինգտոնը ձգտում է փչացնել Ադրբեջանի միջազգային հեղինակությունը, մինչդեռ այդ ամենի հետևում կանգնած է հայկական լոբբին։
Զամիր Իսաևն իր ուշադրությունն է սևեռել նաև Նյու Յորքի քաղաքապետի գործունեության վրա։ Զոհրան Մամդանին 2026 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, սոցիալական ցանցում գրառում էր կատարել և խոսել Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակի մասին։ Քաղաքապետն իր ուղերձում անդրադարձել էր 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը, ինչպես նաև՝ 2023 թվականին Արցախից ավելի քան 100,000 հայերի բռնագաղթին՝ շեշտելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ցեղասպանական այն արշավը, որը սկսել են ավելի քան 100 տարի առաջ։
Միանալով Բաքվից հնչող պաշտոնական և, այսպես կոչված, ոչ պետական կազմակերպությունների հայտարարություններին՝ հրեական համայնքի ղեկավարը Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը որակել է «կեղծ, սադրիչ և խաղաղությանը վնասակար»։
Անշուշտ՝ Իսաևի համար հակահայկականությունն առաջնային է, սակայն վստահաբար կարող ենք պնդել, որ Նյու Յորքի քաղաքապետի նկատմամբ նրա վերաբերմունքը կապված է այլ հանգամանքների հետ ևս։ Հնդկական ծագում ունեցող, իսլամ դավանող Զոհրան Մամդանին բազմիցս դատապարտել է Իսրայելի գործողությունները Պաղեստինի մուսուլմանների նկատմամբ։
Իր հրապարակային ելույթներում Իսաևն Ադրբեջանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև «գոյաբանական կապն» ամրապնդելու առաքելություն է ստանձնել։ ԱՄՆ-ի հրեական համայնքների հետ շփումներում Ադրբեջանի սեֆարդյան հրեական համայնքի առաջնորդը կարևորել է Վաշինգտոնի աջակցությունն Ադրբեջանին արտաքին թշնամիներից պաշտպանության գործում և հորդորել «աշխատել հակաադրբեջանական դիրքորոշում ունեցող կոնգրեսականներին իրենց դաշտ բերելու ուղղությամբ»՝ նպաստելով բացասական վերաբերմունքի մեղմմանը։
Իրանական Թավրիզ քաղաքն «ադրբեջանցիների համար պատմական» անվանող այս գործիչը նաև այլ երկրներում ու հարթակներում է «բողոքել» Իրանից՝ Ադրբեջանի սահմանների երկայնքով զորավարժությունները որակելով սադրանք։ Նրա խոսքով՝ Կանադան և արևմտյան մյուս երկրները պետք է աջակցեն Ադրբեջանին՝ ընդդեմ Իրանի։
Իսաևի հակաիրանական վարքագիծը վստահաբար կարող ենք կապել Իսրայելի շահերի սպասարկմանը նրա ներգրավվածությամբ, իսկ Իսաևի հակահայկական տրամադրվածությունը՝ միայն ադրբեջանական իշխանությունների և անձամբ Ալիևի հետ փոխադարձության սկզբունքի հետ։ Իսաևը ներգրավված է Ադրբեջանում անցկացվող կարևոր միջոցառումներին և ունի մեծ դերակատարություն, ազդեցություն ու հեղինակություն։ Իսկ հակահայկականության, միջազգային հարթակներում Ադրբեջանի և նրա նախագահի հեղինակության բարձրացման դիմաց, անշուշտ, րաբբիի վարձատրությունը մեծ է։
Մոռանալով իր հոգևորական լինելու փաստը՝ Իսաևն ավելի շուտ նմանվում է ադրբեջանցի քաղաքական, քարոզչական շրջանակների վարձու գործչի, ով նաև ծայրահեղ հակահայկական գաղափարներ է տարածում՝ դրսևորելով հոգևորականին ոչ հարիր պահվածք։