2026

Պատմական Աղվանքի Թոսիկ գյուղը

2026-04-13

Պատմական Աղվանքի հայկական գյուղերից էր Թոսիկը։ Այն գտնվել է ներկայիս Գաբալա (Կուտկաշեն) վարչական կենտրոնից 22,7 կմ հարավ-արևմուտք։

Գյուղի մասին առաջին հիշատակությունները 18-րդ դարից են։ Պահպանված տեղեկությունների համաձայն՝ բնակիչները Թոսիկում հաստատվել են Արցախի Խաչեն և Վարանդա գավառներից հենց 18-րդ դարում։

Կա հիշատակություն, որ 1725 թվականին «Թոսիկի Վարդան»-ն իր ստորագրությունն է դրել Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծին ուղղված Կապաղակ գավառի մի քանի գյուղերի ներկայացուցիչների կազմած խնդրագրի ներքո։

1841 թվականին Թոսիկում ապրել է 126 հայ բնակիչ, 1851 թվականին՝ 147։ 1876 թվականի տվյալներով գյուղի հայ բնակչության թիվը հասել է 143 մարդու, իսկ 1889 թվականին՝ 132-ի։ Գյուղում 1901 թվականին եղել է 125 հայ, իսկ 1914 թվականին բնակչության թիվը հասել է 156 մարդու։

Հայտի է, որ 1880-ական թվականներին Թոսիկի բնակիչները տեղափոխվել են հին գյուղից մոտ 2 կմ հարավ և հիմնել նույն անվամբ նոր գյուղ։ Հին գյուղում գործել է Սուրբ Եղիշե եկեղեցին՝ կառուցված 19-րդ դարում։ Նոր գյուղում բնակիչները կառուցել են նոր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին անունով։ 

1918 թվականին տարածաշրջան ներխուժած օսմանյան և տեղի՝ թաթարական զորքերն ավերել են գյուղը, ինչից հետո այն վերածվել է գյուղատեղիի։

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 114։

Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 257-258։

Մաժակ, Նիւթեր ուտէացւոց վերաբերութեամբ, «Մեղու Հայաստանի», 1881, N 123, 1 յուլիսի, էջ 1։

Эзовъ Г.А., Сношенія Петра Великого съ армянскимъ народомъ, Санктпетербургъ, 1898, стр. 427-428.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում