2026
2026-03-21
Թեև ադրբեջանական կառավարությունը շարունակաբար պնդում է, որ իրենք «վերակառուցում» են Արցախը, զբոսաշրջիկների համար բացում են սահմանները, ներդնում մուտքի թույլտվության և օնլայն գրանցման համակարգեր, սակայն օտարերկրացի ճանապարհորդի ներկայացրած փաստերն այլ բանի մասին են վկայում։
Կորեացի ճանապարհորդ Յանգ Մինն օրեր առաջ յութուբյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է Արցախ կատարած իր այցի մասին։ Այդ այցը նա նկարագրում է որպես «ամենաբարդը՝ 129 երկրներով շրջագայությունների ընթացքում»։
Ճանապարհորդության ընթացքում զբոսաշրջիկի արձանագրածն ամենևին կապ չունի ադրբեջանական՝ ներկայացվող «իրականության» հետ։
Արցախի հայկական հուշարձաններ
Յանգ Մինի այցի նպատակն Արցախի հայկական հետքն ու հայկական հուշարձանները տեսնելն է եղել նաև։ Սակայն, ինչպես նա ասում է իր տեսանյութում, դեպի հայկական որոշ հուշարձաններ՝ մասնավորապես՝ Ստեփանակերտի մայր տաճար այցելելություններ կազմակերպելու նրա բազմաթիվ խնդրանքներն անպատասխան են մնացել։ Դրանք մերժվել են՝ «ուշանում ենք» կամ «ավելի ուշ կայցելենք» խուսափողական պատասխաններով։ Զբոսաշրջիկն ընդգծում է, որ խմբին չի թույլատրվել անգամ քայլել Ստեփանակերտում։ Ստեփանակերտը նա բնութագրում է հետևյալ բառերով «Ողբերգություն, տխրություն։ Ուր էլ որ գնաս, դատարկ տներ են»։ Կորեացին փաստում է, որ ամենուր հայկական հուշարձաններն ավերված են կամ «վերակառուցված»։
Գրանցումների կայքի թերությունները
2025 թվականի հուլիսին ադրբեջանական կառավարությունը ներդրել է հատուկ ընթացակարգ՝ Արցախ այցելող զբոսաշրջիկներին թույլտվություն տրամադրելու գործընթացը հեշտացնելու և արագացնելու նպատակով։ Ինչպես երևում է տեսանյութում, Արցախ զբոսաշրջիկների մուտքի թույլտվության օնլայն համակարգը չի գործում ինչպես երկրից դուրս, այնպես էլ՝ երկրի ներսում։ Զբոսաշրջիկների համար միակ հնարավորությունը մնում է նախօրոք կազմակերպված խմբային տուրերով այցելությունը։ Դրանք ոչ միայն սահմանափակում են զբոսաշրջիկների այցելություններն ու ուսումնասիրությունների հնարավորությունները տարածքում, այլև ստիպում են հետևել սահմանված և ներդրված խիստ օրակարգին։
Որպես օրինակ՝ զբոսաշրջիկը նշում է, որ զբոսավարը համառորեն խուսափում էր ցանկացած հարցից, ինչը վերաբերում էր հայերին և տեղի հայկական մշակույթին, կամ ինչ-որ չափով շեղվում էր Ադրբեջանի քաղաքական ուղղվածությունից։
Կորեացին հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում՝ նշելով, որ եթե «անցյալում Հայաստանից Արցախ օտարերկրյա ճանապարհորդների համար կար ուղղակի անձնագրային անցակետ», հիմա «տարածք այցելելու միակ ճանապարհն Ադրբեջանից դեպի արևմուտք ճանապարհորդելն է՝ հատուկ թույլտվություններով»․ Ակնայի սահմանին (Աղդամ) «ստուգվում է ոչ միայն անձը հաստատող փաստաթուղթը, այլև՝ ճամփորդական թույլտվությունը»։
Կեցության հետ կապված խնդիրներ
Չնայած Արցախի տարածքը վերաբնակեցնելու ադրբեջանական կառավարության մեծ ջանքերին՝ այնուամենայնիվ, այստեղ բացակայում են զբոսաշրջիկների համար նախատեսված հարմարությունները։ Միջազգային կայքերում գրանցված չեն Ստեփանակերտում գտնվող որևէ հյուրանոցի տվյալներ։ Զբոսաշրջիկն ընդգծում է, որ այս ոլորտում նույնպես «ադրբեջանական հյուրընկալություն» կոչվածը զերծ չէ օտարերկրացի զբոսաշրջիկին խաբելուց, մի քանի անգամ ավելի մեծ գումարներ կորզելուց։
Ճանապարհորդության ընթացքում առաջացած խնդիրներ
Կորեացի զբոսաշրջիկը փաստում է, որ Արցախի տարածքում բացակայում է կապը։ Զբոսաշրջիկը չի ստացել նախնական որևէ տեղեկություն կամ ուղեցույց՝ տարածքի վերաբերյալ։ Նա դժգոհ է մնացել նաև սպասարկման ոլորտի աշխատողների սառը և վատ վերաբերմունքից։ «Ահա, թե ինչ է իրենից ներկայացնում Արցախ այցելելու միակ հնարավոր ձևը՝ այն էլ խմբային տուրերով»,-նշում է զբոսաշրջիկը։
«Ուղեկցորդ, թե՞ քարոզիչ»
Ուղեկցորդի նկարագիրը նույնպես տալիս է ադրբեջանական կառավարության վարած քաղաքականության համապարփակ պատկերը՝ տևական լռություն, հարցերի պատասխաններից խուսափել, պատմական համատեքստի լիակատար բացակայություն, ընդգծված պրոպագանդա, կողմնակալ և քաղաքականացված մեկնաբանություններ, նախկին՝ հայկական ղեկավարության հասցեին հնչեցված վիրավորական բնորոշումներ և այլն։ Ճանապարհորդի խոսքերով՝ ակնհայտորեն տեղի էր ունենում «ուղեղի լվացում»։ «Բացի դրոշների ցուցադրությունից, ադրբեջանական պոռթկուն երաժշտությունից և անկանոն վանդալիզմից՝ մենք տեսանք, որ ադրբեջանցիները ցանկանում են, որ ամեն բան, ինչը հայկական է, վերացվի»,- ասում է Յանգ Մինը։
Համատարած խաբեություն
Կորեացի զբոսաշրջիկն իր տեսանյութն ավարտում է հետաքրքիր ձևակերպումներով․ «Բաքվի վարձույթով մեքենայի վարորդից մինչև փողոցային խաբեբաներ, հյուրանոցային խնդիրներ, ռեստորանի աշխատակիցներ, դուք ամբողջովին խայտառակեցիք ձեր երկրի կերպարը»։ «Անկեղծ ասած՝ մինչ հիմա տեսել եմ միայն նավթադոլլարներ և ոչ մի իրական արժեք»,- իր այցն ամփոփում է զբոսաշրջիկը։