2026

Նախիջևանի Շահկերտ (Ղազանչի) գյուղը

2026-02-16

Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Երնջակ գավառի հայկական նշանավոր բնակավայրերից էր Շահկերտը, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 13-րդ դարին։ Ըստ հայ նշանավոր պատմագիր Ստեփանոս Օրբելյանի՝ գյուղը Տաթևի վանքին վճարել է տարեկան ութ դահեկան հարկ[1]։

Հայտնի է, որ միջնադարից սկսած, հայկական տեղանուններին զուգահեռ, օգտագործվել են նաև օտար անուններ, որոնք երբեմն մատնանշել են նաև արհեստներ։ Այդ կարգի տեղանունները հիմնականում վերջացել են թյուրքական «չի» վերջածանցով[2]։ Շահկերտը հայտնի է եղել նաև Ղազանչի անունով, որ նշանակել է «Կաթսայագործ գյուղ»[3]։

Գյուղը գտնվում է Երնջակ գետի աջ ափին՝ այգեվետ և հարթավայրային վայրում։ Բնակիչները, մինչև 1919 թվականը, բացառապես հայեր են եղել։ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո՝ 1828-1829 թվականներին, Սալմաստից այստեղ են գաղթել բազմաթիվ հայ ընտանիքներ։ 1915-1918 թվականներին գյուղն ունեցել է մոտ 400 տուն հայ բնակչություն[4]։ Իր մեծաթիվ բնակչության պատճառով Շահկերտը, գյուղի փոխարեն, երբեմն անվանվել է նաև ավան։

13-17-րդ դարերում շահկերտցիների շրջանում տարածված է եղել պղնձագործությունը (այստեղից էլ Ղազանչի անունը, որը նշանակում է կաթսայագործ)։

Ավանդության համաձայն՝ գյուղն ունեցել է 1500 տուն և աշխատեցրել է 42 աղորիք-ջրաղաց[5]։ Սակայն 19-րդ դարի 2-րդ կեսից գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել է երկրագործությունը, շերամապահությունն ու մեղվաբուծությունը։ Տեղացիները Շահկերտ անվան ծագումը կապում են մի ավանդության հետ, ըստ որի, պարսից շահը մտել է գյուղ, և գյուղացիներն այդ պատճառով այն անվանել են նախ՝ «Շահ գիրդի» (իմա՝ «Շահը մտավ»), ապա ձևափոխվելով դարձել է Շահկերտ[6]։

Ժողովրդական մեկ այլ ստուգաբանությամբ՝ գյուղի Ղազանչի անունը կապված է ոչ թե պղնձագործության, այլ՝ «ղազանչի, կազանչի» բառի հետ, որ նշանակում է «դատել, վաստակել»[7]։

Շահկերտ գյուղը 1749-1750 թվականներին Հովհաննես Խանդամիրյանի գլխավորությամբ ապստամբել է Նախիջևանի Հեյդար-Ղուլի խանի դեմ։ Այս կռիվներում շահկերտցիներն օգտագործել են իրենց կողմից ձուլված թնդանոթներ։ Ի վերջո, ապստամբությունը ճնշվել է, և շահկերտցիները գաղթել են Կապան[8]։ Հեյդար-Ղուլի խանի վրեժխնդրությունից խուսափելու նպատակով հետագայում Ղազանչի գյուղի բնակիչները գաղթել են Արցախ՝ Շուշի՝ ձևավորելով Ղազանչեցոց թաղամասը[9]։ Այստեղ էլ 1868-1887 թվականներին կառուցվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի բացումը կատարվել է 1888 թվականի սեպտեմբերի 20-ին[10]։

Շահկերտում 1897 թվականին բացվել է պետական (ռուսական) դպրոց[11]։

Հայտնի շահկերտցիներ են եղել 16-րդ դարի հայ նշանավոր կաթողիկոս Ազարիա Ջուղայեցին[12], իշխաններ՝ Հովհաննես և Վարդազար Խանդամիրյանները, զորահրամանատար Ղազանչեցի Ղազարը, Շուշիում հաստատված մեծահարուստ առևտրականներ և բարերարներ Մարկոս ու Զահրապ Թառումյանները[13] և այլք։

Խորհրդային շրջանում գյուղում ապրել են հայեր և ադրբեջանցիներ։ Սակայն 1974 թվականից հետո այստեղ այլևս հայեր չեն ապրել[14]։

Գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, սակայն դրանց մեծ մասը ներկայումս ավերակ վիճակում է։

Շահկերտի կենտրոնական մասում է գտնվում Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը կառուցվել է 12-13-րդ դարերում, վերանորոգվել է 1654 թվականին։ Մուտքն արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում է։ Արևմտյան ճակատում կան արձանագրություններ, իսկ մուտքերը երիզված են զարդաքանդակներով։ Վանքը 1990-ական թվականների սկզբներին կանգուն է եղել։

Շահկերտի Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում։ Գտնվել է գյուղի հարավարևելյան մասում, մուտքն՝ արևմտյան ճակատում։ Որմնանկարներ, պատկերաքանդակներ, զարդաքանդակներ չի ունեցել։ Ներկայումս եկեղեցին ավերված վիճակում է։

Երնջակ գետի վրա 1551 թվականին Պողոս Ղազանչեցի վարդապետի կողմից կառուցվել է Շահկերտի կամուրջը, որը ներկայումս գործող է։

Գյուղի հյուսիսարևելյան մասում է գտնվում հին գերեզմանատունը, որը վերաբերում է 10-18-րդ դարերին։ Պահպանված են 700-720 տապանաքարեր, որոնցից արձանագիր են 236-ը[15]։

Նոր գերեզմանատունը գտնվում է գյուղի հարավարևմտյան մասում և վերաբերում է 18-20-րդ դարերին։ Այստեղ պահպանված են 400-410 տապանաքարեր, որոնցից արձանագիր են 270-275-ը։ 18-19-րդ դարերին վերաբերող արձանագրությունների մի մասը քայքայված է[16]։ Մեկ այլ գերեզմանատուն, որը վերաբերում է 17-20-րդ դարերին, գտնվում է գյուղի հյուսիսային կողմում։ Այստեղ պահպանված են 71 տապանաքարեր, որոնցից 23-ը՝ արձանագիր[17]։

Գյուղի հյուսիսային կողմի սրածայր լեռնագագաթին է գտնվել 10-12-րդ դարերում կառուցված Շահկերտի բերդը։ Կառուցվել է Սյունյաց աշխարհի և Երնջակ գավառի հայ իշխանների կողմից։ 18-րդ դարում բերդը վերակառուցվել է շահկերտցի մեծատոհմիկ Հովհաննես Խանդամիրյանի կողմից։ Միջնաբերդը գտնվել է լեռան գագաթի անմատչելի տեղում, պարիսպները եղել են քարաշեն, աշտարակազարդ։ Ներկայումս բերդն ավերակ վիճակում է։

Գյուղի հյուսիսարևելյան թաղամասում է գտնվել Շահկերտի քարավանատունը, որը կառուցվել է 16-17-րդ դարերում․ այն ավերված է։

Շահկերտ գյուղն այժմ գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանում, ադրբեջանաբնակ է[18]։

Գրականություն

Մ․ Չամչյանց, Հայոց պատմություն, հ․ Գ, Երևան 1984։

Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

Ստ․ Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1986։

Առ․ Դավրիժեցի, Պատմություն, Երևան 1988։

Մ․ Բարխուդարյան, Արցախ, Բագու, 1895։

Մ․ Բարխուդարյան, Արցախ, Երևան, 2019։

Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, III, Շարիաթական նոտարական փաստաթղթեր (ԺԷ-ԺԸ դդ․), Երևան 2018։

Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 3, ցուցակ 1, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991։

Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, ցուցակ 1, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։

Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան 1986։

Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։

Վ․ Բալայան, Շուշի, Երևան, 2017։

[1] Ստ․ Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1986, էջ 403։

[2] Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, III, Շարիաթական նորարարական փաստաթղթեր (ԺԷ-ԺԸ դդ․), Երևան, 2018, էջ 49։

[3] ՂԱլիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 362։

[4] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․ 3, ցուցակ 1, Երևան 1991, էջ 497-498։

[5] ՂԱլիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 362։

[6] Նույնի՝ էջ 362։

[7] Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․ 4, ցուցակ 1, Երևան 1998, էջ 56-57։

[8] ՄՉամչյանց, Հայոց պատմություն, հԳ, գլ․-ԾԶ, Երևան, 1984, էջ 842-848։

[9] ՎԲալայան, Շուշի, Երևան, 2017, էջ 96։

[10] ՄԲարխուդարյան, Արցախ, Բագու, 1895, էջ 138, նաև՝ Մ․ Բարխուդարյան, Արցախ, Երևան, 2019, էջ 138։

[11] Նախիջևան․քարտեզագիրք, 2012, էջ 23։

[12] ԱԴավրիժեցի, Պատմություն, Երևան, 1988, էջ 278։

[13] ՎԲալայան, Շուշի, Երևան, 2017, էջ 146։

[14] Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․ 4, ցուցակ 1, Երևան, 1998, էջ 56-57։

[15] Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ Հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ, Երևան, 1986, էջ 73։

[16] Նույնի՝ էջ 74։

[17] Նույնի՝ էջ 74։

[18] Շահկերտ (Ղազանչի) գյուղը ներկայումս կոչվում է Qazanci։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում