2026

Պատմական Աղվանքի Բեկլարքյանդ գյուղը

2026-02-02

Բեկլարքյանդ կամ Բեգլարքենդ բնակավայրը գտնվում է Կուտկաշենից (այժմ` Գաբալա) 13․8 կմ հարավ։ Հայկական գյուղի բնակչությունն այստեղ է տեղափոխվել 18-րդ դարի վերջերին Արցախի Խաչեն, Վարանդա, Ջրաբերդ գավառներից։ Սակայն, գյուղի գերեզմանոցներում պահպանված հայկական տապանաքարերը վկայում են, որ հայերը Բեկլարքյանդում բնակվել են նաև մինչ 18-րդ դարը, որից հետո, անհայտ պատճառներով, գյուղը դատարկվել է։

1841 թվականի տվյալների համաձայն՝ գյուղում ապրել է 617 հայ բնակիչ, 1889 թվականին՝ 841 մարդ։ Գյուղի հայ բնակչությունը 1901 թվականին կազմել է 528 մարդ, 1905 թվականին՝ 590, իսկ 1914 թվականին՝ 526 բնակիչ։

Ըստ 1875 թվականի մի հիշատակության՝ գյուղում եղել է մասնավոր դպրոց, որտեղ հայոց լեզու է դասավանդել Աղասի Պետրոսյան Մովսեսյանցը։ Սուրբ Մեսրոպյան անունը կրող դպրոցի բացման գործում մեծ ավանդ է ունեցել Նուխիի հայկական թեմի առաջնորդ վարդապետ Գրիգորիս Տեր-Հակոբյանցը։ 1878-1879 ուստարում դպրոցում սովորել է 42 աշակերտ, 1880-1881 ուստարում՝ 40, իսկ 1889-1890 ուսումնական տարում՝ 28 աշակերտ։ 1895 թվականից դպրոցի գործունեության մասին տեղեկություններ չկան։

Բեկլարքյանդ գյուղում գործել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի մասին առաջին հիշատակությունը 1821 թվականից է։ Եկեղեցու մասին վերջին հիշատակությունն արձանագրվել է 1893 թվականին։ Սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանաներն են եղել Պետրոս Հախվերդյան Խաչատրյանցը (պաշտոնավարել է 1821-1851 թթ․), Հովհաննես Հարությունյանցը (1836-1845 թթ․), Սարգիս Տեր-Ստեփանյանցը (1843-1845 թթ․), Հարություն Տեր-Հովհաննիսյան-Տեր-Ավագյանցը (1856-1861 թթ․), Մկրտիչ Տեր-Պետրոսյան Բեկլարբեկյանցը (1861-1868 թթ․), Հովհաննես Աղբալյանցը (հիշատակվել է 1888 թ․), Եղիշե Տեր-Հովսեփյանը (1908-1912 թթ․)։

Բեկլարքյանդի տարածքում պահպանվել է երեք գերեզմանատեղի։ Գյուղեզրին գտնվող գերեզմանոցում թաղված են եղել 18-րդ դարում գյուղում հաստատված արցախահայ վերաբնակիչները։ Այս գերեզմանոցում թաղումներ կատարվել են մինչև 1918 թվականը։ Մյուս երկու գերեզմանոցները վերաբերել են միջնադարին։

1918 թվականից հետո Բեկլարքյանդ հայկական գյուղի մասին հիշատակություն չկա։ Այդ թվականին ամբողջ Արևելյան Այսրկովկասի տարածքում տեղական թյուրքական ուժերի և տարածաշրջան ներխուժած օսմանյան զորքերի կողմից կազմակերպված հայերի զանգվածային կոտորածներին զոհ են գնացել նաև Բեկլարքյանդի հայերը։ 

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 113։

Խոյ-Զադէ, «Նոր Դար», 1895, N 223, 19 դեկտեմբերի, էջ 2։

Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 247-250։

Մարդասիրական ընկերութեան ընդհանուր ժողովը, «Մշակ», 1888, N 17, 11 փետրվարի, էջ 1։

Սիւնեցի, Թղթակցութիւններ, «Նոր Դար», 1887, N 86, 3 յունիսի, էջ 2։

 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում