2025

Հումանիտար գիտությունների մարտահրավերներն ու միտումները

2025-12-16

«Գեղարդ» հիմնադրամի աշխատակիցները Թբիլիսիում մասնակցնեցին «Scientia. Հումանիտար գիտությունների մարտահրավերներն ու միտումները» խորագրով հինգերորդ միջազգային գիտաժողովին։ Միջոցառումը, որն ավանդաբար անցկացվում է Վրաստանի Ձեռագրերի ազգային կենտրոնում, նպատակ ունի ներկայացնել հումանիտար գիտությունների ոլորտի ժամանակակից հետազոտությունները, գիտական նորություններն ու մարտահրավերները, խթանել դրանց շուրջ ակադեմիական քննարկումները։

Իր ելույթում «Գեղարդ» հիմնադրամի աշխատակից, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, անդրադառնալով հայկական, եվրոպական, վրացական և քրիստոնեական այլ միջավայրերում քոչվորական, թյուրքական, մոնղոլական, թաթարական ցեղերի ընկալման հարցերին, նշեց, որ այս քոչվոր ժողովուրդներն աստվածաշնչյան մեկնաբանությունների համատեքստում նույնացվել են սկյութների ու հոների հետ։ 

«Հիմնվելով նմանօրինակ նույնացումների վրա՝ թյուրքերին, թաթարներին նույնացնելով սկյութների և հոների հետ, ադրբեջանցի որոշ հեղինակներ փորձում են հոներին և սկյութներին ներկայացնել որպես ադրբեջանցի, ինչը, սակայն, սխալ է և հակագիտական»,- ընդգծեց Գ․ Մարգարյանը։

1926 թվականի համամիութենական մարդահամարում Խորհրդային Հայաստանում կիրառած էթնիկ ինքնաճանաչման սկզբունքներին անդրադարձավ պ․գ․թ․ Անուշ Հարությունյանը։ «Խորհրդային մարդահամարները ոչ միայն գրանցել են ինքնությունները, այլև ակտիվորեն վերադասավորել են դրանք՝ նպաստելով թյուրքալեզու բազմազան խմբերի հետագա համախմբմանը «ադրբեջանցիներ» կատեգորիայի մեջ»,- նշեց Ա․ Հարությունյանը։

Վրաստանում ապրող ադրբեջանցիների՝ տեղի հայ բնակչության նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին խոսեց Արևիկ Հարությունյանը։ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական պետության կողմից հովանավորվող քարոզչությունը, վրացական գրադարանների միջոցով տարածվող կեղծ ու հակագիտական նյութերը, սոցիալական մեդիահարթակներում համակարգված հակահայկական ապատեղեկատվության տարածումը զգալիորեն ազդել են Վրաստանի՝ ադրբեջանական փոքրամասնության վերաբերմունքի վրա»,- շեշտեց Ա․ Հարությունյանը։

1905-1906 թվականների հայ-թաթարական բախումներին ու դրանց նախապատմությանն անդրադարձավ Աննա Պալաքյանը։ «Ըստ ամենայնի՝ հայ-թաթարական ընդհարումները հրահրվել են ցարական իշխանությունների կողմից։ Դրանց պատճառները եղել են քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրոնական և էթնիկ մակարդակներում տասնամյակներ շարունակ Կովկասում կուտակված բազմաբնույթ հակասությունները»,- նշեց Ա․ Պալաքյանը։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Տոկիոյի Մետրոպոլիտան Համալսարանի հետազոտող Հիրոտակե Մաեդան, ով ներկայացրեց ուշ միջնադարում վրացական հասարակության պատկերի վերաբերյալ իր ուսումնասիրությունը, հայ-վրացական եկեղեցական առնչություններին անդրադարձավ Վրաստանի Կովկասի համալսարանի դասախոս Շոթա Մատիտաշվիլին։ Հետազոտող Դավիդ Մերկվիլաձեի ելույթը, Վրաստանում մինչև Նոր շրջանը պահպանված ստրկավաճառության երևույթի մասին էր։ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան Պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Նատո Սոնղուլաշվիլի զեկույցը վերաբերում էր 18-19-րդ դարերում ռուս-թուքական պատերազմներում Բաթումիի խնդրին։

Գիտաժողովի թեմաների շուրջ, որն ընդգրկում էր հումանիտար գիտությունների լայն շրջանակ, տեղի ունեցան բովանդակալից քննարկումներ, հարցուպատասխանի ձևաչաձով անդրադարձ եղավ ներկայացված հետազոտություններին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում