2025
2025-10-28
Պատմական ու առասպելական կերպարներն ադրբեջանականացնելու կամ թյուրքականացնելու նկրտումներն Ադրբեջանում հասել են Տորք Անգեղին։ Ըստ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նասիմիի (միջնադարյան պոետ, որին ադրբեջանցիները յուրացրել են) անվան լեզվագիտության ինստիտուտի Հին լեզուների և մշակույթների բաժնի ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Իլհամի Ջաֆարսոյի՝ Տորքը պարզապես նույն Թյուրքն է, իսկ հայերը շուրջ 250 տարի կեղծել են դա։ Ջաֆարսոյը, որպես Տորք-Թյուրքի «ապացույց», նշում է, որ նա ժայռերի վրա եղունգներով արծիվներ է փորագրել, իսկ արծիվը «թյուրքական բառ ու խորհրդանիշ է»։ Ինչպես ասում են՝ ամեն հանճարեղ բան պարզ է։
Ըստ Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարան»-ի՝ արծիվը բնիկ հայերեն բառ է՝ կազմված արի և ծիւ արմատներից։
Արծիվը պատկերված է Արտաշեսյան արքաների թագերին, հատված դրամներին։ Միջնադարյան աղբյուրների համաձայն՝ Արշակունիների դինաստիայի թագավորները նույնպես «կրում էին արծվի խորհրդանիշը»։
Վերադառնանք Տորքին։ Հայկական առասպելաբանության ամենահայտնի կերպարներից է Տորք Անգեղը։ Պատմիչ Մովսես Խորենացին վկայում է, որ Տորքն աներևակայելի ուժի տեր դյուցազն էր, հայ ժողովրդի նախահայր Հայկի ծոռը․ «զայր խոժոռագեղ եւ բարձր եւ կոպտարանձն եւ տափակաքիթ, խորակն եւ դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առաւել ժահադիմութեանն ձայնէին Անգեղ եայ, վիթխարի հասակաւ եւ ուժով, հաստատէ կուսակալ արեւմտից․․․»։
Գաղտնիք չէ, որ «Ադրբեջանի հին և հնագույն շրջանի պատմության» հորինումը, ադրբեջանցիների բնիկացումն ու տեղայնացումն սկսվել է դեռևս խորհրդային վաղ շրջանից։ Պատմության ստեղծման բաղադրիչներից մեկը պատմական տարբեր ժամանակաշրջանների քաղաքական և մշակութային անձանց ադրբեջանցի հռչակելն է։ Оրինակները բազմաթիվ են։
Առհասարակ՝ ադրբեջանականացումը կատարվում է երկու հիմնական եղանակով․ եթե անձը թյուրքախոս է կամ մուսուլման, միանգամից ներկայացվում է ադրբեջանցի, եթե քրիստոնյա է, նախ աղվանականացվում է, ապա՝ յուրացվում։
Կան դեպքեր, երբ ադրբեջանականացումն իրականացվել է պատմական աղբյուրներն ու փաստերը հարմարեցնելու և յուրովի մեկնաբանելու ճանապարհով։ Անկախ ամենից՝ Ադրբեջանում հարևան ժողովուրդների մշակութային ժառանգությանը հավակնելն արդեն մոտ մեկդարյա պետական քաղաքականություն է։
Չմոռանանք Ջաֆարսոյին․․․
Ըստ «գիտնականի»՝ գերմանացիների նախնիները Գերմանիա գնացել են ներկայիս Թուրքիայի տարածքից, իսկ հին գերմաներենն ազգակից է թյուրքական լեզուներին։ Ջաֆարսոյը պնդում է, թե հայերը, լավ իմանալով այս ամենը, թաքցրել են «ճշմարտությունը»։ Իսկ ադրբեջանցիներն անտեղյակ են եղել, քանի որ ցարական և խորհրդային շրջանում խելացի մարդկանց գնդակահարել են կամ աքսորել Սիբիր։
Ինչ վերաբերում է Նասիմիին, ում անունը կրող Լեզվագիտության ինստիտուտում է աշխատում այս «հանճարեղ» գիտնականը․․․
Համաձայն Բրիտանիկա հանրագիտարանի՝ «Նասիմին 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի միստիկ բանաստեղծ է, ով գրել է թյուրքերեն, պարսկերեն և արաբերեն»։ Նասիմիի ծննդյան վայրի տարբեր վարկածներ կան, սակայն հայտնի է, որ նա երբևէ չի ապրել ներկայիս Ադրբեջանի տարածքում։ Բանաստեղծը մահացել է 1418 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ էլ գտնվում է նրա գերեզմանը։
Ադրբեջանը լավ հարաբերությունների մեջ է 2024 թվականի վերջին Թուրքիայի աջակցությամբ Սիրիայում ձևավորված նոր ղեկավարության հետ։ Օգտվելով դրանից և Սիրիայում առկա անորոշ ու անկայուն իրադրությունից՝ Ադրբեջանի ղեկավարությունն սկսել է լրջորեն դիտարկել Նասիմիի գերեզմանն Ադրբեջան տեղափոխելու հնարավորությունը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ այդ թեմայով Ադրբեջանի և Սիրիայի միջև շփումներ արդեն եղել են։
Հարկ է նշել, որ նման քաղաքականությունը միայն Ադրբեջանի «հին շրջանի» կեղծ պատմության ստեղծման և ադրբեջանցիների բնիկացման նպատակ չի հետապնդում, այլ վաղուց արդեն դարձել է հարևանների հանդեպ Բաքվի ծավալապաշտության կարևոր բաղադրիչներից մեկը։