2025
2025-07-22
Ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի՝ Տոմսկի համալսարանի պարբերականներում ադրբեջանցի հեղինակների կողմից հակահայկական և հակագիտական հոդվածներ հրապարակվելու վերաբերյալ, ստացվել է Տոմսկի համալսարանի ղեկավարության պատասխան նամակը։
Ի պատիվ Տոմսկի համալսարանի ղեկավար կազմի՝ «Գեղարդ» հիմնադրամի մատնանշած փաստերը քննության են առնվել հատուկ հանձնաժողովի կողմից։ Չհերքելով հիմնադրամի ներկայացրած խնդրահարույց դեպքերի առկայությունն ու ադրբեջանցի հեղինակների կեղծարարությունները՝ համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում ավելի պատասխանատու և զգուշավոր լինել նմանօրինակ հոդվածների նկատմամբ։
Մեր հորդորն է ադրբեջանցի հեղինակներին, ովքեր նշված համալսարանի պարբերականներում հակահայկական հոդվածներով են հանդես գալիս, ինչպես օրինակ՝ Նիգար Գոզալովան է, այսուհետ փորձել գիտությամբ զբաղվել անաչառ և օբյեկտիվ՝ անկախ այն հանգամանքից, որ դա կարող է վեր հանել սեփական երկրի՝ Ադրբեջանի պատմության հորինվածքները։
«Գեղարդ» հիմնադրամը, շնորհակալություն հայտնելով Տոմսկի համալսարանի ղեկավարությանը՝ պրոֆեսիոնալ մոտեցման և անաչառության համար, կշարունակի հետևողական լինել հակահայկականության և հակագիտականության հետագա դրսևորումների նկատմամբ։