2025

Գողթն գավառի Ռամիս գյուղը

2025-07-17

Գողթն (Գողթան) գավառի հայկական գեղատեսիլ գյուղերից էր Ռամիսը[1]։ Գյուղը հայտնի է եղել նաև Ռամիք, Ռումիս, Ուռումիս, Ուրցմիս, Ուրիմիս անվանաձևերով։ Աշխարհագրական առումով՝ Ռամիսը գտնվել է Զանգեզուրի լեռնաշղթայի բարձրադիր գոտում՝ Լեռնային Գողթնում՝ 2600-2800 մետր բարձրության վրա։

Ըստ Ղևոնդ Ալիշանի և Երվանդ Լալայանի՝ Ռամիսը հիշատակվում է Ագուլիսի Սուրբ Թովմա վանքի արևմտյան ճակատի՝ 17-րդ դարի վիմական արձանագրության մեջ՝ Գողթն գավառի գյուղերի և ավանների թվում։

«Բարդուղիմէոս ի Հայս եկեալ,

Զտուն Տեառն նախ աստ հիմնարկեալ,

Սուրբ Թովմայի առաքելոյն անուն կոչեալ

Կոմսի անուն զիւր աշակերտն

Տեսուչ տեղւոյս զնա եդեալ

Որ եւ ըզտուն Գողթն գաւառիս

Ի նա յանձնեալ ըզհօտն ընտրեալ

Մերձ Ագուլիս եւ Դաշտ գովեալ,

Ցղնա, Ռամիս սըմա յանձնեալ

Բուստ, Փառակեա եւըս տըվեալ․․․»[2]։

Ռամիսը հիշատակված է 18-րդ դարի ժամանակագիր Իսահակ վարդապետի հիշատակարանի «Յարմարօղ սորին» հատվածում, որտեղ նշված է, որ այն գրվել է ՌՃԽԴ (1695) թվին՝ Սուրբ Թադեոսի վանքում՝ «ի խնդրոյ Ռամիսցի պարոն Անուշին»[3]։

1829 թվականի տվյալներով՝ Ռամիսում ապրել է 55 տուն հայ բնակչություն, 1873 թվականին՝ 377 տուն։ 1907 թվականին գյուղը հայաբնակ է եղել՝ 335 տուն բնակչությամբ։ 1914 թվականի դրությամբ՝ գյուղում ապրել են միայն հայեր, իսկ 1940 թվականին գյուղի բնակչությունը նվազել է․ 70 տուն հայ ընտանիք։

Ռամիսի և նրա շրջակայքի հնությունների ավերակներն ապացուցում են, որ բնակավայրը հիմնված է եղել շատ վաղ ժամանակներում։ Միջնադարում գյուղը բավականին զարգացած է եղել, ինչի մասին են վկայում տարբեր հուշարձանների, եկեղեցիների, մատուռների, սրբավայրերի, բերդերի, ջրաղացների ավերակները, ընդարձակ գերեզմանատունը։ Այս վերջինը գտնվել է գյուղի հյուսիսարևելյան թաղամասում և վերաբերել է 14-19-րդ դարերին։ Գերեզմանատանը եղել են 600-ից ավելի տապանաքարեր և բազմաթիվ խաչքարեր, որոնցից 124-ը՝ արձանագրություններով, որոնք քայքայված և դժվարընթեռնելի են եղել։ 1974 թվականի խորհրդային տեղագրական քարտեզի վրա Ռամիսի գերեզմանատունը փաստագրված է։ Գերեզմանատունն ավերվել է 2009 թվականին, ինչը փաստում են արբանյակային լուսանկարները։ Գյուղի և նրա շրջակայքի ավերակներում դեռևս տեսանելի են մի քանի մատուռների, ջրաղացների, բերդերի հետքերը։

Ռամիսի ամենանշանավոր հուշարձանը բարձրադիր թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը հիշատակվում է Ղ․ Ալիշանի և Երվանդ Լալայանի կողմից։ Եկեղեցու պատերին պահպանվել են բազմաթիվ վիմագիր արձանագրություններ։ Սուրբ Աստվածածինը կառուցվել է 12-րդ դարում, վերանորոգվել է 1677-78 թվականներին և, ըստ պահպանված վիմագիր արձանագրության, վերանորոգող ճարտարապետն է եղել «ուստա Մուրադը»։ Եկեղեցին հարուստ է եղել պատկերաքանդակներով և որմնանկարներով։ Սուրբ Աստվածածին եկեղեցին 1980-ական թվականների դրությամբ դեռևս կանգուն է եղել, սակայն ադրբեջանցիների կողմից ամբողջությամբ ավերվել է 2000-2009 թվականներ ընկած ժամանակահատվածում։

Ռամիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմական գերեզմանատանը եղել է 16 տապանաքար, որոնցից 12-ում պահպանվել են հայկական արձանագրություններ, որոնք փաստաթղթավորվել են պատմաբան Արգամ Այվազյանի կողմից։

Գյուղամիջում է գտնվել միջնադարում կառուցված Սուրբ Հովհաննես (Սուրբ Հակոբ) եկեղեցին, որը հիշատակվել է 1840 թվականին։ Այժմ ավերակ վիճակում է։

Գյուղից 5 կմ հարավ՝ կիսավեր վիճակում պահպանվել է Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիշատակվել է 1890-ական թվականներին։

Ռամիսի հյուսիսարևմտյան թաղամասի բարձրադիր վայրում պահպանվել են Սուրբ Կարապետ մատուռի մնացորդները։ Գյուղում չեն եղել մուսուլմանական հուշարձաններ։

Գյուղն ուշ միջնադարում եղել է նաև գրչօջախ, որտեղ գրչագրվել է 1604 թվականով թվագրված ձեռագիր մատյան։ Ռամիսում 1890 թվականին բացվել է հայկական եկեղեցական-ծխական դպրոց։

1919 թվականի ամռանը գյուղը ենթարկվել է թուրք-թաթարական զորքերի հարձակմանը։ Ռամիսի հայ բնակչությունը Լեռնային Գողթնի հայկական մյուս հինգ գյուղերի՝ Բիստի, Ցղնայի, Նասրվազի, Փառակայի և Ալահիի բնակիչների հետ միասին ամիսներ շարունակ դիմադրել է թշնամու գրոհներին։ Ռամիսի վերջին՝ 7 տուն հայ բնակիչները տեղահանվել են 1989 թվականին։

Գյուղը ներկայումս գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում՝ Օրդուբադ քաղաքից մոտ 20 կմ հյուսիս-արևմուտք, և գրեթե ավերակ վիճակում է։

Գրականություն՝

ՂԱլիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

ԵԼալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904։

ԹԽՀակոբյան, ՍտՏՄելիք-Բախշյան, ՀԽԲարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Երեւան 1998։

ԱԱյվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, 1995։

ԱԱյվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ։ Երևան, 1986։

Ա Այվազյան, Ռամիսի եռանավ բազիլիկան և նրա վիմագրությունները։ Պատմաբանասիրական հանդես, 1979, հ

Նախիջևանքարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։

ԷԶոհրաբյան, Նախիջևանի հիմնահարցը և Հայաստանի «դաշնակիցները» (1918 թդեկտեմբեր-1920 թապրիլ), Երևան, 2002։

Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ., Հ. 1, Նյութեր հայ ժողովրդի պատմության Գիրք 3: Կազմ.՝ Վ.Ա. Հակոբյան, ՀՍՍՌ ԳԱ, Պատմ. ին-տ.-Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951։

[1] Ռամիս՝ ադրբ․ Urmis․

[2] Ղ․ Ալիշան, Սիսական, ԺԱ․ Գողթն, Վենետիկ, 1893, էջ 326։

[3] Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ., հ. 1, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան,1951, էջ 297-298։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում