2025

Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում

2025-07-11

Ադրբեջանում շիա հոգևորականների ու հավատացյալների նկատմամբ ճնշումներն ու հալածանքներն ամենևին էլ նոր երևույթ չեն։ Բաքուն մշտապես նպատակ է հետապնդել իր վերահսկողության տակ պահել հավատացյալներին, թույլ չտալ կրոնական արարողությունների ընթացքում երթերի անցկացումը՝ դրանք գործող վարչակազմի համար համարելով վտանգ ։

Աշուրայի սգո արարողության[1] օրն ադրբեջանական իշխանության կողմից շիա հոգևորականների ու հավատացյալների նկատմամբ վայրագության դրսևորման հերթական առիթն էր։ Բաքվի իշխանությունների հրահանգով Ադրբեջանում Աշուրայի օրը նշվել է հուլիսի 5-ին, թեպետ այն պետք է նշվեր հուլիսի 6-ին, ինչպես նշել են աշխարհի շիա հավատացյալները։ Տեղի ունեցածն առաջացրել է շիա հավատացյալների դժգոհությունը։

«Իմամ Զաման» մզկիթի ախունդ (մահմեդական կրոնավոր) Հաջի Հաբիլ Իսկանդերլին տոնի նախօրեին հայտարարել էր, որ «Աշուրայի օրը հուլիսի 5-ին նշելն իշխանությունների հրամանն է, իսկ հուլիսի 6-ին՝ հավատքի, Աստծո հրամանն է»։ Նա կոչ է արել հավատացյալներին երկու օրն էլ նշել։  Ավելի ուշ Ախունդը տարվել է ոստիկանություն, ինչից հետո նրան ազատել են «Սահիբես Զաման» մզկիթի իմամի պաշտոնից։  

Ընդունված է, որ Աշուրայի օրը հավատացյալները մասնակցեն սգո երթերին ու աղոթքներին։ Մզկիթներում կատարվում են ողբերգական երգեր, լացով ու սգալով հիշատակվում է իմամ Հուսեյնի նահատակությունը։

Հուլիսի 6-ի վաղ առավոտյան մզկիթների տարածքում ոստիկանական ծառայողներ և քիչ թվով հավատացյալներ են եղել։ Գործել են խիստ սահմանափակումներ։ Որոշ բնակավայրերում հավատացյալների ու ոստիկանների միջև քաշկռտուք է տեղի ունեցել։ Ոստիկանները, բիրտ ուժի կիրառմամբ, փորձել են խոչընդոտել հավատացյալների մուտքը մզկիթ, տեսանկարահանել նրանց, «անհնազանդներին» ծեծի ենթարկել։ Հավատացյալներից խլել և անարգել են «Ես Հուսեյնն եմ» գրությամբ դրոշները՝ պնդելով, թե դրանք «չեն պատկանում Ադրբեջանին»։

Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են հավատացյալներն արտահայտում իրենց վրդովմունքը սահմանափակումների վերաբերյալ։

Նարդարան գյուղում, որը համարվում է Ադրբեջանի «կրոնական մոլեռանդության» կենտրոնն ու Իրանի ազդեցության գոտին, անվտանգության ուժերը սգո արարողության ժամանակ ներխուժել ու խուզարկություն են իրականացրել մզկիթներից մեկում՝ ձերբակալելով միջոցառման 15-20 մասնակցի։

Մեկ այլ դեպքում՝ արգելվել է հավատացյալների մուտքը Բաքվի ծովախորշում գտնվող Բիբի-Հեյբաթ մզկիթ։

Սումգայիթի «Ջումա» մզկիթի տարածքում «Ես Հուսեյնն եմ» վանկարկումներով ակցիայի արդյունքում ոստիկանությունը ստիպված է եղել բացել մզկիթի դռները։

Գյանջայում ուժայիններն անձրևի ժամանակ կանանց դուրս են հանել մզկիթից, անգամ ծեծի են ենթարկել։

Լրագրող Արզու Աբդուլլա Գյուլզամանը բարձրաձայնել է Բաքվում կրոնական ծիսակարգերի անցկացման սահմանափակումների մասին։ Ըստ նրա՝ մզկիթում իրեն թույլ չեն տվել ողբ արտասանել՝ պատճառաբանելով, թե «կառավարությունը թույլ չի տալիս լաց լինել», իսկ հսկիչ ոստիկանները պատասխանել են, թե «իշխանությունը հուլիսի 5-ին է նշել, իսկ Դուք Իրանի օրենքներով եք առաջնորդվում (բառացի՝ Իրանի հետ եք գնում)»։

Աշուրայի օրը ոչ միայն կանանց մուտքն է արգելվել մզկիթ, այլև՝ երեխաների։ Դեռևս հունիսի վերջերին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունն ու Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն համատեղ նախազգուշացրել են, որ պետք է խուսափել անչափահասներին կրոնական արարողությունների մասնակիցը դարձնելուց։

Սոցիալական աշխատող Սանուբար Հեյդարովան մատնանշել է, որ այս արգելքը հակասում է պետական կրթական քաղաքականությանը, քանի որ ադրբեջանական դպրոցներում երեխաներին վաղ տարիքից դաստիարակում են ռազմական հռետորաբանությամբ, «տանկերի տակ ճզմված զինվորների լուսանկարներով»։ Իսկ իրավաբան Խալիդ Բագիրովը, հղում կատարելով ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, նշել է, որ ծնողներն ունեն հիմնարար իրավունք՝ իրենց երեխաներին դաստիարակելու ըստ իրենց կրոնական համոզմունքների։ Նման արգելքները շիական համայնքի նկատմամբ սահմանափակումների համակարգված քաղաքականության դրսևորում են։

«Մուսուլմանական միասնության շարժման» ներկայացուցիչ Ալեմդար Բունյադովի խոսքով՝ նման մոտեցումը ցույց է տալիս պետության բացահայտ թշնամական վերաբերմունքը շիական համայնքի նկատմամբ։

Բացի այդ՝ ադրբեջանական իշխանություններն ամեն կերպ փորձում են կանխել իրանական ազդեցության տարածումը երկրում, քանի որ Ադրբեջանի շիա հավատացյալներն իրենց աղոթքների և կրոնական հարցերի մեջ հիմնականում առաջնորդվում են իրանցի բարձրաստիճան կրոնական առաջնորդների ֆեթվաներով (կրոնական հրամանագիր)։ Նշենք, որ բազմաթիվ շիա հոգևորականներ, հատկապես վերջին տարիներին, Ադրբեջանում ենթարկվում են ազատազրկումների՝ Իրանի Իսլամական Հանրապետության օգտին լրտեսելու, թմրանյութերի օգտագործման, խուլիգանության, պետական դավաճանության հոդվածներով։ Ըստ «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» ՀԿ-ի տվյալների՝ երկրում ընդհանուր քաղբանտարկյալների թիվը 375 է, որոնցից 241-ը (64%) կրոնական հիմքով ձերբակալվածներն են։

Մինչ Բաքուն միջազգային հարթակներում բարձրաձայնում է, թե «հայերն իսլամական ժառանգություն են ոչնչացնում», Ադրբեջանում մեծամասնություն կազմող շիա մուսուլմաններն, իշխանությունների թողտվությամբ ու հրահանգով, զրկվում են Սահմանադրությամբ ամրագրված կրոնական ազատությունների, սեփական հավատամքն արտահայտելու և տարածելու իրենց իրավունքից։

[1] Աշուրան շիա մուսուլմանների համար սգո օր է՝ նվիրված մարգարե Մուհամմեդի թոռան՝ Իմամ Հուսեյնի նահատակության հիշատակին, որը սպանվել է 680 թ. Քերբալայի ճակատամարտում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում