2026

Իսլամական Ադրբեջանի ճնշված շիա հավատացյալները

2024-05-21

Իրանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերություններն ամեն անգամ Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ նոր ճնշումների ու սահմանափակումների խթան են հանդիսանում։

Շիա հավատացյալների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը Բաքուն իրականացնում էր դեռևս 1990-ական թվականներից, երբ սահմանափակվել կամ խոչընդոտվել են շիայական տարբեր կառույցների ու խմբավորումների գործունեությունը։ Այդ կառույցներն են «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը», «Հեզբոլլահը», «Ադրբեջանի հոգևորականների խոհուրդը», «Մուսուլմանական միասնություն շարժումը», «Հոսեյնականները»։ Այս կառույցների մի շարք ղեկավարներ և անդամներ տարբեր պատճառաբանություններով ձերբակալվել են:

Նման ճնշումների ու ձերբակալությունների հետևանքով «Հեզբոլլահը» գրեթե դադարել է գոյություն ունենալ։ «Ադրբեջանի իսլամական կուսակցության» գրեթե բոլոր ղեկավարները ձերբակալված են եղել, իսկ վերջին երկու ղեկավարները՝ Մովսում Սամադովը (2011 թ.-ից) և Իլհամ Ալիևը (2020 թ.-ից), շարունակում են ձերբակալված մնալ։ «Մուսուլմանական միասնություն շարժման» առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն ազատազրկված է 2015 թվականից:

«Հոսեյնականներ» կառույցը ձևավորվել է Իրանում 2015 թվականին։ Դրա կազմում հիմնականում ընդգրկված են Իրանում կրոնական կրթություն ստացած Ադրբեջանի քաղաքացիները։ Իրանամետ ուժերի հետ մեկտեղ կառույցը մասնակցել է նաև Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պատերազմին։ Այս խմբավորումը Ադրբեջանում համարում են ահաբեկչական և պարբերաբար Իրանից պահանջում են ձերբակալել և արտահանձնել այդ երկրում բնակվող կառույցի անդամներին: Սակայն Թեհրանը հրաժարավում է կատարել այդ պահանջը:

Բաքվի հիմնական մտահոգությունն այն է, որ շիա հավատացյալները կարող են իրանական ազդեցության գործիք դառնալ երկրում։ Այդ պատճառով ճնշումների են ենթարկվում ոչ միայն շիայական խմբավորումների, տարբեր կառույցների ներկայացուցիչները, այլև շարքային հավատացյալները։

2015 թվականին Նարդարան ավանում իրականացվեց ոստիկանական հատուկ գործողություն։ Նարդարանը, որտեղ ամենուրեք կրոնական բովանդակությամբ պաստառներ կային, այլ բնակավայրերից տարբերվում էր «հավատացյալ կենցաղավարությամբ», որտեղ կանայք փակ հագուստներով ու գլխաշորով էին, մարդիկ առաջնորդվում էին շարիաթի կանոններով և այլն։

Ավանը հպատակեցնելու համար Բաքվի անվտանգային ուժերը հատուկ գործողություն են իրականացրել՝ ձերբակալելով հարյուրավոր հավատացյալների։ Գործողության հետևանքով ավանում սահմանվել է խիստ ռեժիմ, վերացվել են կրոնական բովանդակությամբ պաստառները և կրոնական այլ ատրիբուտներ: Հատուկ գործողությունից հետո ավանը ըմբոստությամբ այլևս աչքի չի ընկել:

Ադրբեջանում նման միջադեպերում «իրանական հետք» են տեսնում ու նորից թիրախավորում շիա հավատացյալներին։ Հայտնի դեպքերից են 2018 թվականին Գյանջայի քաղաքապետի, 2023 թվականին պատգամավոր Ֆազիլ Մուսատաֆայի դեմ իրականացված մահափորձերը, որոնց մեջ մեղադրել են «Իրանի հետ առնչություն ունեցող» քաղաքացիների։ 

Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար փոփոխություններ են իրականացնում նաև «Դավանանքի ազատության մասին» օրենքում՝ նորանոր սահմանափակումներ կիրառելով հավատացյալների նկատմամբ։ Տարբեր պատճառաբանություններով փակվել են նաև մզկիթներ, դպրոցներում` արգելվել հիջաբ կրելը, բարձրախոսով ազանի կանչը  և այլն։

Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության ֆոնին (նախքան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը և դրանից հետո) հավատացյալների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ճնշումների ու սահմանափակումների գործընթացը նոր թափ է առել:

2021 թվականի աշնանը «Իրանի օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով Ադրբեջանում արգելափակել են Shia.az, Islaminsesi.az, Deyerler.az, Maide.az, Ahlibeyt.az կրոնական ուղղվածության կայքերը։ Մինչև օրս Shia.az, Islaminsesi.az, Deyerler.az կայքերը չեն գործում։ Ahlibeyt.az-ը գործում է, սակայն կայքի թարմացումները հաճախակի չեն։ Maide.az-ի կայքը դեռ գոյություն ունի, սակայն կայքում վերջին հրապարակումը եղել է 2023թ․ նոյեմբերի 28-ին։ Հատկանշական է, որ կայքի խմբագիր Սարդար Հաջի Հասանլին ձերբակալվել է 2021 թվականին, հաջորդ խմբագիր Գադիր Մամադովը՝ 2023 թվականի սեպտեմբերին, որից հետո կայքը չի գործել:

Սարդար Հաջի Հասանլին  և ազատազրկման է դատապարտվել դեռևս 2011 և 2017 թվականներին։ 2011 թվականին նա ձերբակալվել էր Իլհամ Ալիևի հասցեին կրոնական բնույթի քննադատություններ հնչեցնելու համար: 2016 թվականին ազատ էր արձակվել, սակայն մեկ տարի անց` 2017 թվականին, կրկին ձերբակալվել ու դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, իսկ 2021 թվականին` ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով։

Շիաների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ ճնշումները շարունակվել են 2022 թվականին: 2023թ․ հունվարի 27-ին` Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից անմիջապես հետո, այդ ճնշումների նոր փուլ է սկսվել։ Մասնավորապես՝ հունվարի 31-ին Բաքվի ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել «Salamnews» և «Interaz» լրատվամիջոցներում և «Իրանի օգտին քարոզչություն անելու համար» ձերբակալել 7 հավատացյալի։

2023 թ․ հունվարի 31-ից մինչև 2024 ապրիլի 23-ը ձերբակալվել են 311 հավատացյալներ։ Սակայն ձերբակալվածների թիվը իրականում կարող է ավելի մեծ լինել: Հավատացյալները հիմնականում ձերբակալվել են Իրանի օգտին լրտեսելու, կրոնական պետություն ստեղծելու ձգտումների կամ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով: Ադրբեջանի իշխանությունների համար նման մեղադրանքները քաղաքական ու հասարակական անցանկալի գործիչներից «ազատվելու» միջոց են:

Ձերբակալվել են անգամ այն մարդիկ, ովքեր պարզապես սոցցանցային իրենց էջերում տարածել են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի լուսանկարը կամ նրան վերագրվող որևէ խոսք։ Սա Ադրբեջանում դիտարկել են որպես «Իրանի ռեժիմի քարոզչությամբ զբաղվելու» միջոց:

2023-2024 թվականների ձերբակալվածներից ոմանց դատավարություններն ավարտվել են, և նրանք դատապարտվել են մինչև 5 տարվա ազատազրկման: Ձերբակալվածներից մեկն անգամ բանտում ինքնասպանության փորձ է կատարել, ինչը վկայում է նրանց նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Այդպիսի օրինակներից է «Ադրբեջանի իսլամական կուսակցության» անդամ Սեբուհի Սալիմովի մահը։ Վերջինս ձերբակալվել էր 2022 թվականին։ Բանտում նա հացադուլ էր հայտարարել և 50 օր հետո` 2023 թվականի մարտի 2-ին, մահացել  դատարանում։

Բանտում հավատացյալների նկատմամբ կիրառվող ճնշումների մեկ այլ օրինակ է «Հոսեյնական» շարժման անդամ Թալեհ Յուսուֆովի մահը։ Նա ձերբակալվել և Բաքվին էր արտահանձնվել 2022 թվականի դեկտեմբերին՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Շուրջ մեկ ու կես տարի անց, ըստ իրանական կողմի որակումների, կտտանքների հետևանքով նա մահացել է բանտում 2024 թվականի ապրիլին:

Յուսուֆովի մահից հետո Իրանի կրոնական գլխավոր քաղաքներից մեկում՝ Ղոմում, Յուսուֆովի հիշատակի ոգեկոչման և Ադրբեջանում բանտարկված «5000 կին ու տղամարդ» շիաների աջակցությանն ուղղված հավաք է անցկացվել: Այն կրում էր «Ղոմ՝ Ադրբեջանի բանտարկված շիաների ձայնը» խորագիրը։ Հավաքի ընթացքում ելույթ է ունեցել նաև «Հոսեյնականների» ղեկավարներից Թոհիդ Իբրահիմբեյլին։

Առհասարակ, Իրանում մեծ ուշադրությամբ են հետևում Ադրբեջանում շիաների նկատմամբ իրականացվող ճնշումներին և տարբեր մակարդակներում քննադատություններ հնչեցնում այդ երկրի իշխանությունների հասցեին։ Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց հաճախ ակցիաներ են կազմակերպվում։

Շիաների նկատմամբ ճնշումներն այնքան բացահայտ են ու նպատակաուղղված, որ արձանագրվում են միջազգային իրավապաշտպան, ինչպես նաև ամերիկյան պետական կառույցների կողմից։

Մասնավորապես՝ Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) 2023 թվականի իր վերջին զեկույցում արձանագրել է, որ Ադրբեջանը նոր միջոցառումներ է ձեռնարկում կրոնական ազատության սահմանափակման համար և շարունակում է շիա մուսուլմանների նկատմամբ բռնաճնշումները։ Զեկույցում մատնանշվել են նաև Արցախում քրիստոնեական հուշարձանների պահպանման շուրջ առկա ռիսկերը։ Ըստ հանձնաժողովի զեկույցի եզրակացության` 2024 թվականի հունվարին Պետդեպարտամենտը Ադրբեջանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք կրոնի ազատության հնարավոր խախտումների համար հատուկ վերահսկողություն են պահանջում։

Այս արձանագրումները, սակայն, Բաքվի կրոնական քաղաքականության վրա լուրջ ազդեցություն չեն ունենում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում