2025
2025-07-03
Հայկական Գողթն գավառում` Գիրան (Գիլան) գետի ձախ ափին է գտնվել Ազա կամ Ազատկերտ գյուղը, որի մասին պատմական տեղեկությունները վերաբերում են 15-րդ դարին։ Ներկայումս Ազա գյուղանունը[1] պահպանվում է և վերագրվում Վերին Ազատ գյուղին, իսկ Ազատկերտը[2] նույնացվում է նախկին Ներքին Ազատ գյուղի հետ։ Այդ բնակավայրերը վարչականորեն պատկանում են Նախիջևանի Օրդուբադի շրջանին։ 2003 թվականին այս գյուղերը պաշտոնապես գրանցվել են Ազա անունով[3], սակայն ավանդույթի ուժով երկու անուններն էլ գործածվում են։
Ղևոնդ Ալիշանը, Վերին Ազայից հարավ տեղակայված Ներքին Ազայից բացի, հիշատակում է նաև Երասխի ափին տեղակայված ռուսական Ազա անունով պահակատան մասին, որն այժմ երկաթուղային կայարանին կից ավան է՝ Ներքին Ազա[4] անունով։ Ալիշանը նշում է Վերին Ազայի հայ բնակչության թիվը՝ 130 տուն՝ 700 հոգի, իսկ Ներքին Ազայում՝ 20 տուն՝ 100 հոգի։ Ըստ Ղ․Ալիշանի՝ Վերին Ազայի և Դեր կամ Դարաքենդ գյուղերի միջև հնգակամար կամուրջը կառուցվել է «Տէր Մկրտչեան Աւետեաց Ագուլեսցու» ծախսերով։ Քարի արձանագրության բովանդակությունը հրապարակել է Ա․ Այվազյանը, և, ըստ այդ գրության, կամուրջը կառուցվել է 1843 թվականին։ Վերին Ազա գյուղի արևմտյան մասում 1841 թվականին առաջին անգամ հիշատակվել է 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին անունով եկեղեցին։ Նարկայումս այն կիսավեր է[5]։
Վերին Ազա գյուղում 1873 թվականին բացվել է հայկական եկեղեցական-ծխական դպրոց, իսկ 1912 թվականին հիմնադրվել է պետական (ռուսական) դպրոց[6]։ 1914 թվականի դրությամբ, ըստ «Նախիջևան քարտեզագրքի», Վերին Ազան ամբողջությամբ հայաբնակ է եղել[7]։
Ներքին Ազա գյուղի հյուսիսարևմտյան մասում եղել է Սուրբ Գևորգ անունով մատուռ, որը թվագրվել է 16-17-րդ դարերով, վերանորոգվել է 19-րդ դարում։ Մատուռը ներկայումս ավերակ է[8]։
Ներքին Ազա գյուղամիջում եղել է նաև Սուրբ Հրեշտակապետաց (Սուրբ Փրկիչ) անունով եկեղեցի, որը կառուցվել է միջնադարում։ Եկեղեցին առաջին անգամ հիշատակվել է 1902 թվականին։ Այժմ ավերակ վիճակում է[9]։
Հայկական բնակչությամբ Ազա գյուղի անունը կապված է Նախիջևանի Ազադ-Ջիրան շրջանի անվան հետ։ Այս մասին տեղեկություններ են պահպանվել Մատենադարանում պահվող պարսկերեն վավերագրերում։ Այդ փաստաթղթերում հիշատակություններ կան 15-16-րդ դարերում Ազադ-Ջիրան շրջանի Դռնիս, Տանակերտ, Վանանդ, Շոռոթ գյուղերի և Սալ, Բերդակ և այլ ագարակների մասին։ Մատենադարանի պարսկերեն մեկ այլ վավերագրում՝ թվագրված 1575 թվականով, նշված է, որ Ազադ-Ջիրանի Բերդակ գյուղի երկու հողակտորների տերը «քրիստոնյաների պարծանք ագուլեցի գյուղապետ» Քիջմիրի որդի Հովհաննեսն է։ Պարսկերեն այս փաստաթղթում հիշատակված են նաև Հովհաննեսի հարևանները՝ հետևյալ կերպ՝ Վարդանի այգետեղին, Օհանի հողը, Խուդավերդիի այգին և այլն։ Հայկական այս գյուղերի բնակչությունն զբաղվել է հողագործությամբ, արհեստներով և վաճառականությամբ։ Եթե 1621 թվականին Սեֆյան շահ Աբբաս Առաջինը հրաման էր արձակել որևէ կերպ չմիջամտել Ագուլիսի, Ազադ-Ջիրանի և Նախիջևանի հայ քրիստոնյաների և եկեղեցու միջև գոյություն ունեցող հարկային հարաբերություններին, ապա 20-րդ դարում ստեղծված Ադրբեջան պետությունը միտված քաղաքականություն է վարել՝ բռնի կերպով դատարկելու Նախիջևանի հայկական գյուղերը, արտաքսելու հայ բնակչությանը։ Հայերից զրկված գյուղերում ադրբեջանցիները ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել դարերով ստեղծված հայկական-քրիստոնեական մշակույթը, և, թերևս, հայկականությունն ապացուցող միակ խոսուն փաստերը մնացել են հայկական գյուղանունները։
Գրականություն`
Մատենադարանի պարսկերեն վավերագրերը․ Կալվածագրեր, ԺԴ-ԺԶ դարեր, կազմեց Հ․ Դ․ Փափազյան, պրակ I, Երևան, 1959։
Մատենադարանի պարսկերեն վավերագրերը․ Հրովարտակներ, 1601-1650 թթ․, կազմեց Հ․ Դ․ Փափազյան, պրակ II, Երևան, 1959։
Ա․ Այվազյան, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, Գողթն գավառ․ հ․ Գ, Երևան 2007։
Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։
[1] Ազա գյուղանունը պահպանվել է ադրբ․ Aza, Azar, Azat, Azad ձևերով։
[2] Ազատակերտ՝ ադրբ․՝ Azadkənd։
[3] Ազա՝ Aza, Aza kənd անունով։
[4] Ներքին Ազա՝ Aşağı Aza «Աշաղը Ազա»
[5] Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012, էջ 24։
[6] Նույնի՝ էջ 23։
[7] Նույնի՝ էջ 21։
[8] Նույնի՝ էջ 24։
[9] Նույնի՝ էջ 24։