2025

Աստապատի ճակատագիրը

Աստապատը Վասպուրական նահանգի Նախճավան գավառի բնակավայրերից էր, որի անվան ծագումն ավանդությունը կապում է «Աստ են պատանքում, պատանապատում» արտահայտության հետ։ Ըստ այդ ավանդության՝ 451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի և նրա հետ նահատակված հերոսների մարմինները ժողովուրդը բերել և այս գյուղի Կարմիր վանքում է պատանապատել։ Սակայն, իբրև թե Մակուի նախարարները հետագայում պատճառաբանել են, որ հերոսները զոհվել են Մակուին ավելի մոտ գտնվող Ավարայրի դաշտում, և նրանց մարմիններն այդ գյուղից տեղափոխում են Մակու։ Գյուղն անվանակոչվում է Աստապատ՝ այդ իրադարձության արդյունքում։

Բնակավայրի անունը փորձել են բացատրել նաև մի շարք հետազոտողներ՝ ներկայացնելով աստ- «ամուր, պինդ, հաստատուն» և -ապատ «շեն տեղ», մեկ այլ դեպքում՝ աստ- «այստեղ» և -ապատ բաղադրիչների կազմությամբ, ինչպես՝ *Աստվածապատ > Աստածապատ > Աստապատ, *Ազատապատ > Աստապատ և այլն։

Աստապատը՝ որպես գյուղաքաղաք, առաջին անգամ հիշատակում է 9-10-րդ դարերի պատմիչ Թովմա Արծրունին իր «Պատմություն Արծրունյաց տան» երկում 8-րդ դարասկզբի դեպքերը նկարագրելիս։

Ղևոնդ Ալիշանի «Սիսական. տեղագրություն Սյունյաց աշխարհի» աշխատության մեջ տեղ գտած ընդարձակ տեղեկություններից է նաև 17-րդ դարի ճանապարհորդ Ժ․ Տավերնիեի վկայությունը, որտեղ Աստապատը նշվում է «հույժ գեղեցիկ փոքր քաղաք, որտեղ ամեն տուն աղբյուր ուներ։ Այստեղ կա չորս կարավանատուն՝ այգիներով և ջրդի հողերով շրջապատված։ Միակ բնակավայրն է, որտեղ կարմրաներկ կա՝ Ռոնաս (Ronas, իմա` տորոն), որով հնդիկները ներկում են իրենց կտավները»։ Իսկ Ղուկաս Ինճիճեանը 1806 թվականին իր «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի․ Ասիա․․․» աշխատության մեջ հիշատակում է, որ Աստապատի 300 տուն բնակիչների մեծ մասը հայեր էին և մի քանի տուն՝ պարսիկ։ Ինճիճեանն աստապատցիներին նկարագրելու համար բերում է տարածված պարսկական բնորոշումը․ «Էրտիւպատ[1] էհլի խանէփէրէսթ, վէ դէպրիզիեան զէնփէրէսթ, վէ սիւքքեանի Նէխճէվան զէրփէրէսթ» «Աստապատի բնակիչները տնապաշտ են, Թավրիզի բնակիչները՝ կնապաշտ, իսկ Նախիջևանի բնակիչները՝ ոսկեպաշտ»։

Հայկական Աստապատը հիշատակվում է նաև նոր և նորագույն շրջանի հայ գրականության մեջ՝ Րաֆֆու «Սամվել», «Դավիթ Բեկ», Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ», Սուրեն Այվազյանի «Ճակատագիրն հայոց» և այլն ստեղծագործություններում։

Աստապատը հարուստ է եղել վանքերով՝ Սուրբ Վարդան, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Հովհաննես, Սուրբ Ստեփանոս կամ Կարմիր վանք, որոնք հայ ճարտարապետական մտքի գոհարներից են։ Այս գյուղաքաղաքում են գրչագրվել և ընդօրինակվել հայերեն բազմաթիվ ձեռագրեր։ Հնագույն ձեռագրերից է Մատենադարանում պահվող Ավետարանի համար 382 ձեռագիրը՝ թվագրված 1269 թվականով։ Աստապատում հայտնի գրչօջախ է եղել Սուրբ Վարդան եկեղեցու դպրոցը, որը գործել է 14-րդ դարում։ 1379 թվականին Աստապատի վանքում Մաղաքիա Ղրիմեցու և Հովհան Որոտնեցու ջանքերով բացվել է բարձրագույն տիպի դպրոց՝ նման միջնադարյան վարդապետարաններին։ 1870-ական թվականներին Հովակիմ Տեր-Գրիգորյանը հիմնել է Կարմիր վանքի դպրոցը, որի առաջին սաներից էր Աստապատում ծնված Մանուկ Աբեղյանը (1865 թվական)։

Աստապատցիներին առաջին անգամ տեղահանել է պարսից թագաժառանգ Աբբաս Միրզան։ 1811 թվականին աստապատցիներին բնակեցրել են Զանգլու կոչվող սարահարթի տակ հիմնած նոր գյուղում՝ Նոր Աստապատում, որը նաև կոչվում է Թազագյուղ կամ Թազաքենդ։ Իսկ բուն Աստապատում կառուցել է բերդ՝ այն կոչելով իր անունով՝ Աբբասաբադ։ Այս տեղաշարժը, սակայն, հիմք դրեց աստապատցիների շարունակական տեղափոխությանը դեպի Հայաստանի այլ գյուղեր և քաղաքներ։ Ցավալիորեն, երբեմնի հայկական այս շեն բնակավայրը 19-րդ դարի առաջին կեսից դադարեց գոյություն ունենալ։

Սակայն Նոր Աստապատում՝ Կարմիր վանքի հողային տարածքներում, տեղաբնիկների պակասը լրացրել են Իրանի հայաբնակ վայրերից այստեղ տեղափոխված հայերը։ 20-րդ դարի սկզբին գյուղում ապրել է 3443 մարդ, որից իրանցիներ էին 480-ը, իսկ մնացածը՝ հայեր։ 1918-1920 թվականներին աստապատցիները ենթարկվել են թուրք-թաթարական հարձակումներին և կոտորածին։ Ծնունդով Նախիջևանի Շխմամդուդ գյուղի բնակիչ Համազասպ Վարդանյանն իր ձեռագիր «Հուշապատման» մեջ այսպես է նկարագրել թուրք-թաթարական ջարդերն Աստապատում․ «Թուրքերը 1918 թվականին գյուղից չգաղթած 234 հայերին գերության են տանում, բռնի աշխատեցնում տարբեր տեղերում և, ուժասպառ անելուց հետո, գնդակահարում։ Գերիների մի մասին՝ 120 հոգու, տարել են Նախիջևան գետի փլված կամուրջը վերականգնելու համար։ 114 հոգու էլ տարել են Ջուլֆայի ուղղությամբ՝ հեղեղումներից տուժած կամուրջներն ու խճուղիները վերականգնելու համար»։

Այս ամենով հանդերձ՝ աստապատցիները շարունակել են ապրել գյուղում՝ ստեղծելով Ստեփան Շահումյանի անվան կոլտնտեսությունը, զբաղվելով արհեստագործությամբ։ Գյուղում աշխույժ էր նաև մշակութային կյանքը։

Խորհրդային Միության և Իրանի միջև 1963 թվականին կնքված պայմանագրից (Արաքս գետի վրա ՀԷԿ կառուցելու վերաբերյալ) հետո՝ 1971 թվականին, հայերը դուրս են եկել գյուղից, և այն դատարկվել է։ Նոր Աստապատն իր պատմաճարտարապետական հուշարձաններով, բնակելի տներով և պատմությամբ անցել է ջրի տակ։

Եթե Աստապատը գոյատևել է 1360 տարի, ապա Նոր Աստապատը կամ Թազագյուղը՝ ընդամենը 160 տարի։ Նախիջևանի հայկական գյուղի 1520 տարվա պատմությունը Խորհրդային Ադրբեջանի տնտեսական գերակայությունների համատեքստում լռեցվել է։

Գրականություն՝

Ղևոնդ Ալիշան, Սիսական․ տեղագրութիւն Սիւնեաց աշխարհիՎենետիկ, 1898։

Ղուկաս Ինճիճեան, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի․ Ասիոյ, Եւրպիոյ, Ափրիկոյ և Ամէրիկոյ, ՀԱ․, Վենետիկ, 1806։

Արգամ Այվազյան, Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները, Երևան, 1987։

Պողոս Պողոսյան, Աստապատ․ Արաքսամերձ հայաշխարհ, Երևան, 2005։

Գ․ Գրիգորյան, Աստապատը և նրա վանքերը, Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի Ի/ԺԲ, 1963, էջ 29-35։

Մորուս Հասրաթյան, Աստապատի վանքի ճարտարապետական համալիրը, Պատմաբանասիրական հանդես, 1, 1975, էջ 126-148։

[1] Ըստ Ինճիճեանի՝ անունն այսպես է հնչել պարսկերեն, որը կարող է նաև համընկնում լինել Օրդուբադ անվան հետ, որ թարգմանաբար նշանակում է «բանակատեղի»։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում