2025
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի բնակավայրերից էր հայկական Անապատ[1] գյուղը։ Ադրբեջանի հսկողության տակ անցած այն քիչ բնակավայրերից է, որը, թեև զրկվել է հայ բնակչությունից, հայկական մշակույթի հետքերից, սակայն պահել է իր հայերեն անունը։
Հայկական տեղանվանական համակարգում Անապատ անվանադրումը[2] տարածված է եղել։ Անապատ անունով հայտնի են նաև բազմաթիվ վանքեր։ Բնակավայրերն ու վանքերն անվանակոչվել են Անապատ, որը բացատրվում էր «մենության վայր, կուսաստան, առանձնացած տեղ, որտեղ բնակություն էին հաստատում ճգնավորները»։ Բառի այս նշանակությունը կապված է դրա «ոչ շեն, անբնակ» իմաստից, իսկ բառը հայերենի՝ վաղ շրջանի իրանական փոխառություններից է։ Անբնակ «անապատները» վերածվում էին գրչօջախների, կրթական և հոգևոր-մշակութային կենտրոնների, որտեղ գործում էին միաբանություններ։ Ահա անապատ բառի իմաստային այս գործածությունն է ընկած նաև Նախիջևանի Անապատ գյուղանվան հիմքում, որը, ենթադրելի է, իր պատմության ընթացքում ծառայել է նաև որպես ճգնավորների մենաստան։ Ղևոնդ Ալիշանը գտնում է, որ այն եղել է մեծ բնակավայր։
Այստեղ գրչագրված ձեռագրերից է 1671 թվականի Ավետարանը[3]՝ «․․․ի գեօղն Անապատ, ի սահմանս Ուրտուվարու․․․»։ Ձեռագիրը մագաղաթյա է, իսկ ստացողն Անապատի Ղուլի խոջայի կինը՝ Գուլխանտանը։ Ձեռագիրն ունի մանրանկարներ, լուսանցազարդեր, գրվել է Անապատի Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցում, որի ավերակներն անգամ նշմարելի չեն։
1829-1832 թվականներին Անապատն ունեցել է 20, 1873-ին՝ 33, 1906 թվականին՝ 61 բնակիչ։ 19-րդ դարի վերջերից հայ բնակչությունը հեռացել է Անապատից, իսկ հայկական ընդարձակ գերեզմանատունը՝ հայերեն տապանագրերով, ադրբեջանցիներն ավերել և ոչնչացրել են։ Նույն բախտին է արժանացել նաև գյուղի մատուռը, որը գտնվել է բարձրադիր, գեղատեսիլ մի վայրում։
Հնագույն այս բնակավայրից թեև ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական հետքը, սակայն անգամ գյուղի անունը փաստում է դրա հայկական ծագման և պատմության մասին։
[1] Այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի Anabad բնակավայրը։
[2] Թ․ Խ․ Հակոբյան, Ստ․ Տ․ Մելիք-Բախշյան, Հ․ Խ․ Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․ 1, Երևան 1986, էջ 248։
[3] Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրաֆոնդ, հմր 255։