2025

Հանդամեջ կամ Անդամեջ գյուղը

Պատմական Գողթն գավառի Հանդամեջ գյուղի տեղում այսօր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի Աշաղը Անդամիջ[1] և Յուխարը Անդամիջ, այսինքն՝ «Ստորին Հանդամեջ» և «Վերին Հանդամեջ» գյուղերն են։ Ասել է թե՝ հայերեն Հանդամեջ բառը գործածված է թյուրքերեն «ներքին» և «վերին» բառաձևերի հետ[2]։ Գյուղի երկու՝ «ներքին» և «վերին» մասերի մասին կարդում ենք Ագուլիսի Սուրբ Թովմա եկեղեցու արձանագրության մեջ, որտեղ այն համարվել է Որդուար, այսօր՝ Օրդուբադ, քաղաքի արվարձաններից մեկը։ Հանդամեջն Օրդուբադի ձորի հովտի գյուղերից է։ Երբեմնի հայկական գյուղի երկու մասերն էլ լիովին զրկվել են բնիկ հայ բնակչությունից։ Հետք անգամ չի պահպանվել Ներքին Հանդամեջի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որտեղ հիշատակագրվել է 1684 թվականին Տաթևի մոտ գտնվող Գեղվաձորի Կից գյուղում գրչագրված Ավետարանը։ Այս եկեղեցու մասին վկայություն է թողել նաև Երվանդ Լալաեանն՝ իր «Գողթն» աշխատության մեջ[3]՝ նշելով, որ Սուրբ Աստվածածինը թաղակապ եկեղեցի էր՝ շուրջը քահանայի բնակության համար հատկացված գեղեցիկ սենյակներով և այգիներով։ «Ամբողջ գիւղը շատ գեղեցիկ տեսք ունի՝ ծածկուած բարձրուղէշ բարդիներով»,-հիշատակում Ե․ Լալաեանը։

Գյուղի հայկական պատմության մասին վկայակոչող միակ փաստը մնացել է անունը, որը թյուրքական արտասանությամբ նույնիսկ բացահայտում է գյուղի և տարածքի հայկականությունը։ 

Գրականություն՝

Արգամ Այվազյան, Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հ․ Գ, Գողթն գավառ, Երևան, 2007:

Ղևոնդ Ալիշան, Տեղագրութիւն Սիւնեաց Աշխարհի, Վենետիկ, 1893։

Ե․ Լալաեան, Նախիջեւանի գավառ, Ա մասն, Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, 1904։

[1] Օրդուբադի շրջանի Աշաղը Անդամիջ գյուղն ադրբեջ․՝ Aşağı Əndəmic, և Յուխարը Անդամիջ՝ Yuxarı Əndəmic։

[2] Թյուրքերեն aşağı՝ «ներքին» և yuxarı «վերին»։

[3] Ե․ Լալաեան, Նախիջեւանի գավառ, Ա մասն, Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, Ազգագրական հանդէս, 1904, էջ 297։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում