2025
Իսմայիլի շրջանի Ուշտալ գյուղը գտնվում էր Ղալակա գյուղից 3 կմ արևելք: Բնակիչների նախնիները գաղթել էին Արցախի Խաչեն և Ջրաբերդ գավառներից, իսկ մի քանի ընտանիք` Սյունիքից: Մինչև 1988 թվականը Ուշտալը շրջանի հայաբնակ գյուղերից մեկն էր։
1861 թվականին գյուղն ունեցել է 60 տուն հայ բնակչություն: Հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1890 թվականին, գյուղում եղել է հայ բնակչությամբ 139 տուն՝ 576 արական և 497 իգական բնակչով: 1914 թվականին Ուշտալն ամբողջությամբ հայաբնակ էր՝ 1465 բնակչով: Գյուղը մեծապես տուժել է 1918 թվականի հուլիսին՝ թուրքական զորքերի հարձակման ժամանակ:
Խորհրդային իշխանության հաստատումից հետո ուշտալցիները կրկին վերաբնակվել են հայրենի գյուղում: 1924 թվականին Ուշտալն ուներ 80 տուն հայ բնակչություն՝ 240 բնակչով:
1984 թվականին գյուղի 294 բնակիչներից 291-ը հայեր էին, որոնք բռնագաղթել են 1988 թվականին: Մինչև գյուղի հայաթափումը՝ Ուշտալում գործել է նաև տասնամյա դպրոց։
Գյուղում եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ոչնչացվել է 1937-1938 թվականներին:
Ուշտալի հարավային եզրին գտնվել է գերեզմանոցը, որտեղ հուղարկավորությունները շարունակվել են մինչև գյուղի վերջնական հայաթափումը։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այցելության ժամանակ` 1984 թվականին, այդտեղ պահպանված են եղել 19-20-րդ դարերի 600-ից ավելի տապանաքարեր: Հին գերեզմանոցում են եղել նաև մի քանի հին տապանաքարեր, որոնցից մեկը թվագրված էր 1717 թվականով․
«Այս է դապան Գուլնազարին, որ մահօքն փոխեցաւ
Առ Աստուած, ՌՃԿԶ (1717) թվին. Աստուած ողորմի ասէք, ամէն»:
Գերեզմանոցում պահպանված է եղել նաև խոյաձև մի տապանաքար:
Գյուղն այժմ կոչվում է Ուշտալ (ադրբ. Uştal) և բնակեցված է ադրբեջանցիներով:
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 191-196: