2026
2026-08-10
Կուտկաշենի շրջանի Սըրթ-Ենգիջա գյուղը գտնվում է նույնանուն շրջկենտրոնից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Այն հիշատակվել է նաև Սիրթենգիջա ձևով։
Գյուղի բնակչությունն այստեղ է տեղափոխվել հիմնականում Արցախի Խաչեն, Ջրաբերդ և Վարանդա գավառներից։
1841 թվականին գյուղում ապրել է 141 հայ։ 1889 թվականին գյուղի հայ բնակչության թիվը հասել է 245 մարդու։ Սըրթ-Ենգիջայում 1905 թվականին ապրել է 274, 1912 թվականին՝ 229, իսկ 1914 թվականին՝ 296 մարդ։
Գյուղում դպրոց չի եղել, և տեղի երեխաները հաճախել են Բեկլարքյանդի դպրոցը։ Սըրթ-Ենգիջայում եղել է Սուրբ Գևորգ եկեղեցին, որի մասին առաջին հիշատակումը 1841 թվականին է։ Եկեղեցում հոգևոր հովվություն է կատարել Սուլթան-Նուխի հայկական գյուղի հովիվը։
Սըրթ-Ենգիջա գյուղի գերեզմանատանը եղել են միջնադարյան խաչքարեր, որոնց վրա պահպանվել են հայերեն արձանագրություններ։ Ազգագրագետ-հնագետ, եպիսկոպոս Մակար Բարխուդարյանը գրառել է խաչքարերին պահպանված հայերեն տողերը․
ՀԳ թվ․ Աստուած ողորմի Շողաքաթին։
Սուրբ Սարգիս․․․
Տապանաքարերից մեկի վրա պահպանված են եղել հետևյալ բառերը՝
Թոմաս ԺԲ․ թվուջ։
Շրջակա հայկական այլ գյուղերի նման Սըրթ-Ենգիջան նույնպես ավերվել է 1918 թվականին, երբ տարածաշրջան ներխուժած օսմանյան զորքերը և տեղի կովկասյան թաթարները կոտորել են Արևելյան Այսրկովկասի հայերի մեծ մասին։ Այդ իրադարձություններից հետո գյուղը դադարել հայկական լինել։
Գրականություն՝
Բարխուտարեանց Մ․, Աղուանից երկիր և դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 113-114։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Գիրք I, Երևան, 1997, էջ 43-44։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամ, 2024, գիրք ԻԲ, մաս 1, էջ 315։
Սիւնեցի, Թղթակցութիւններ, «Նոր Դար», 1887, N 86, 3 յունիսի, էջ 2։
Алфавитные списки армяногригорянских церквей и магометанских мечетей в Империи. Департамент духовных дел иностранных вероисповеданий, 1886, с. 56-57.
Кавказскій календарь на 1915 годъ. Тифлисъ, 1914, с. 181.