2026
2026-11-09
Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Երնջակ գավառի հայկական գյուղերից էր Արազինը։ Գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հոսող Երնջակ գետի ստորին հոսանքի աջ կողմում՝ նշանավոր Կզնութ գյուղից 3-4 կմ արևելք՝ Նախիջևան-Ջուղա մայրուղու վրա։
Բնակչությունն այստեղ ապրել է դեռևս վաղնջական ժամանակներից։ Դա են վկայում գյուղի տարածքում 1970-ական թվականներին կատարված հնագիտական պեղումների արդյունքները, որտեղ հայտնաբերվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակին վերաբերող նյութեր և մշակութային շերտ[1]։
Նախկինում գյուղը մտել է Երևանի նահանգի Նախիջևանի գավառի մեջ։ Գյուղում ապրող հայերի մի զգալի մասի նախնիներն այստեղ են տեղափոխվել Պարսկաստանի Սովուճ Բուլաղ և Մահաբադ գավառներից 1829-1831թվականներին[2]։
1829-1832 թվականներին գյուղը գերազանցապես հայաբնակ է եղել՝ 290 տուն՝ 376 հայ բնակչությամբ։
19-րդ դարի կեսերից այստեղ հաստատվել է մուսուլմանական բնակչություն, ինչի պատճառով 1860-ական թվականներին Արազինի հայ բնակչությունը հին գյուղից տեղափոխվել է 1 կմ հյուսիս-արևմուտք և հիմնել Հայկական թաղը՝ Հայթաղը[3]։ 1873 թվականին գյուղում եղել է 70 տուն՝ 450 հայ բնակչությամբ։ 19-րդ դարի վերջերին այստեղ ապրել են շուրջ 30 տուն հայեր։
19-րդ դարի աղբյուրներում նշվում է, որ Արազինում եղել են 8 ջրաղաց, փոքրիկ եկեղեցի և այլ հուշարձաններ, որոնցից միայն ներկայումս աննշան հետքեր են մնացել։ Գյուղի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին որոշ աղբյուրներում թվագրվում է 19-րդ դարով, երբեմն՝ ավելի հին շրջանով։ Եկեղեցին փոքր կառույց է եղել, ներկայումս ավերակ է․ պահպանվել են միայն աննշան հետքեր։ Գյուղի մոտ գտնվում է դամբարանադաշտ, որն իրենից ներկայացնում է թմբաձև դամբարաններով գերեզմանատուն։
Գյուղն ունեցել է փոքրիկ եկեղեցի[4]։ 1906 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ գյուղի հայ բնակչության թիվը հասել է 693 մարդու[5]։ 1912 թվականին գյուղում գործել է պետական (ռուսական) դպրոց[6]։ 1914 թվականին գյուղում ապրել են հայեր և մուսուլմաններ[7]։
Արազինի բնակչությունը հիմնականում զբաղվել է երկրագործությամբ և անասնապահությամբ։ Վերջին հայ ընտանիքները գյուղից տեղափոխվել են 1960-ական թվականներին[8]։
Ներկայումս Արազին գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանում և ադրբեջանաբնակ է։
Օգտագործված գրականության ցանկ՝
Ղ, Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։
Ա․ Այվազյան, Նախիջևան․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, 1995։
Ա․ Այվազյան, Նախիջևանի ԽՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ։ Երևան, 1986։
Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․1, ցուցակ 1, Երևան, 1986։
Նախիջևան․Քարտեզագիրք, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։
[1] Ա․ Այվազյան, Նախիջևանի ԽՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ։ Երևան, 1986, էջ 97։
[2] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․1, ցուցակ 1, Երևան, 1986, էջ 382։
[3] Ա․ Այվազյան, Նախիջևան․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, 1995, էջ 104-105։
[4] Ղ, Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 381։
[5] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․1, ցուցակ 1, Երևան, 1986, էջ 382։
[6] Նախիջևան․Քարտեզագիրք, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012, էջ 23։
[7] Նույնի՝ էջ 21։
[8] Ա․ Այվազյան, Նախիջևան․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, 1995, էջ 104-105։