2026

Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել

2026-02-03

Ադրբեջանն ակտիվորեն շարունակում է գործընկեր տարբեր երկրներից նոր զինատեսակների ձեռքբերումը։ Ադրբեջանական բանակի զինանոցի վերջին տարիների համալրումները ցուցադրվել են 2025 թվականի նոյեմբերի 8-ին՝ Բաքվում կայացած զինվորական շքերթի ժամանակ։ Ընդհանուր առմամբ՝ ցուցադրվել է 39 հատուկ տեխնիկա և զենքի համակարգ, 53 հակաօդային պաշտպանության միջոց, 63 միավոր հրթիռահրետանային զենք և 12 նավ, 55 ավիացիոն միջոց, որից 5-ը բերվել է Թուրքիայից։ Ռազմական շքերթին, բացի Ադրբեջանի 5000 զինվորներից մասնակցել են նաև Թուրքիայի զինված ուժերի 240 և Պակիստանի զինված ուժերի 120 զինծառայողներ։

Նորագույն զինատեսակներ շքերթին ուժի ցուցադրությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական ուղերձ

Ադրբեջանում գործող միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպառազինության հիմնական նորամուծություններից են չինական HQ-9 BE  հեռահար զենիթային հրթիռային համակարգերը։ Այս զենքի արտահանման տարբերակը նախատեսված է ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ և կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ ոչնչացնելու համար։ «HQ-9BE»-ն Չինաստանի HQ-9 հակաօդային պաշտպանության համակարգի արտահանված վերջին տարբերակն է: HQ-9BE հակաօդային պաշտպանության համակարգն առաջին անգամ ներկայացվել է 2025 թվականի փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած IDEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսում: Դրա արտադրողները՝ չինական Norinco և CATIC ընկերությունները, համակարգը ներկայացրել են որպես ամերիկյան «Patriot»-ի և ռուսական «C-400»-ի մրցակցային այլընտրանք։ Ըստ հրապարակումների՝ Ադրբեջանը դարձել է չորրորդ երկիրը՝ Մարոկկոյից, Պակիստանից և Եգիպտոսից հետո, և նախկին խորհրդային հանրապետությաններից առաջինը, որը ձեռք բերել է Չինաստանից HQ-9BE համակարգերը։

Չինական արտադրության HQ-9 BE  հեռահար զենիթային հրթիռային համակարգեր

2024 թվականին Ադրբեջանը ձեռք է բերել Չինաստանի և Պակիստանի համատեղ արտադրության JF-17 Block III կործանիչներ։ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում ներկայացվել էին պակիստանյան JF-17C (Block III) կործանիչները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինվորական շքերթի ընթացքում՝ ցուցադրական թռիչքի ժամանակ, օդ են բարձրացել այդ JF-17 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Շքերթից առաջ ադրբեջանական մամուլում կային հրապարակումներ, որ Պակիստանի ռազմաօդային ուժերի JF-17 Thunder կործանիչներն ու պակիստանցի զինծառայողներն էլ են մասնակցելու զորահանդեսին։ Այնուամենայնիվ՝ պարզ չէ, թե շքերթին թռիչքները կատարել են Ադրբեջանի՞ ԶՈՒ-ին, թե՞ Պակիստանին պատկանող կործանիչները։

Չինաստանի և Պակիստանի համատեղ արտադրության JF-17 Block III կործանիչներ

2025 թվականին Ադրբեջանի և Չինաստանի միջև ստորագրվել է «Համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիր, որն ընդգրկել է էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ու մշակույթի ոլորտները։ Չինաստանը հետաքրքրված է նաև Ադրբեջանի էներգետիկ պաշարներով և «կանաչ էներգիայի» նախագծերով։ Մյուս կողմից՝ Չինաստանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը կենտրոնական դեր ունի։ Տարեկան անցկացվում են համատեղ զորավարժություններ, Չինաստանը Պակիստանին մատակարարում է Hangor դասի սուզանավեր և J-10C կործանիչներ, ինչպես նաև աջակցում է պաշտպանական արտադրությանը։ Չինաստանի և Պակիստանի ռազմական դաշինքը ուժեղացնում է Պեկինի դիրքերը տարածաշրջանում, ինչը Բաքվի համար կարևոր է։

Ադրբեջանի բանակի զինանոցի նորույթներից է Իսրայելում արտադրված Sea Breaker հրթիռը։ «Rafael Advanced Defense Systems»-ի կողմից մշակված «Sea Breaker»-ը բարձր ճշգրտության, հինգերորդ սերնդի համակարգ է, որը կարող է խոցել մակերեսային և ափամերձ թիրախներ՝ մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա, և մեկ հրթիռը կարող է ոչնչացնել փոքր ռազմանավ։

Իսրայելական արտադրության Sea Breaker հրթիռ

Բաքվի կողմից Sea Breaker հրթիռների ձեռքբերումը, ինչպես վկայում են  ադրբեջանական աղբյուրները, կարելի է դիտարկել որպես նոր հնարավորություն, որը թույլ կտա չեզոքացնել երկրի ափամերձ ենթակառուցվածքների, էներգետիկ հարթակների և ծովային հաղորդակցությունների համար հնարավոր սպառնալիքները։ Կասպյան տարածաշրջանում «Sea Breaker» և այլ ռազմածովային նոր զինատեսակներն Ադրբեջանը, ըստ երևույթին, կարող է կիրառել Իրանի կամ ավելի պակաս հավանականությամբ՝ Ռուսաստանի դեմ։

Օպերատիվ-մարտավարական Predator Hawk (HOUK) հրթիռային համալիրը ցուցադրվել է PULS շասսիի վրա։ Հրթիռներն արտադրվում են իսրայելական Elbit Systems պաշտպանական կորպորացիայի կողմից: Ընկերության տվյալներով՝ «Predator Hawk»-ը բարձր ճշգրտությամբ կառավարվող հրթիռային համակարգ է, որը նախատեսված է մեծ հեռավորությունների վրա թիրախներ ոչնչացնելու համար։ Ունի 50-ից մինչև 300 կիլոմետր բացառիկ հեռահարություն։  Մոտ 10 տարի է՝ Ադրբեջանը  գնում է «Elbit Systems»-ի հրթիռային համակարգեր։ Ադրբեջանին մատակարարվել է մինչև 200 կիլոմետր հեռահարությամբ EXTRA մարտավարական հրթիռներ, իսկ ավելի ուշ՝ ադրբեջանական բանակը ստացել է «Elbit Systems»-ի կողմից մշակված LORA հրթիռներ՝ մինչև 400 կիլոմետր հեռահարությամբ։ 44-օրյա պատերազմի ժամանակ այս երկու հրթիռներն օգտագործվել են Արցախի դեմ։

Իսրայելական արտադրության Predator Hawk (HOUK) հրթիռային համալիր

Բաքվի զինվորական շքերթին ցուցադրվել է նաև Sky Striker Block-4 համակարգը, որը ևս մշակվել է իսրայելական «Elbit Systems»-ի կողմից։ «SkyStriker»-ը կարող է մարտավարական ճշգրիտ հարվածներ հասցնել մեծ հեռավորություններից։ Այն կարող է հայտնաբերել, որսալ և խոցել օպերատորի կողմից նշանակված թիրախները՝ ապահովելով կրակոցների բարձր ճշգրտություն։

 

Իսրայելական արտադրության Sky Striker Block-4 համակարգ

Ցուցադրված իսրայելական հաջորդ զինամթերքը պարեկող «Hero 120»-ն է, որը մշակվել է UVision Air ընկերության կողմից։ Ցամաքային, ծովային և օդային ներգրավման համար ստեղծված «HERO 120»-ը ինտեգրվում է զրահատեխնիկայի, ռազմածովային նավերի և պտտվող թևերով հարթակների վրա, ինչպիսիք են, օրինակ՝  մարտական ուղղաթիռները: Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը, ծովային հաղորդակցությունների վերահսկումն իրականացնելու, Իրանի ռազմածովային ուժերը զսպելու նպատակով «Hero 120»-ը Բաքվին թույլ է տալիս, առանց ավիացիոն կամ նավատորմային մեծ ուժերի կիրառմամբ, կատարել սպառնալիքների արագ չեզոքացում։

Իսրայելական արտադրության պարեկող զինամթերք Hero 120

Բաքվում կայացած շքերթի ցուցանմուշներից էր նաև իսրայելական Aeronautics ընկերության կողմից արտադրված Orbiter-5 մարտավարական հետախուզական անօդաչու թռչող սարքը: Այն առաջին անգամ ցուցադրվել է 2023 թվականի հունիսին՝ Փարիզի ավիաշոուի ժամանակ։ Ադրբեջանն իր զինանոցում ունի նաև «Orbiter»-ի մյուս՝ 1КM, 2,3,4, տեսակները։

Իսրայելական արտադրության Orbiter-5 մարտավարական հետախուզական անօդաչու թռչող սարք

Ադրբեջանի զինանոցի նորույթներից է սերբական արտադրության 155 միլիմետրանոց B-52 NORA ինքնագնաց հրետանային միավորը։ Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի և Սերբիայի համատեղ անցկացրած մարտավարական զորավարժությունների ժամանակ հրետանային ստորաբաժանումները մարտական կրակի վարժանքներ են անցկացրել «NORA B-52»-ից։

Սերբական արտադրության 155 միլիմետրանոց B-52 NORA ինքնագնաց հրետանային միավոր

Չեխական Excalibur Army պաշտպանական ընկերության կողմից մշակվող  DITA 155 մմ ինքնագնաց թնդանոթային հաուբից հրետանային համակարգ ևս ներառվել է ցուցադրվող զենքերի շարքում։ 2024 թվականի մայիսին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ չեխական ընկերությունը նախատեսում է Ադրբեջանին մատակարարել ավելի քան 70 անվավոր ինքնագնաց 155 միլիմետրանոց հաուբիցներ։ Նույն տարվա սեպտեմբերին, ըստ  կայքերի, Ադրբեջանի զինված ուժերին մատակարարվել է առաջին DITA հաուբիցը։

Չեխական արտադրության DITA 155 մմ ինքնագնաց թնդանոթային հաուբից հրետանային համակարգ

Դեռևս 2024 թվականի հունիսին Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին էր ներկայացվել իտալական Leonardo ընկերության կողմից արտադրված C-27J Spartan ռազմական տրանսպորտային ինքնաթիռը: C-27J ռազմատրանսպորտային ինքնաթիռները ևս ներկայացվել են շքերթին։

Իտալական արտադրության C-27J Spartan ռազմական տրանսպորտային ինքնաթիռ

Ադրբեջանական զինուժը ցուցադրել է նաև իսրայելական արտադրության SandCat զրահապատ մեքենաները։ Այն թեթև, բարձր շարժունակության զրահապատ հարթակ է, որը նախատեսված է արագ արձագանքման ուժերի համար։ Ադրբեջանի 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի՝ «ADEX 2024»-ի ժամանակ, Բաքուն ներկայացրել էր իսրայելական SandCatStormer մեքենայի արդիականացված իր տարբերակը, որը, նշում են, հագեցած է SpikeNLOS հրթիռային համակարգով:

Իսրայելական արտադրության SandCat զրահապատ մեքենա

«Cobra II» (Cobra II-ներառյալ սանիտարական տարբերակը) նույնպես ներառվել է Ադրբեջանի զինանոցում։ Այն առանձնանում է ինքնաշեն պայթուցիկ սարքերից և ականներից պաշտպանության բարձր մակարդակով: Օգտագործվում է հետախուզության, դեսանտային ուժերի, կրակային աջակցության և մարտական գոտիներում անձնակազմի տարհանման համար։ Մշակվել և արտադրվում է Թուրքիայի Otokar ընկերության կողմից։

Թուրքական արտադրության «Cobra II» զրահապատ հարթակ

Ադրբեջանական բանակն առաջին անգամ ներկայացրել է նաև KAYRA ռազմածովային կամիկաձե անօդաչու սարքը։ Այն նավերը, նավահանգստային կառույցներն ու ափամերձ ենթակառուցվածքները ոչնչացնող հարվածային միջոց է։ Սարքն արտադրվում է թուրքական Dearsan ընկերության կողմից։

Թուրքական արտադրության KAYRA ռազմածովային կամիկաձե անօդաչու սարք

Թուրքիայում արտադրվող զենքերի շարքից է մարտավարական հրթիռային Kasırğa- TRLG 230A համակարգը՝ արտադրված թուրքական ROKETSAN ընկերության կողմից։

Թուրքական Kasırğa- TRLG 230A մարտավարական հրթիռային համակարգ

Ադրբեջանական ռազմաարդյունաբերություն

Տարբեր երկրներից ձեռք բերված զինամթերքներից բացի՝ Բաքվի ռազմական շքերթում ցուցադրվել են նաև Ադրբեջանի բանակի զինանոցում ներառված տեղական պաշտպանական արդյունաբերության կողմից մշակված նոր զենքեր և սարքավորումներ։

Ցուցադրվել է նոր Viking բազմաֆունկցիոնալ շարժական մարտական համակարգը՝ օդային թիրախների դեմ պայքարելու համար։

Viking բազմաֆունկցիոնալ շարժական մարտական համակարգ

Vaşaq հատուկ օպերատիվ մեքենաները ևս նորամուծություն են։ Դրանք ամբողջությամբ արտադրվել են Ադրբեջանում İTX Motors ընկերության կողմից։ Vaşaq (ITX-6L SOV) մոդելը մշակվել և արտադրվել է Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության անմիջական աջակցությամբ՝ ՊՆ-ի պատվերով։ Այն արագ արձագանքման ուժերի համար նախատեսված զրահապատ մեքենա է, որն օգտագործվում է քաղաքային և դժվարանցանելի միջավայրերում հարձակման և հակաահաբեկչական գործողությունների համար:   

Vaşaq հատուկ օպերատիվ մեքենա

Զենքի արտադրության թեմային նախագահ Ալիևն անդրադարձել է նաև նոյեմբերի 3-ին։ Նա հայտարարել է, որ ռազմական արդյունաբերությունը «արագ զարգանում է․ դա շատ շահութաբեր ոլորտ է»։ Ոլորտին հատկացվել են զգալի ռեսուրսներ, քանի որ, ըստ Ալիևի,  պետության նպատակը ոչ միայն ներքին պահանջարկը բավարարելն է, այլև՝ արտասահմանյան երկրներին զենք վաճառելը։

Մասնավոր ընկերությունները, Ալիևի՝ 2024 թվականի օգոստոսի թույլտվությամբ սկսել են աշխատանքն Ադրբեջանի ռազմական արդյունաբերության մեջ։

2026 թվականի հունվարի 5-ին՝ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, Ադրբեջանի նախագահը նշել է, որ լիցենզիաներ են տրամադրվել 15 մասնավոր ընկերությունների, որոնցից յոթն արդեն սկսել են ռազմական արտադրությունը: Արտադրական նոր օբյեկտների ստեղծման և առկա օբյեկտների ընդլայնման համար 2024-2025 թվականներին ներդրվել է մեկ միլիարդ մանաթ, որի կեսը՝ մասնավորի կողմից: Ըստ Ալիևի՝ Ադրբեջանում համատեղ ձեռնարկություններ են հիմնվել պաշտպանական արդյունաբերության համաշխարհային առաջատար ընկերությունների հետ․ նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի, հրետանային կայանքների և այլ սարքավորումների արտադրություն։

Ռազմական արդյունաբերության և երկրի ռազմական արտադրանքի՝ արտաքին առևտրի վերաբերյալ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն առանձին տվյալներ չի ներկայացնում։ Սակայն Նախարարների կաբինետի գործունեության 2024 թվականի զեկույցը ցույց է տալիս, որ ռազմական արտադրանքի պետական պատվերների ծավալը վերջին երկու տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է, և «ներկայումս արտադրվող ռազմական արտադրանքի զգալի մասն արտահանվում է»։ Նշվում է, որ հաշվետու տարում Պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններն արտադրել են ընդհանուր առմամբ 781.8 միլիոն մանաթի արտադրանք, ինչը 14.7%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Արտահանված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 565.8 միլիոն մանաթ: 2024 թվականին նախարարության ձեռնարկությունները վերանորոգել են 55 տեսակի զրահատեխնիկա, հրաձգային զենք և այլ սարքավորումներ։

«Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում աշխարհի գրեթե 20 երկիր»,-ասել է նախագահ Ալիևը։

Ադրբեջանական անկախ «Toplum TV»-ին տված հարցազրույցում Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջասուր Մամեդովն ասել է, որ «եթե Ադրբեջանը ցանկանում է նվազեցնել իր ռազմական կախվածությունը, ապա դրա համար պետք է ունենա ռազմավարություն և ապահովի թափանցիկություն»։

«Նման ռազմավարություն հայտնի չէ ո՛չ հանրությանը, ո՛չ էլ՝ խորհրդարանին։ Պետք է լինի «սպիտակ թուղթ», և այնտեղ պետք է նշված լինի, որ Ադրբեջանը ցանկանում է արտադրել հենց այսպիսի զենքեր առաջիկա 5-10 տարիների ընթացքում։ Մենք չգիտենք, թե ինչպիսի գործընթաց է ընթանում, ինչ նպատակ ունի այն։ Նպատակը կարող է լինել բանակի ամբողջական փոփոխությունը․ կարող են լինել նաև որոշ բիզնես շահեր։ Այս գործընթացը պետք է լինի թափանցիկ, պետք է լինի հանրային վերահսկողություն։ Այստեղ խոսքը միլիարդների մասին է»,-նշել է փորձագետը։

Ըստ Ջասուր Մամեդովի՝ «Տեղեկատվություն չկա, թե մասնավոր որ ընկերություններն են հաղթել զենքի արտադրության մրցույթներում։ Սա խոսում է այն մասին, որ զենքի արտադրությունն իշխանությունների համար բիզնես է, և չի բացառվում, որ այն կօգտագործվի «կեղտոտ փողերի լվացման» համար»։ Փորձագետը կասկածներ ունի նաև Ադրբեջանի կողմից արտադրվող զենքի որակի հարցում։

Թեև արտերկրից՝ Չինաստանից, Պակիստանից, Իսրայելից, Թուրքիայից, Սերբիայից, գնված զինատեսակները ցուցադրվել են նոյեմբերի 8-ի շքերթում, մատակարարվող զենքի գնման արժեքն անհայտ է: Բաքուն սովորաբար չի բացահայտում ձեռք բերվող զենքի արժեքը կամ քանակը: Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական և անվտանգության ծախսերը, ինչը կազմում է բյուջեի ավելի քան 20 տոկոսը:

2024 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի նախագծով պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմելու էին 6 մլրդ 421 մլն 047,420 հազար մանաթ (3,777 միլիարդ դոլար), որը պետական բյուջեի 17.4%-ն էր: Զինված ուժերի ծախսերը նախատեսված էին մինչև 2 միլիարդ 465,55 միլիոն մանաթ (1,45 միլիարդ դոլար), ազգային անվտանգությանը՝ 413,4 միլիոն մանաթ (243,2 միլիոն դոլար), իսկ սահմանապահ ծառայությանը՝ 487,7 միլիոն մանաթ (268,9 միլիոն դոլար): 2024 թվականի հատուկ պաշտպանական նախագծերի և միջոցառումների ծախսերը նախատեսված էին 3 միլիարդ մանաթ (1.76 միլիարդ դոլար), մնացածը՝ այլ նպատակներով։ Հետագայում հաղորդվել էր, որ 2024 թվականի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 6.421 միլիարդ մանաթից ավելացնել մինչև 7.126 միլիարդ մանաթի։

Պաշտպանության ու անվտանգության ոլորտին 2025 թվականի բյուջեի նախագծով հատկացվել էր 8 միլիարդ 396 մլն մանաթ։ Դեկտեմբերին խորհրդարանում «2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, որ կառավարությունը որոշել է 2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված բյուջետային ծախսերը մեծացնել՝ հասցնելով մինչև 8,5 միլիարդ մանաթի։

2026 թվականի պետական բյուջեով Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության ոլորտի համար նախատեսված է 8.7 միլիարդ մանաթ (5,1 մլրդ դոլար) (ծախսերի 20.9%-ը)։ Այս գումարից 3 միլիարդ մանաթից մի փոքր ավելին հատկացվել է զինված ուժերին, 480 միլիոն 623,148 հազար մանաթը՝ ազգային անվտանգությանը, 541 միլիոն 633,496 հազար մանաթը՝ սահմանապահ ծառայություններին, 5 միլիոն մանաթից մի փոքր ավելին՝ պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում կիրառական հետազոտություններին, իսկ 4 միլիարդ 656 միլիոն 698,016 հազար մանաթը՝ պաշտպանության և ազգային անվտանգության հետ կապված այլ գործունեություններին:

Ադրբեջանական իշխանամերձ աղբյուրները պնդում են, թե շքերթում ներկայացված զինատեսակները չեն ընդգրկում երկրի ամբողջ զինանոցը, և որ «կան ավելի հզոր համակարգեր, որոնց ցուցադրումն այս փուլում նպատակահարմար չէ»։ Սակայն արդեն իսկ ցուցադրված զինտեխնիկան բավարար է ցույց տալու, որ Բաքուն շարունակում է իր ռազմականացման և զինման ագրեսիվ քաղաքականությունը՝ Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի անմիջական աջակցությամբ՝ փորձելով զենքի նոր շուկաներ գտնել նաև եվրոպական երկրներում։  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում