2026

Բաքվից մինչև Սկանդինավիա․ ինչպես են ադրբեջանցիները «նվաճում» հին աշխարհը

2026-01-27

«Ադրբեջանցիները վիկինգների, էտրուսկների, տրոյացիների և այլոց նախնիներն են…»․ նման «եզրահանգման» են եկել ադրբեջանցի գիտնականները։ Հաջորդիվ՝ վերջիններս, ըստ երևույթին, ադրբեջանական կհայտարարեն նաև սառը օդը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ասվածը սատիրայի կամ գիտական ֆանտաստիկայի ժանրից է, սակայն, դժբախտաբար, բոլորովին էլ այդպես չէ։ Խնդիրն այն է, որ «իսկապես» ադրբեջանական պատմագիտությունը «նոր բարձունքներ է նվաճում»։ Պարզվում է, որ սկանդինավների, նորվեգացիների, վիկինգների, էտրուսկների, տրոյացիների և, ընդհանրապես, հին աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների նախնիներն ադրբեջանցիներն են եղել։

Այսպես՝ Ադրբեջանի ԳԱԱ Նասիմիի անվան լեզվաբանության ինստիտուտի հետազոտող Ս. Մամեդովան իր «գիտական» հոդվածում էտրուսկյան անձնանուններն ու լեզվական ձևաբանության տարրերը համադրում է հին թյուրքական ձևերի հետ և, իհարկե, դրանք մեկնաբանում հօգուտ թյուրքական (այսինքն՝ ադրբեջանական) ծագման։ Գիտական հանրության համար նման համադրումը՝ օնոմաստիկայի և պատմության միջև, կարող է թվալ անլուրջ ու ծիծաղելի, սակայն նման հակագիտական թեզերը արդեն տպագրված են որպես գիտական նյութ (տես՝ Мамедова С. И., «О происхождении этрусков», Вестник КазНУ. Серия филологическая. № 2 (160). 2016, էջ 166–170)։

Հիշեցնենք, որ էտրուսկները մ.թ.ա. 1-ին հազարամյակի հնագույն քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդներից էին, որոնք Հռոմից առաջ գոյություն են ունեցել Ապենինյան թերակղզում, և, բնականաբար, որևէ կապ չեն ունեցել թյուրքերի, առավել ևս՝ ադրբեջանցիների հետ։

Սակայն ադրբեջանցի «գիտնականներն» այսքանով չեն սահմանափակվում։ Հենվելով Թուր Հեյերդալի առաջ քաշած գիտական կեղծ թեզի վրա, ըստ որի, վիկինգների նախնիները և նույնիսկ ինքը՝ Օդինը, եկել են «Ազեր» երկրից (լավ է, որ գոնե Բաքվից չեն եկել), նրանք Ադրբեջանը հռչակել են վիկինգների հայրենիք։

Ինչպես իր հարցազրույցում խոստովանել է ադրբեջանցի կոմպոզիտոր Գալիբ Մամեդովը, ադրբեջանցիները նպատակադրված փնտրում էին աշխարհահռչակ անձանց՝ կեղծված և հորինված պատմությունը հանրահռչակ դարձնելու համար․ «Մենք հասկանում էինք, որ անհրաժեշտ էր ներգրավել հանրահայտ մեկին, ում կարծիքը կընդունի ամբողջ աշխարհը։ Այդպես էլ առաջացավ Թուր Հեյերդալին Ադրբեջան հրավիրելու գաղափարը»։

Թուր Հեյերդալը բազմիցս այցելել է Ադրբեջան և զբաղվել «պատմական հետազոտություններով», թեև բավական հեռու էր թե՛ պատմագիտությունից, թե՛ տարածաշրջանի պատմության ընկալումից։ Արդյունքում՝ նրա առաջ քաշած թեզը լիովին համապատասխանում էր Հեյդար Ալիևի ճաշակին, ով անձամբ էր ընդունում Թուր Հեյերդալին՝ վերջինիս այցերի ընթացքում։ Հեյերդալը, հղում կատարելով 13-րդ դարի իսլանդացի պատմաբան և քաղաքական գործիչ Սնորի Սթուրլուսոնի սագային, «գտնում է» վերջինի և Գոբուստանի ժայռապատկերների նմանությունը՝ առաջ քաշելով վիկինգների ծագման տեսությունը «Ազեր» երկրից, այսինքն՝ Ադրբեջանից։

Այդ տեսության ակնհայտ անհիմն լինելուց բացի՝ գոյություն ունի նաև այն տեսակետը, որ Հեյերդալի այցելություններն Ադրբեջան 1981–2000 թվականներին կարող էին կապված լինել նորվեգական նավթային ընկերությունների շահերի հետ։ Արդյունքում՝ վիկինգները հռչակվեցին ադրբեջանցիների հետնորդներ։

Ադրբեջանցի գիտնականներն, արագորեն յուրացնելով այդ հակագիտական թեզը, այսօր էլ շարունակում են դրա տարածումը։ Ադրբեջանի «պատմական մտքի տիտաններից»՝ «գիտությունների դոկտորներից» մեկը՝ Սեիդ Աբբասովը, «Բաքու.TV»-ի ռեպորտաժում, չնայած վստահ լինելով սեփական հիպոթեզների անհեթեթ լինելու մեջ, պատմում է էտրուսկյան արձանագրությունների մասին, որոնք, ըստ նրա, «իրականում գրված են հին թյուրքական լեզվով»՝ վստահորեն խոսելով վիկինգների ադրբեջանական արմատների մասին։

Մեկ այլ «հետազոտող»՝ Իսկենդեր Թագիևը, համոզված է, որ շումերերենը նմանություն ունի թյուրքական, այսինքն՝ ադրբեջանական լեզվի հետ, և վստահ է, որ վիկինգների նախնիները դեռևս 12 000 տարի առաջ, երբ ջրի մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, «լողալով» Ադրբեջանից հասել են վիկինգների երկիր։

Կրկին ընդգծենք․ գիտական լուրջ միջավայրում գիտական նման կեղծ թեզերն ընկալվում են որպես անհիմն և ծիծաղելի։ Սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանի պետական աջակցությամբ իրականացվող քարոզչությունը շարունակում է դրանց տարածումը միջազգային ակադեմիական հարթակներում, և նմանատիպ հրապարակումների թիվը, ցավոք, տարեցտարի ավելանում է։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում