2026
2026-01-22
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնած ադրբեջանական պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված է նաև նախագահ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը: Վերջինս որևէ պաշտոն չի զբաղեցնում Ադրբեջանի կառավարությունում։ Շվեյցարիայում ամուսնուն ուղեկցող Մեհրիբան Ալիևայի սոցցանցային հրապարակումներում երևում է, որ Ալիևների ավագ դուստր Լեյլա Ալիևան ևս Դավոսում է։
Պետական որևէ պաշտոն չզբաղեցնող Հեյդար Ալիև կրտսերի մասնակցությունը միջազգային պաշտոնական հանդիպումներին բուռն քննարկումներ է առաջացրել ադրբեջանական սոցցանցերում։ Նա ներկա է գտնվել բրազիլական BTG Pactual ներդրումային բանկի նախագահ Անդրե Էստևեսի, «Vestas Wind Systems»-ի Մարքեթինգի, հաղորդակցության, կայուն զարգացման և հասարակայնության հետ կապերի գծով ավագ փոխնախագահ Մորտեն Դիրհոլմի, աշխարհի խոշորագույն նավահանգստային օպերատորներից մեկի՝ «DP World»-ի նախագահ և գործադիր տնօրեն Սուլթան Ահմեդ բին Սուլայեմի, ինչպես նաև՝ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման բին Ջասիմ ալ Թանի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին։
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներից երևում է, որ Հեյդար Ալիև կրտսերը ներկայացվում է որպես Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ «SOCAR»-ի ներկայացուցիչ։ Պաշտոնական որևէ աղբյուրում նշված չէ ընկերությունում նրա աշխատանքային գործունեության մասին։ Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը ևս 1994-2003 թվականներին աշխատել է «SOCAR»-ում՝ որպես առաջին փոխնախագահ:
Ըստ ադրբեջանցի քաղաքական որոշ վերլուծաբանների՝ վերջին շրջանում պաշտոնական միջոցառումներին և հանդիպումներին կրտսեր Հեյդար Ալիևի մասնակցությունը վկայում է նրա՝ Իլհամ Ալիևի հնարավոր իրավահաջորդը լինելու մասին։ Նրանց կարծիքով՝ Հեյդար Ալիև կրտսերն ապագայում կարող է ավելի ակտիվ դերակատարում ունենալ քաղաքական և պետական կառավարման համակարգում: Վերլուծաբանները չեն բացառում, որ միջազգային հանդիպումներին Հեյդար Ալիև կրտսերի մասնակցությունը կարող է լինել քաղաքական կարիերայի «նախապատրաստական փուլ»:
Սա առաջին դեպքը չէ, երբ Հեյդար Ալիև կրտսերը հոր հետ մասնակցում է պաշտոնական հանդիպումներին։ Դեռևս 2024 թվականի հունվարի 9-ին նա մասնակցում էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի կողմից տրված պաշտոնական ճաշի ընդունելությանը՝ սեղանի շուրջ նստելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ։ Հենց այս ճաշից հետո էին սկսվել քննարկումները, թե Իլհամ Ալիևը որդուն նախապատրաստում է քաղաքական ակտիվ գործունեության։
Ադրբեջանում բուռն քննարկումներ էր առաջացրել նաև 2024 թվականի սեպտեմբերի 26-ին անցկացված տնտեսական հարցերով խորհրդակցությունը։ Հանդիպմանը մասնակցող Հեյդար Ալիև կրտսերը նստած էր մոր՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողքին։ Ըստ պետական արարողակարգի՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ վարչապետն ու նրա տեղակալները նստում են նախագահի ձախ կողմում, իսկ փոխնախագահները՝ աջ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Հեյդար Ալիև կրտսերը նստել երկրորդ փոխնախագահի աթոռին։
Վերջին շրջանում հանրային վայրերում հաճախ է երևում նաև Հեյդար Ալիև կրտսերի կինը՝ Ալյոնա Ալիևան, ով այս օրերին նույնպես Դավոսում է։ Վերջինս Մեհրիբան Ալիևայի ու Ալիևների դուստրերի՝ Արզուի և Լեյլայի հետ մասնակցում է տարաբնույթ միջոցառումների, նաև՝ արտասահմանյան այցերին։ Օրինակ՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Մեհրիբան Ալիևայի՝ Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպել էր Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ:
Հանրային դաշտ բերելով որդուն, ներգրավելով բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումներում՝ Իլհամ Ալիևը կրտսեր Հեյդար Ալիևին՝ որպես նախագահական աթոռի կլանային հաջորդ ժառանգորդ, հնարավորություն է տալիս ձեռք բերելու քաղաքական փորձ, հասկանալու պետական կառավարման մեխանիզմները, շփվելու միջազգային քաղաքական և գործարար շրջանակների հետ, հետևելու արտաքին քաղաքական գործընթացներին։ Իրագործվում է նույն սցենարը, ինչ կազմել էր ավագ Հեյդար Ալիևը՝ 2003 թվականին Ադրբեջանի ներկայիս նախագահին իշխանության բերելու համար։