2026
2026-01-15
Պատմական Վասպուրական նահանգի Գողթան (Գողթն) գավառի հայկական գյուղերից էր Նորակերտը, որը գտնվել է Բստաձորի ամենավերին հատվածում՝ մոտ 2500 մետր բարձրություն ունեցող Զանգեզուրի լեռնաշղթայի գոտում։ Գյուղը դուրս է մնացել ուսումնասիրողների ուշադրությունից, քանի որ բանուկ ճանապարհներից հեռու է եղել։
Նորակերտը հայտնի է եղել Նուրղուտ կամ Տերե-Նիրղիտ անուններով[1] ևս։ Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվել են այգեգործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ[2]։ Գյուղի տարածքի նյութական մշակույթի ուսումնասիրությունը փաստել է, որ գյուղը գոյություն է ունեցել շատ վաղուց։ Սակայն բնակատեղիում կյանքն աշխույժ է եղել հատկապես 14-18-րդ դարերում[3]։
Ըստ 13-րդ դարի մի հարկացուցակի՝ Նորակերտը Տաթևի վանքին տվել է 12 միավոր (դրամ) հարկ[4]։
Գյուղի կենտրոնական մասում է գտնվել Թարգմանչաց վանքը, որը եռանավ բազիլիկա էր՝ մուտքն արևմտյան ճակատից։ Կառուցվել է Եսայի վարդապետի կողմից 1662 թվականին[5]։ Եկեղեցին որմնանկարներ, պատկերաքանդակներ և զարդաքանդակներ չի ունեցել։ Արևմտյան ճակատի առջև պահպանվել են ավերված շինությունների և պարսպի հետքեր։ Թարգմանչաց եկեղեցին 1990-ական թվականների սկզբներին կիսավեր է եղել։ Ամբողջությամբ ավերվել է 1997-2006 թվականներ ընկած ժամանակահատվածում[6]։
Նորակերտում է գտնվել միջնադարում կառուցված մի եկեղեցի ևս, որն առաջին անգամ հիշատակվել է 1829 թվականին։ Այդ եկեղեցին ներկայումս հիմնահատակ ավերված է[7]։
Գյուղի հարավարևելյան մասում է գտնվում գերեզմանատունը, որը վերաբերում է 12-18-րդ դարերին։ Այստեղ պահպանված են հիմնականում 14-16-րդ դարերին վերաբերող 100-110 հայկական տապանաքարեր ու խաչքարեր։ Մի շարք տապանաքարեր ու խոյաքանդակներ տեղահանված ու կոտրատված են, իսկ հայերեն արձանագրությունները՝ քայքայված և ջնջված։
Նորակերտի հյուսիսարևելյան մասում՝ բրգաձև լեռան վրա են գտնվում 14-15-րդ դարերով թվագրվող բերդի ավերակները։
19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին գյուղը հայաթափված էր։ Պահպանվել է հիշատակություն, որ այդ շրջանում գյուղում բնակվել են 25-26 տուն մուսուլմաններ[8]։
Ներկայումս գյուղը կոչվում է Նիրգուտ կամ Նյուրգյուտ[9]։ Գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում՝ համանուն քաղաքից մոտ 37 կմ հյուսիս-արևելք և բնակեցված է ադրբեջանցիներով։
Գրականություն՝
Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։
Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904։
Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։
Ա․ Այվազյան, Մեսրոպավանի, Շրջուի, Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները, Էջմիածին, ԼԷ տարի (1980), Բ-Գ։
Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան 1986։
Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։
Կովկասի ժառանգության դիտորդական կենտրոն՝ CHW, https://storymaps.arcgis.com/stories/ea9a60df8db54f7780557961e86617fe։
[1] Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 344։
[2] Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998, ցուցակ 1, էջ 38։
[3] Ա․ Այվազյան, Մեսրոպավանի, Շրջուի, Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները, Էջմիածին, ԼԷ տարի (1980), Բ-Գ, էջ 97։
[4] Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998, ցուցակ 1, էջ 17։
[5] Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012, էջ 24։
[6] Կովկասի ժառանգության դիտորդական կենտրոն՝ CHW, https://storymaps.arcgis.com/stories/ea9a60df8db54f7780557961e86617fe։
[7] Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012, էջ 24։
[8] Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 344։ Նաև՝ Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904, էջ 323։
[9] Նորակերտ, ներկայումս Նյուրգյուտ, ադրբեջաներեն՝ Nürgüt։