2025
2025-11-28
Վերջերս «Գեղարդ» հիմնադրամը բողոք-նամակ էր ստացել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայից՝ ստորագրված Ա. Ա. Բաքիխանովի անվան պատմության և ազգաբանության ինստիտուտի` մոտ երկու տասնյակ գիտաշխատողների կողմից։ Ադրբեջանցի «գիտնականները» բողոքում էին «Գեղարդ» հիմնադրամի գործունեության և, հատկապես, հիմնադրամի կայքէջի «Ազերֆեյք», «Ազերվանդալիզմ» բաժիններում ներկայացված նյութերի դեմ։ Բողոքի առանձնահատուկ թեմա են դարձել «Գեղարդ» հիմնադրամի կողմից միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին և պարբերականներին հղված այն բողոք-նամակները, որոնք ուղղված են կասեցնելու ադրբեջանցի հեղինակների հակագիտական ու հակահայկական հրապարակումների տարածումը։
Ստորև ներկայացնում ենք հիմնադրամի պատասխան նամակը․
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հարգելի՛ գործընկերներ,
Ձեզ ենք ներկայացնում «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի գործունեության վերաբերյալ ձեր կողմից ուղարկված բողոք-նամակի պատասխանը։
Նախ՝ թույլ տվեք նշել, որ ձեր նամակի «տոնը» դժվար թե կարելի է ընդունելի համարել. առաջին իսկ պարբերությունը գրված է Հայաստանի պատմության բացահայտ և ցինիկ խեղաթյուրմամբ: Պատվից ցածր է անգամ անդրադառնալ ձեր այն պնդմանը, որ ներկայիս «Հայաստանն» իբր առաջացել է «ադրբեջանական» խանությունների տարածքներում։ Գիտական հիմքերից և իրականությունից կտրված այդ քարոզչանյութը գիտական բանավեճի առարկա չի կարող դառնալ: Բավական է նշել, որ այդ տարածքներից մեկը, որը դուք անվանում եք «Իրևանի խանություն», ավելի շուտ փաստում է պատմության, աշխարհագրության և տեղանվանության վերաբերյալ ձեր անբավարար գիտելիքների մասին: Ըստ երևույթին, դուք դժվարացել եք գիտակցել այն պարզ իրողությունը, որ այդ խանություններն են առաջացել Հայաստանի տարածքում, և ոչ թե՝ հակառակը:
Ձեր հայտարարությանն ի պատասխան, թե իբր դուք կարևորում եք պատմական փաստերն ու նախընտրում եք հիմնվել արխիվային նյութի վրա (թեև գործնականում տեղի է ունենում ուղիղ հակառակը), հարկ ենք համարում ձեզ հիշեցնել Ազգերի լիգայի հայտնի որոշումը Ադրբեջանի վերաբերյալ: Այս փաստաթղթում ուղիղ տեքստով ասված է, որ «մինչև 1918 թվականը «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չի ունեցել, իսկ այն տարածքները, որոնց այժմ հավակնում եք, երբեք մեկ միասնական պետական կազմավորում չեն կազմել: Դրանք մտել են ավելի մեծ կայսրությունների՝ Մոնղոլական, ավելի ուշ՝ Պարսկաստանի, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրության կազմի մեջ»: Ավելին՝ նույն որոշման մեջ հստակ ամրագրված է, որ «նոր հանրապետությանը տրված «Ադրբեջան» անվանումը փոխառված է, այն ոչնչով չի տարբերվում հարևան պարսկական նահանգի նույնանուն անվանումից»:
Կարծում ենք, բավարար հմտություններ կունենաք ինքնուրույն ծանոթանալու Ազգերի լիգայի փաստաթղթի բնօրինակ տեքստին.
«Il est intéressant d'observer que ce territoire, qui occupe une superficie de 40.000 milles carrés, ne paraît jamais auparavant avoir constitué un État, mais a toujours été compris dans les fédérations plus vastes comme l'Empire Mongol ou Persan et, depuis 1813, l'Empire Russe. Le nom d'Azerbaïdjan, choisi pour désigner la nouvelle République, est aussi celui de la province persane voisine»:
Այս ձևակերպումն ամբողջությամբ փաստում է պատմական այն իրողությունը, որը դուք գիտակցաբար ու միտումնավոր անտեսում եք:
Հաջորդիվ՝ դուք գրում եք, թե «Մենք՝ [ադրբեջանցի] գիտնականներս, պատմական ճշմարտությունը հասցրել ենք միջազգային գիտական համայնքին՝ հրապարակելով աշխատություններ, հոդվածներ...»:
Նախ՝ առաջարկում ենք չշտապել ինքներդ ձեզ գիտնական ու պատմաբան կոչելու հարցում։ Գիտնականի կարգավիճակը ենթադրում է ոչ միայն հրատարակությունների և կոչումների ձևական առկայություն, այլև՝ ակադեմիական էթիկայի անվերապահ պահպանում: Գիտնականները պատմություն չեն խեղաթյուրում, չեն մերժում բոլորին հայտնի փաստերը և աղբյուրներից ծաղկաքաղ արված առանձին դրվագներով պատմության մանիպուլյացիաներով չեն զբաղվում:
Գիտնականն իրեն չի կարող թույլ տալ գիտակցաբար անտեսել պատմական իրականությունը՝ ժխտելով Հայաստանի հազարամյա ժառանգությունը կամ յուրացնել հայկական, աղվանական, վրացական ու իրանական պատմամշակութային ժառանգությունը ու դրանք հայտարարել որպես «ադրբեջանական»: Ավելին՝ գիտնականները սովորաբար չեն հրապարակում բացահայտ կեղծիք պարունակող նյութեր և, առավել ևս, չեն հպարտանում նման արդյունքներով:
Անդրադառնանք ձեր հայտարարության մյուս ձևակերպմանը, թե իբրև դուք «նոր պատմություն եք գրում և այն հասցնում եք միջազգային հանրությանը», ապա բողոքում եք, որ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոքարկում ու բարձրաձայնում է այն գիտական տվյալների բազաների և ամսագրերի գործունեությունը, որտեղ դուք տևական ժամանակ է՝ հրապարակում եք ձեր հակագիտական և հակահայկական տեքստերը։
Հենց սրանով էլ բացահայտվում է ձեր շարադրանքի բուն էությունը։ Դուք բողոքում եք այն փաստի դեմ, որ «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակներին արձագանքելով՝ արտերկրի պարբերականներն ու գիտատեղեկատվական շտեմարաններն սկսել են ավելի խիստ մոտեցում ցուցաբերել ձեր հրապարակումների նկատմամբ, ինչի արդյունքում դուք զրկվում եք ձեր հակահայկական թեզերի տարածման հնարավորությունից։
Սակայն, փորձեք հասկանալ՝ նման դիրքորոշումը գիտական հանրույթի բնական ու ենթադրելի արձագանքն է, որով փորձ է արվում պաշտպանել գիտությունն ու գիտելիքն արժեզրկումից, իսկ անաչառ պատմական հետազոտությունները՝ քաղաքականացված քարոզչանյութերով փոխարինելու փորձերից։
Եթե մեր գործողությունները որևէ կերպ սահմանափակել են ձեր կեղծ-պատմական, քարոզչական և մեթոդաբանությունից զուրկ նյութերի հետագա տարածումը, ապա մենք անկեղծորեն ցավում ենք։ Ցավում ենք, որ բավական ուշ ենք հանդես եկել նման նախաձեռնությամբ։
Ցավոք, պետք է փաստենք, որ ձեր վիճակն իսկապես բարդ է, քանի որ ակադեմիական միջավայրում գնալով ավելի քիչ տեղ է մնալու ձեզ՝ նման կեղծարարությունների հրատարակման ու առաջխաղացման համար։
Ձեզ համար, այսուհետ, իրավիճակն էլ ավելի է բարդանալու։ Մենք ավելի զգոն ենք լինելու և հետևողական՝ բողոքարկելու, բարձրաձայնելու, առանց ուշացման՝ կանխելու այս իրողության կրկնության հնարավորությունը։
Ակադեմիական ամսագրերն ու տվյալների բազաները շարունակելու են ստանալ մեր պաշտոնական հորդորագրերն ու բողոք-նամակները՝ առավել ուշադրությամբ դիտարկելու ձեր նյութերը և թույլ չտալու դրանց հրապարակումն այն դեպքերում, երբ դրանք կհակասեն ակադեմիական բարեվարքությանը՝ համեմված հակահայկական բովանդակությամբ։
Սակայն, այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք օգնել ձեզ։ Լիահույս ենք, որ դուք կընդունեք ձեզ ուղղված օգնության ձեռքը՝ որպես բարի կամքի դրսևորում և ստեղծված իրավիճակը շտկելու ցանկության արտահայտում։
Գիտական էթիկայի սկզբունքների վրա հիմնվելով՝ մենք ձեզ առաջարկում ենք մեր աջակցությունը՝ փոխարենը ձեզնից ոչինչ չակնկալելով։
Օգնության, աջակցության առաջարկը հետևյալն է․ այսուհետ դուք կարող եք մեզ ուղարկել ձեր հետազոտությունների նախնական տարբերակներն ու սևագրերը։ Մեր անաչառ մասնագետները գիտական փորձաքննության կենթարկեն և կխմբագրեն ձեր նյութերը, կմատնանշեն մեթոդաբանական անճշտությունները, կուղղեն փաստական սխալները, կներկայացնեն առաջարկություններ՝ ձեր ապագա հրապարակումները ակադեմիական չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Այսպիսի մոտեցման շնորհիվ Ձեր աշխատանքները հեշտությամբ կարող են համապատասխանել ակադեմիական միջազգային ստանդարտներին, կմաքրվեն հակագիտական ու հակահայկական քարոզչանյութից, որից հետո դրանք մեծ հաջողությամբ կկարողանաք հրատարակել գիտական ամսագրերի մեծ մասում։
Սակայն, եթե անհնար կհամարեք օգտվել օգնության մեր այս առաջարկից, ապա այդ դեպքում խորհուրդ ենք տալիս, թեկուզև նվազագույն ջանքեր գործադրելով, խստորեն պահպանել գիտական էթիկայի նորմերը, զերծ մնալ պատմական փաստերի խեղաթյուրումից և հայ ու հարևան այլ ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը կեղծելուց։
Վստահեցնում ենք, որ այս սկզբունքներին հետևելը կմեծացնի արտերկրում հրատարակվելու ձեր հնարավորությունները և թույլ կտա, որ ակադեմիական հանրության կողմից իսկապես ընկալվեք որպես գիտնական կամ պատմաբան։
Ամփոփելով՝ թույլ տվեք ձեզ՝ «պատմաբաններիդ», առաջարկել ինտելեկտուալ մի փոքրիկ մտավարժանք։ Հնարավոր է՝ դրա համար ստիպված լինեք կրկին համախմբել «Գեղարդ» հիմնադրամի դեմ բողոք-նամակը ստորագրած բոլոր «պատմաբաններին» և համատեղ կատարել այդ մտավարժանքը։ Հորդորում ենք ձեզ անպայմա՛ն կատարել այդ մտավարժանքը, քանի որ այն կօգնի ձեզ էլ ավելի մոտենալու պատմական իրական փաստերին։
Նոր ժամանակներում, այսինքն՝ 17-18-րդ դարերում, երբ Եվրոպայում տպագրությունը սկսեց արագ զարգանալ, լույս տեսան «Հայոց պատմությանը» նվիրված բազմաթիվ հրատարակություններ և ուսումնասիրություններ։
Այսպես՝ կարող եք ծանոթանալ 17-րդ դարի սկզբի՝ 1613 թվականի՝ «Երուսաղեմի, Կիպրոսի, Հայաստանի պատմությունը» հրատարակությանը (Histoire générale des royaumes de Hierusalem, Cypre, Arménie et lieux circonvoisins Étienne de Lusignan) կամ 1739 թվականին հրատարակված «Քրիստոնեության պատմությունը Հայաստանում և Եթովպիայում» (Maturin Veyssière La Croze, Histoire du christianisme d'Ethiopie et d'Arménie Paris, 1739) կամ 1736 թվականին Լոնդոնում «Historiae Armeniacae» վերնագրով Մովսես Խորենացու «Հայոց պատմության» լատիներեն թարգմանությանը և այլն։
Սրանք և բազմաթիվ այլ օրինակներ վկայում են, որ արդեն 17-րդ դարի սկզբից, երբ Եվրոպայում սկսել էր զարգանալ տպագրական գործը, եվրոպական հրատարակչություններում գիտական տպագրություններ էին լույս ընծայվում Հայաստանի պատմության վերաբերյալ։
Նաև ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ Հայաստանի պատմության վերաբերյալ տպագիր աշխատություններ Եվրոպայում հայտնվել են արդեն 17-րդ դարի սկզբին՝ հենց այն ժամանակ, երբ, համաձայն աղբյուրների հաղորդման, ձեր (հնարավոր) նախնիները նոր էին սկսել «քոչել» դեպի Հայաստան, Վրաստան, Շիրվան և հարակից այլ երկրներ:
Այս ամենին ծանոթանալուց հետո առաջարկում ենք ձեզ՝ փորձեք 17-18-րդ դարերի տպագրությունների շարքում գտնել «Ադրբեջանի պատմություն» կամ «Ադրբեջանի ժողովրդի պատմություն» կոչվող գեթ մեկ ուսումնասիրություն կամ հրատարակություն։
Ստիպված ենք ձեզ միանգամից հիասթափեցնել․ այդպիսիք չկան։ Չկան տրամաբանական և գիտական ակնհայտ իրողությամբ պայմանավորված։ Միանգամայն ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը՝ որպես պատմական և քաղաքական սուբյեկտ, գոյություն չուներ, հետևաբար՝ չէր կարող լինել նրա «պատմությանը» նվիրված պատմագրական ավանդույթ կամ հրատարակություն:
Այս ամենը փաստելով՝ մենք կասկածի տակ չենք դնում ժամանակակից ադրբեջանական հասարակության՝ սեփական պատմագրություն ձևավորելու իրավունքը։ Սակայն հորդորում ենք՝ պատմական նոր հայեցակարգը և Ադրբեջանի նոր պատմությունը շարադրել ակադեմիական չափանիշներին համապատասխան, կեղծիքների բացառմամբ և աղբյուրների ու փաստական նյութի նկատմամբ ազնիվ մոտեցմամբ:
ՀՀ ԳԱԱ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 27 Նոյեմբերի, 2025

Ազգերի լիգայի որոշումը Ադրբեջանի վերաբերյալ, 1920թ

«Երուսաղեմի, Կիպրոսի, Հայաստանի պատմությունը….», Փարիզ, 1613թ․

«Քրիստոնեության պատմությունը Հայաստանում և Եթովպիայում» 1739 թ․

Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», Լոնդոն, 1736թ․