2025
2025-11-17
Մամրուխ գյուղը գտնվում է Զաքաթալայի շրջանում՝ շրջկենտրոն Զաքաթալայից մոտ 14 կմ հարավ-արևելք։
Հայկական գյուղի հիմնադրման ժամանակաշրջանն անհայտ է։ Եղած տվյալների համաձայն՝ գյուղի բնակչությունը 18-րդ դարի կեսերին ստիպված ընդունել է իսլամ։ Այդ ամենի հետևանքով բնակչությունը կտրվել է հայկական միջավայրից։
Այնուամենայնիվ՝ գյուղի տարածքում պահպանվել են քրիստոնեական պաշտամունքային կառույցներ։ Դրանցից մատուռը, որ գտնվում է գյուղի տարածքում, ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, իր հորինվածքային և շարվածքային առանձնահատկություններով կարելի է թվագրել 15-16-րդ դարերով։ Երկրորդ շինությունը գտնվում է գյուղից դուրս՝ մոտակա անտառի տարածքում։ Այն 18,8 մ տրամագծով, շրջանաձև հատակագիծ ունեցող եկեղեցի է, որին կից եղել են նաև այլ մատուռներ։ 1980-ական թվականներին եկեղեցու արևելյան խորանն ու կից մատուռները դեռևս պահպանված էին։ Ս․ Կարապետյանը նշում է, որ եկեղեցին հավանաբար կառուցվել է 7-11-րդ դարերի միջակայքում։ Ադրբեջանում այդ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական՝ բացառելով և մոռացության տալով բնակավայրի՝ դարեր շարունակ հայկական լինելու հանգամանքը։
Ներկայումս էլ գյուղը կոչվում է Մամրուխ և բնակեցված է լեզգիախոս բնակչությամբ՝ ցախուրներով։
Գրականություն
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Գիտական ուսումնասիրություններ։ Գիրք ԻԲ։ Մաս 1։ ՀՃՈՒՀ, Երևան, 2024, էջ 81-83։
Մարության Տ․, Մամրուխի տաճարը (անտիպ՝ «Տիրան Մարությանի արխիվ»՝ https://tiranmarutyan.am/documents)
Ахундов Д., Архитектура древнего и ранее-средневекового Азербайджана, Баку, 1986, с. 184-186.