2025

Զաքաթալայի շրջանի Վարխիան գյուղը

2025-11-10

Նախկինում հայաբնակ Վարխիան գյուղը գտնվում է ներկայիս Զաքաթալայի շրջանում՝ շրջկենտրոնից 19,7 կմ դեպի հարավ։

Տարածաշրջանի հայկական այլ գյուղերի բնակիչների նման Վարխիանի հայությունը նույնպես 18-րդ դարի կեսերին ստիպված է եղել ընդունել իսլամ։ 19-րդ դարի սկզբին, հայտնվելով ռուսական տիրապետության ներքո, Վարխիանի հայերը հնարավորություն են ստացել վերադառնալ քրիստոնեական հավատքին։ Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցու ավագ քահանա Մարտիրոս Տեր-Դանիելյան Տեր-Հովհաննիսյանը։ Նրա ջանքերի շնորհիվ 1850-ական թվականների սկզբին գյուղի հայությունը կրկին դարձել է քրիստոնյա։ Հայոց հոգևորականն արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու հատուկ կոնդակի․ «․․․յաղագս ջանադրութեան իւրոյ վասն դարձուցանելոյ ի մահմետականութենէ ի հաւատս լուս․ հայոց եկեղեցւոյ զնախկին տաճկացեալ հայ բնակիչս Վարխիան գեղջ ց60հոգի ստացեալ է ի նորին վեհափառութէնէ 23 հոկտ․ 1855 ամի N 321: Զկնի մկրտելոյն զվերոյգրեալ բնակիչս ստացեալ է զթաւնջեայ կամիլկաւկայ կոնդակը․․․»։

1857 թվականի նոյեմբերի 29-ին Մարտիրոս ավագ քահանան տեղեկացնում է, որ Վարխիանի հայերը մտադրված են եղել կառուցել եկեղեցի։ Սակայն, այս ծրագիրն իրականություն չի դարձել։ 

1863 թվականի տվյալներով գյուղում բնակվել է 51 հայ բնակիչ։ 1863 թվականից հետո եղած աղբյուրները՝ Վարխիանում հայերի բնակվելու մասին, որևէ հիշատակություն չեն տալիս։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ գյուղի հայ բնակչությունը, անհովիվ մնալով, կա՛մ կրկին ընդունել է իսլամ, կա՛մ հեռացել է Վարխիանից՝ խուսափելով շրջակայքում բնակվող մուսուլմանների վրեժխնդրությունից։

Հիշատակությունների համաձայն՝ 1876 թվականին Վարխիանում բնակվել են 1780 լեզգիներ, իսկ 1914 թվականին՝ 2102 մուղալներ (վերջիններս 17-րդ դարում Շահ Աբբաս I-ի հրամանով Այսրկովկաս տեղափոխված թյուրքախոսներ էին)։

Գրականություն՝

Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ Գիտական ուսումնասիրություններ։ Գիրք ԻԲ։ Մաս 1։ ՀՃՈՒՀ, Երևան, 2024, էջ 83-84։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում