2025
2025-11-05
Իր գործունեության պատճառով ադրբեջանական իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2022 թվականին Ադրբեջանում հիմնադրված «Աշխատանքի սեղան» («Labor Desk») արհմիությունների կոնֆեդերացիան, որը բողոքի ցույցերի միջոցով աշխատավորներին աջակցող, իրավաբանական օգնություն ցուցաբերող կառույց է։
«Աշխատանքի սեղանը» 2025 թվականի ապրիլին միջազգային համերաշխության կոչ է հրապարակել՝ ադրբեջանական իշխանություններից պահանջելով ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մի շարք անձանց, մասնավորապես՝ կոնֆեդերացիայի նախագահ Աֆիադին Մամադովին, անդամներ՝ Այհան Իսրաֆիլովին, Էլվին Մուստաֆաևին ու Մոհիադին Օրուջովին։ Կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանի բռնատիրական ռեժիմը ձերբակալությունների միջոցով ճնշում է աշխատանքային կազմակերպություններին, որոնք դեմ են արտահայտվում աշխատողների շահագործմանն ու ինքնակազմակերպմանը։
Հանդես գալով աշխատանքային պայմանները վատթարացնող օրենսդրական փոփոխությունների դեմ բողոքի ցույցի դուրս եկած ադրբեջանցի առաքիչների և տաքսիստների շահերի պաշտպանության օգտին, 2023 թվականի օգոստոսից սկսած, կոնֆեդերացիայի նախագահն ու անդամները, թմրանյութերի օգտագործման և խուլիգանության կեղծ մեղադրանքների առաջադրմամբ, պարբերաբար ձերբակալվել են։ Նրանց կողմնակիցների կարծիքով՝ իշխանությունների կողմից ձեռնարկված այդ փոփոխությունների նպատակներից մեկն առաքման ծառայություններ մատուցող Wolt ընկերությանը շինծու պատճառաբանությամբ լիցենզիայից զրկելն է՝ սեփական կազմակերպության ստեղծումն ու դրա մուտքը շուկա ապահովելու համար։
Ադրբեջանում բողոքի ցույցերը հազվադեպ են։ Վերջին մեծ հանրահավաքը տեղի է ունեցել քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով 2019 թվականի հունվարին Մեհսուլ մարզադաշտում։ Եվ եթե Արցախի դեմ պատերազմից հետո այդ երկրում քաղաքական ենթատեքստ ունեցող շարժումներ գրեթե չեն նախաձեռնվել, ապա հասարակական տարատեսակ խնդիրներ, օրինակ՝ բնապահպանական, սոցիալական, երբեմն բարձրաձայնվում են, սակայն դրանք անմիջապես լռեցվում կամ ճնշվում են ձերբակալություններով, ահաբեկումներով։
Աշխատանքային իրավունքների համար պայքարողներն Ադրբեջանում քաղբանտարկյալներից ավելի լավ վիճակում չեն։ Աշխատանքային շահագործման դեմ հանդես եկողները չեն կարողանում աջակցություն ստանալ գործող արհմիություններից, քանի որ դրանք ալիևյան վարչակարգի կցորդներ են։ Այդպիսի արհմիություններն ու հատկապես դրանց «վերադասը»՝ Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիան (AHIK), սերտ կապեր ունեն երկրի կենտրոնական իշխանությունների հետ, իրենց աղբյուրներով տարածում են Ադրբեջանում աշխատավորների իրավունքների «բարձր մակարդակի պաշտպանվածությունը» գովերգող քաղաքական բնույթի, ինչպես նաև՝ հակահայկական հայտարարություններ։
1993 թվականից գործող արհմիությունների այս միավորումը Հեյդար Ալիևի կառավարման տարիներից ծառայել է Բաքվի իշխանությունների քաղաքական ու տնտեսական շահերին։ Նույն վարքագիծն այդ կառույցը շարունակել է դրսևորել նաև հետագայում։ Ոչ պատահականորեն՝ «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխարեն հենց «AHIK»-ն է Իլհամ Ալիևի թեկնածությունն առաջադրել 2008, 2013 և 2018 թվականների նախագահական ընտրություններում։ Նպատակն է եղել Ալիևին ցույց տալ որպես աշխատավորների կողմից առաջադրված թեկնածու։ Սակայն, հետագայում արդեն սեփական կուսակցությամբ առաջադրվելու հանգամանքը հուշում է, որ «Ալիևն աշխատավորների կարիքն այլևս չունի»։ Ադրբեջանական իշխանություններն «AHIK»-ին լայն լիազորություններ են տվել՝ մենաշնորհային դիրքի միջոցով բոլոր արհմիություններին միավորելու և նորաստեղծներին ևս վերահսկելի դարձնելու համար՝ այդ ամենը փաթեթավորելով աշխատավորների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ։
2023 թվականին դադարեցվել է աշխատավայրում մահացությունների դեպքերի մասին տվյալներ հրապարակող ֆեյսբուքյան «İşçinin Səsi» («Աշխատավորի ձայն») էջի գործունեությունը։ Մինչ այդ՝ նախաձեռնության ներկայացուցիչները հասցրել էին հարցազրույց տալ՝ նշելով, որ Ադրբեջանում արհմիությունների ղեկավարը կա՛մ անմիջապես գործատուն է, կա՛մ՝ նրա վստահելին։ «Աշխատավորի ձայն»-ի անդամների վկայությամբ՝ այդ երկրում գործող արհմիություններն աշխատողների շահերի պաշտպանության տեսանկյունից ձևական բնույթ են կրում, մինչդեռ իշխանությունների համար աշխատավոր դասակարգի նկատմամբ լրացուցիչ վերահսկողության միջոց են։
Ըստ «Աշխատավորի ձայն»-ի անդամների՝ աշխատողներն արհմիությունների գոյության մասին «հիշում են» միայն աշխատավարձից 2 տոկոսի պահման պատճառով։ Նույն խնդրի մասին Ադրբեջանում բարձրաձայնել են տարբեր ոլորտների աշխատողներ, այդ թվում՝ ուսուցիչներ։ Վերջիններս, ինչպես հայտնի է դարձել, տարիներ շարունակ գումար են վճարել արհմիություններին, սակայն չեն կարողացել ուղեգրեր ձեռք բերել հանգստի կենտրոններ կամ առողջարաններ այցելելու համար։ Դժգոհելով «AHIK»-ից՝ ուսուցիչները նշել են, որ այդ կառույցից իրենց հեռախոսազանգերին ու առցանց դիմումներին չեն պատասխանում, իսկ հավաքագրված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվողականությունն իսպառ բացակայում է։ Ուշագրավ է նաև, որ թեև արհմիությանն անդամությունն օրենսդրորեն կամավոր է, սակայն գործնականում՝ պարտադիր, քանի որ ուսուցիչների աշխատավարձից, հօգուտ արհմիության, պահումներն իրականացվում են առանց նրանց համաձայնության։
«Աշխատավորի ձայն»-ի ներկայացուցիչները փաստել են նաև, որ զինվորական ծառայությունն Ադրբեջանում ամենակոռումպացված ոլորտներից մեկն է, և զինված ուժերը՝ որպես խոշոր գործատու, նույնպես ոտնահարում են աշխատող-զինծառայողների իրավունքները։ Որպես օրինակ բերվում է այն փաստը, որ Հայաստանի հետ սահմանամերձ հատվածում զինծառայության են ուղարկում բնակչության ամենաաղքատ խավի մարդկանց, ովքեր ի վիճակի չեն վճարել պահանջվող կաշառքը։ Ընդգծվել է նաև, որ 2020 թվականին Արցախի դեմ պատերազմի համար զորակոչվել են հիմնականում բանվորական և գյուղացիական խավերի երիտասարդները։
Թեև ադրբեջանական իշխանությունները պահում են արհմիությունների դերի ընդգծման ձևական կողմը՝ պարբերաբար կազմակերպելով դրանց գործունեությանը նվիրված միջազգային սեմինարներ ու համաժողովներ, սակայն պաշտոնական հայտարարություններից անդին՝ հաճախ ի հայտ են գալիս այդ միջոցառումների սին բովանդակությունն ու այն հակահայկականությամբ ու Արցախի թեմայով լրացնելու միտումը։ Էական բովանդակություն չունեցող այդ հարթակներն ադրբեջանցի պաշտոնյաներն օգտագործում են 1990-ական թվականների «փախստականների» հանգամանքը և հակամարտության ընթացքն իրենց աշխատանքի թերացման գործում որպես հիմնավորում ներկայացնելու համար:
Բացի այդ՝ աշխատավորների իրավունքների պաշտպանությանն ու արհմիությունների խնդիրներին առնչվող վերտառությամբ առանցքային միջոցառումներն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կարգադրություններով։ Իլհամ Ալիևն այս առիթները սովորաբար օգտագործում է մի կողմից՝ «AHIK»-ին ու այլ կառույցներին հրահանգավորելու, մյուս կողմից՝ օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով աշխատանքային իրավունքի ոլորտում բարելավումներ մտցնելու անհրաժեշտության մասին առերևույթ ձևական շեշտադրումներ հնչեցնելու համար։
Չնայած դրան՝ Ադրբեջանը հաճախ է հայտնվում քննադատության թիրախում։ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ իր հերթական զեկույցում ընդգծել է, որ այդ երկրի վարքագիծը չի համապատասխանում ստանձնած պարտավորություններին ու Ադրբեջանի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի դրույթներին։ Մասնավորապես՝ արձանագրվել է, որ Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը չի ապահովում արժանապատիվ կենսամակարդակ, վարձատրության գործընթացում դիտվում է սեռական խտրականություն, և հավասարարժեք աշխատանքի համար կանանց ու տղամարդկանց հավասար վարձատրությունը երաշխավորող օրենսդրական հստակ երաշխիք չկա։
Միջազգային կառույցի կողմից արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ՝ աշխատանքի դադարեցման վերաբերյալ ողջամիտ ծանուցման ժամկետի խախտում, աշխատավարձի անհարկի պահումներ, արհմիություններ ձևավորելու, գործադուլի, աշխատանքային պայմանների վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքի սահմանափակումներ և այլն։
Եվ որքան էլ ադրբեջանական իշխանություններն ընդունեն իրենց սխալները, ակնհայտ է, որ դա ձևական բնույթ է կրում, ինչպես առաքիչների շահերի պաշտպանության համար կալանավորված Այհան Իսրաֆիլովի դեպքում։ Վերջինիս նկատմամբ իրավական միջոցի կիրառման մասով Բաքուն ընդունել է իր սխալը, սակայն Ա․ Իսրաֆիլովի հարազատները ոչ թե արդարացման, այլ համաներման հույս ունեն։
Ալիևների վարչակազմը, փաստորեն, դեռևս 1990-ական թվականներից սկսած, արհմիությունները դիտարկել է որպես աշխատավոր դասակարգին որոշակի վերահսկողության ներքո պահելու և նրանց միջոցով աշխատավորների շրջանում քաղաքական ու քարոզչական բնույթի խնդիրներ լուծելու գործիքներ։ Ադրբեջանական արհմիություններն, ըստ էության, իշխանությունը ստիպողաբար միավորել է Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիային, իսկ աշխատավորների իրավունքների վերաբերյալ իշխանության մոտեցումներից տարբեր պատկերացում ունեցողներին, բողոքի ցույցեր կազմակերպողներին ու խնդիրների մասին բարձրաձայնողներին հնարավոր բոլոր միջոցներով լռեցրել է։