2025
2025-11-03
Արևելյան Այսրկովկասի հյուսիսային մասում է Զաքաթալա քաղաքը, որի մոտակա տարածքներն ի սկզբանե գտնվել են Աղվանքի կազմում, այնուհետև՝ Վրացական պետության։
Հայերն այստեղ բնակություն են հաստատել դեռևս վաղ միջնադարից։ Սակայն 17-18-րդ դարերում տեղի քրիստոնյա բնակչության (հայեր, վրացիներ) մի մասը տեղական իշխանությունների պարտադրանքով ստիպված ընդունել է իսլամ։ 19-րդ դարի սկզբին, երբ տարածքն անցել է Ռուսաստանյան կայսրությանը, Զաքաթալայի բերդի շուրջ ձևավորվել է քաղաքը, որի առաջին բնակիչներն են եղել հայերը։ Ռուսական իշխանությունները խրախուսել են հայերի, հատկապես՝ հայ վաճառականների և արհեստավորների այստեղ հաստատվելը։ Քաղաքում և մերձակայքում հաստատված հայերի մեծ մասը Զաքաթալա է տեղափոխվել Ագուլիսից, Գանձակից, Սղնախից, Նուխիից, Թիֆլիսից և Շուշիից։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ 1886 թվականին քաղաքում եղել է մոտ 300 տուն, որից 200-ը հայեր, իսկ մնացածը՝ ռուսներ, վրացիներ, լեհեր։ Զաքաթալայում մուսուլմաններ չեն եղել՝ բացի մի քանի ծառայողներից և վաճառականներից։
1854 թվականին քաղաքում ապրել է 4 տուն՝ 13 հայ բնակիչ, 1872 թվականին՝ 52 տուն՝ 205 հայ բնակիչ։ 1908 թվականի տվյալներով՝ Զաքաթալայում եղել է 276 տուն՝ 1635 հայ, իսկ 1916 թվականին քաղաքի հայ բնակչության թիվը հասել է 2165-ի։ 1916 թվականին հայերը կազմել են քաղաքային բնակչության 48 տոկոսը։
Փաստացի, հայերը եղել են քաղաքի հիմնադիրներից, և տեղում տնտեսական կյանքի ակտիվության զգալի մասը կապված է եղել նրանց հետ։ Տեղի հայերը զբաղվել են նաև մետաքսի արտադրությամբ։ Զաքաթալացի Հովհաննես Անյանը 1889 թվականին՝ Կովկասյան ցուցահանդեսի մրցանակաբաշխության ժամանակ, ստացել է արծաթե մեդալ՝ բարձրորակ մետաքս արտադրելու համար։
1877 թվականին Զաքաթալայում բացվել է հայկական ծխական արական դպրոց, որը գտնվել է Սուրբ Գևորգ եկեղեցուն կից։ 1877-1878 առաջին ուսումնական տարում դպրոցի աշակերտների թիվը եղել է 32։ Սուրբ Վարդանյան անվանակոչված դպրոցում 1887 թվականին դասավանել է նաև մանկավարժ, մշակութային գործիչ Գրիգոր Խալաթյանցը։ 1889-1890 թվականներին դպրոցում սովորել է 68 աշակերտ։ Դպրոցի գործունեության համար մեծ է եղել գանձակեցի վաճառական Ավետիս Օհանյանցի դերը, որը, սկսած 1882 թվականից մինչև 1892 թվակականը, ամեն տարի դրամական օգնություն է տրամադրել դպրոցին։ 1892 թվականից դպրոցին կից գործել է թատերասրահ։ 1894 թվականին Զաքաթալայի հայկական ծխական դպրոցում իր աշխատանքներն է սկսել նաև իգական դպրոցը։ Այսպիսով՝ Զաքաթալայի հայկական ծխական դպրոցը դարձել է երկսեռ։ Այն իր գործունեության առաջին տարում (1894-1895 ուստարի) ունեցել է 81 աշակերտ՝ 64 տղա և 17 աղջիկ, և 4 ուսուցիչ, իսկ 1895-1896 ուստարում՝ 108 աշակերտ՝ 74 տղա և 44 աղջիկ։ 1911-1912 ուստարում դպրոցի աշակերտների թիվը հասել է 288-ի, որից 138-ը՝ աղջիկ։ Դպրոցը փակվել է 1918 թվականին։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920-ական թվականներին, Զաքաթալայի դպրոցը վերաբացվել է։ Ադրբեջանական տեղական իշխանությունների ճնշման ներքո հայկական դպրոցը փակվել է 1953 թվականին։
1870 թվականին դպրոցին կից բացվել է նաև Ազգային գրատուն-ընթերցարանը, որը 1872 թվականին ունեցել է 165 կտոր գիրք։ 1912 թվականին գրատունն ունեցել է 1219 կտոր գիրք, ինչպես նաև բաժանորդագրված է եղել «Մշակ», «Արարատ», «Մեղու Հայաստանի», «Հորիզոն» հայկական թերթերին։
Քաղաքի կենտրոնում՝ բերդի մոտ է գտնվել Սուրբ Գևորգ փայտաշեն հայկական եկեղեցին, որի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1833 թվականին։ 1840-ական թվականներին սկսվել է Սուրբ Գևորգ քարաշեն նոր եկեղեցու կառուցումը, որի շինարարարկան աշխատանքները հիմնականում ավարտվել են 1850-ական թվականներին։
Սուրբ Գևորգ եկեղեցու հարավային դռան ճակատային մասում եղել է հետևյալ արձանագրությունը․
«ՇԻՆԵՑԱՒ ԵԿԵՂԵՑԻՍ ՀԱՅՈՑ 1851 ԹՎԻՆ՝ ԶԱՔԱԹԱԼՈՒ ՂԱՐԻՊԱԿԱՆ ՀԱՅՈՑ ՎԱՃՌԱԿԱՆԱՑ ՏՐՕՔՆ ԵՒ ԱՐԴԵԱՄԲՆ՝ ԱՆՈՒԱՄԲ ՍՐԲՈՅՆ ԳԷՈՐԳԱՅ ԶՕՐԱՎԱՐԻՆ՝ Ի ԺԱՄԱՆԱԿՍ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆԻԿԱԼԱՅ ՊԱՒԼՈՎՉԻՆ ԵՒ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ Ե․ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻՆ․ Ի ԺԱՄԱՆԱԿՍ ՍՈՑԱ ՓՈԽԱՐՔԱՅՆ ԷՐ ԳՆԵԱԶ ՎԱՐԱՆՑՈՎՆ ԵՒ ՏԵՂՒՈՅՍ ԶՕՐԱԳԼԽԱՊԵՏ ԳԵՆԵՐԱԼ ԳՐԻԳՈՐ ԳՆԵԱԶ ՈՐԲԵԼԵԱՆՈՎՆ ԵՒ ՔԱՀԱՆԱՅՆ ԷՐ ՏԷՐ ԴԱՆԻԷԼՈՎՆ ԵՒ ԹՈՒԱԿԱՆՆ ՀԱՅՈՑ ՌՅ»:
Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները եկեղեցին վերածել են հանրակացարանի։ 1984 թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ Զաքաթալա այցի ժամանակ Սուրբ Գևորգ եկեղեցու հայկական արձանագրությունները ծածկված են եղել սվաղով։ Այցի ժամանակ նա հայտնաբերել է հայերեն մեկ արձանագրություն, որը սվաղով ծածկված չի եղել․ «ՍԲ ԳԱՒԻԹՍ ՇԻՆԵՑԱՒ ՏՐՕՔ ԱՐԹԵԱՄԲՆ ՍՂՆԱԽԵՑԻ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՈՎԻՆ 1851 ԱՄԻ»։
Ներկայումս Զաքաթալայի հայկական եկեղեցին անմխիթար, կիսաքանդված վիճակում է։ Եկեղեցու ներսում գտնվող արձանագրությունները ոչնչացված են։
Քաղաքի հայկական գերեզմանոցը նույնպես ոչնչացվել է ադրբեջանական իշխանությունների կողմից։
Քաղաքի հայության համար ճակատագրական են եղել 1863, 1876 և 1905-1906 թվականները։ 1863 թվականին լեզգիները հարձակվել են Զաքաթալայի բերդի վրա։ Տեղի ռուսական կայազորը, զինելով զաքաթալացի հայերին, նրանց օգնությամբ ետ է մղել լեզգիների հարձակումը։
1876 թվականին քաղաքի բնակչությունը մեծապես տուժել է հրդեհի պատճառով։ Այրվել է քաղաքի մեծ մասը, սակայն քաղաքը հայերի օգնությամբ վերականգնվել է։ 1905-1906 թվականներին հայ-թաթարական բախումների ալիքը հասել է նաև Զաքաթալա։ Քաղաքի հայության համար առավել ծանր հետևանքներ են ունեցել 1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո երկրամասում սկիզբ առած իրադարձությունները։ Զաքաթալայի մուսուլմանները հարձակումներ են գործել հայերի վրա, թալանել են նրանց ունեցվածքը։ Դրությունն էլ ավելի է ծանրացել, երբ Զաքաթալան մաս է դարձել նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության։ Շատ հայեր ստիպված հեռացել են քաղաքից։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո քաղաքից հեռացած հայերի մի մասը վերադարձել և վերահաստատվել է այնտեղ։ 1928 թվականին Զաքաթալայում հաշվառվել է մոտ 200 հայ ընտանիք, 1930 թվականին՝ 206։ 1984 թվականին քաղաքում եղել է 70-80 տուն հայ՝ մոտ 300 բնակիչ։
Զաքաթալայում են են ծնվել ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանը, բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Շմավոն Ազատյանը և այլք։
1988 թվականի նոյեմբերին ադրբեջանական տեղական իշխանությունները Զաքաթալայում կազմակերպել են հայկական ջարդեր, ինչից հետո հայերը ստիպված լքել են քաղաքը։
Գրականություն՝
Քոչարեանց Մ․, Նամակ Զաքաթալից, «Մշակ», 1872, N 21, 1 յունիսի, էջ 2։
Քոչարեանց Մ․, Նամակ Զաքաթալից, «Մշակ», 1872, N 22, 8 յունիսի, էջ 2։
Քոչարեանց Մ․, Նամակ Զաքաթալից, «Մշակ», 1873, N 14, 19 ապրիլի, էջ 2։
Յակովբեան Գ․, Նամակ Զաքաթալից, «Մշակ», 1883, 144, 6 հոկտեմբերի, էջ 1։
Մատինեանց Ա․, Հարեւանցի ակնարկ Զաքաթալու շրջանի վերայ, «Նոր-Դար», 1884, 14 սեպտեմբերի, N 146, էջ 3։
Մատինեանց Ա․, Հարեւանցի ակնարկ Զաքաթալու շրջանի վերայ, «Նոր-Դար», 1884, 15 սեպտեմբերի, N 147, էջ 2-3։
Թ․ Ատ․, Թղթակցութիւնններ, Զաքաթալա։ «Նոր-Դար», 1886, N 40, 20 մարտի, էջ 1-2։
Թ․ Ատ․, Թղթակցութիւններ, Զաքաթալա, «Նոր-Դար», 1888, N 144, 1 սեպտեմբերի, էջ 3։
Աւետեանց Ա․, Նամակ խմբագրին, «Մշակ», 1892, N 134, 21 նոյեմբերի, էջ 2։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը։ Գիրք I, Երևան, 1997, էջ 14-15։
Կարապետյան Ս․, Հայերը Կախեթում։ ՀՃՈՒ կազմակերպության ուսումնասիրություններ, 8, գիրք Ը, Երևան, 2004, էջ 194-199։
Կարապետյան Ս․, Բուն Աղվանք։ ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, 22, գիրք ԻԲ, մաս 1, Երևան, 2024, էջ 63-81։
Մակար եպս․ Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 139-140։