2025
2025-10-27
Արևելյան Այսրկովկասի հայաբնակ գյուղերից է եղել Թալիշը։ Գտնվել է ներկայիս Աղսու շրջկենտրոնից 5,3 կմ հյուսիս-արևելք՝ Աղսու գետի ձախ կողմում։ Ռուսաստանյան կայսրության տարիներին այն Բաքվի նահանգի Շամախիի գավառի կազմում է եղել։ Տարածված են նաև գյուղի Թալիշշեն, Թալիշ-Մելիք-Ումուդ անվանաձևերը։
Գյուղի հիմնադրման մասին կոնկրետ տեղեկություններ չեն պահպանվել։ Սակայն, ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի, թալիշցիներն այստեղ են հաստատվել Արցախի Դիզակ և Վարանդա գավառներից։
1831 թվականի վիճակագրական տվյալներով՝ Թալիշ գյուղն ունեցել է 24 տուն հայ՝ թվով 138 բնակիչ։ 1861 թվականին գյուղում ապրել է 15 տուն հայ ընտանիք։ 1876 թվականին Թալիշում հայ բնակչության թիվը հասել է 96-ի։ 1889 թվականին գյուղում ապրել է 74 հայ, 1890 թվականին՝ 18 տուն՝ 75 հայ բնակիչ։ 1901 թվականին Թալիշի հայ բնակչության թիվը կազմել է 67 մարդ, իսկ 1905 թվականին՝ 72։ 1909 թվականին գյուղում ապրել է 74, 1912 թվականին՝ 77 հայ բնակիչ։
Գյուղում, բացի հայերից, բնակություն են հաստատել նաև թյուրքախոսներ։ Հավանաբար նրանք Թալիշ են տեղափոխվել 1890-ական թվականների սկզբներին, քանի որ 1880-ական թվականների վերջերին գյուղ այցելած Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նրանց մասին տեղեկություններ չի հաղորդել։
«Մշակ» թերթի 1902 թվականի համարներից մեկում տեղեկություն է պահպանվել այն մասին, որ Թալիշում մնացել է ընդամենը 6 տուն հայ, իսկ թյուրքախոսների քանակը հասել է 40 տան։ Ենթադրելի է, որ նրանք մասնակից են եղել նաև 1894 թվականին Թալիշի հայ գյուղապետի տան վրա իրականացված 20 հոգանոց ավազակախմբի հարձակմանը, որը գլխավորել է Գյոքչայի և Շամախիի գավառներում սպանություններով և թալանով հայտնի Մութալիմը։ Թուրք ավազակներին հաջողվել է թալանել գյուղապետի տունն ու հեռանալ։ Գյուղի թյուրքախոսների պատճառով Թալիշի հայերը նույնիսկ ցանկացել են հեռանալ գյուղից և հաստատվել Շամախիում։
1918-1920 թվականներին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության գոյության տարիներին, գյուղում մնացած հայերը նոր կորուստներ են կրել։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո փրկված թալիշցի հայերը չեն վերադարձել գյուղ, այլ հաստատվել են Շամախիի շրջանի Զարխու գյուղում (այժմ՝ Շիրվան)։
20-րդ դարի 80-ական թվականների վերջերին գյուղատեղիում դեռևս պահպանվել են հայկական գերեզմանոցի ավելի քան 15 արձանագիր տապանաքարեր։ Ամենայն հավանականությամբ այժմ այդ տապանաքարերը ոչնչացված են։
Գրականություն՝
«Արձագանք», 1894, N 97, 24 օգոստոսի, էջ 2։
Սմբատեանց Մեսրովբ արքեպիսկոպոս, Նկարագիր սուրբ Ստեփաննոսի վանաց Սաղիանի եւ միւս վանօրէից եւ ուղտատեղեաց եւս քաղաքացն եւ գիւղօրէից՝ որք ի Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 139։
Սարգիսբէկեան Ս․, Շամախին, «Մշակ», 1902, N 62, 21 մարտի, էջ 2։
Մակար եպս․ Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 96։
Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 46։