2025

Հայերը Մինգեչաուր բնակավայրում

2025-10-20

Չնայած Մինգեչաուր քաղաքը համեմատաբար նոր է, սակայն մարդիկ այդ տարածքում բնակվել են դեռևս հին ժամանակներից։ Հին և միջնադարյան շրջանում քաղաքի տարածքը, որը գտնվում է Կուր գետի երկու ափերին, մտել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի և Աղվանքի կազմում։ Մինգեչաուրի մասին հիշատակություններ կան դեռևս միջնադարից։ Ռուսաստանյան կայսրության տարիներին այստեղ համանուն բնակավայր է եղել՝ ներառված Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառի կազմում։ 

Ներկայիս Մինգեչաուր քաղաքի հիմքերը դրվել են խորհրդային տարիներին՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ սկսել են կառուցել Մինգեչաուրի ջրամբարն ու հիդրոէլեկտրակայանը։ Քաղաքը գտնվում է Մինգեչաուրի ջրամբարի արևելյան և Կուր գետի երկու ափերին։

Մինգեչաուրում ի սկզբանե բնակություն են հաստատել նաև հայեր։ Բացի ադրբեջանցիներից՝ 1959 թվականին քաղաքում ապրել է 3799 հայ, 1979 թվականին՝ 5147, 1988 թվականին՝ մոտ 10000 հայ բնակչություն։ 1988 թվականի բռնությունների ալիքը հասել է նաև Մինգեչաուր և տեղի հայերը ստիպված բռնագաղթել են քաղաքից։

Խորհրդային տարիներին այստեղ պեղվել է բազմաշերտ մի հնավայր։ Հայտնաբերվել են նաև վաղմիջնադարյան հայկական եկեղեցու և կից շինությունների մնացորդներ։ Պեղումների ընթացքում գտնվել են նաև 5-7-րդ դարերով թվագրվող հայերեն և աղվաներեն արձանագրություններ՝ չնայած ադրբեջանցի հնագետները այդտեղ միայն աղվանական հետքն են տեսնում։  

Հայերի՝ դեռևս վաղ միջնադարում այստեղ գտնվելը փաստում են հայտնաբերված վերոհիշյալ արձանագրությունները՝ պեղված եկեղեցու ավերակներում՝ կամարաձև քարի վրա միատող փորագրված․

Ի ԹՈՒԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՍՆԵՐՈՐԴԻ ԱՄՒՈՅՆ ԵՐԱԿՂԻ ․․․ ՇԻՆԵՑԱՒ ՔԱՒԱՐԱՆ ՍՐԲՈՅՆ ԵՂԻՇԱՅԻ։

Եկեղեցու շինարարության առթիվ պահպանվել է հայերեն մի արձանագրություն, որն, ըստ Ա․Գ․ Աբրահամյանի վերծանության, ունի հետևյալ բովանդակությունը․

ՀԵՐԱԿԼԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԱՄԻՆ ՍՈՒՐԲ ԵՂԻՇԵԻ (կամ Գիսի եկեղեցի) ԱՂՈԹԱՏՈՒՆԸ ․․․ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ․․․ Ի ՀԻՇԱՏԱԿԻ ՀՈԲԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ։

Փաստորեն՝ եկեղեցին կառուցվել է բյուզանդական հայազգի կայսր Հերակլի (610-641 թթ․) կառավարման 30-րդ տարում, այսինքն՝ 640 թվականին։

Հնավայրում գտնվել է նաև մի խեցեբեկոր, որի վրա հայերեն գրված է եղել անձնանուն՝ ՍԻՄ(ԷՈՆ)։ Եկեղեցու պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև մի քարաբեկոր, որի վրա նշված է եղել 7-րդ դարում ապրած Աղվանքի ականավոր հոգևորականներից մեկի՝ Հոբելի անունը՝ ՈԲԵԼ ԱԲԵՂ(ԱՅ)։

Ադրբեջանական թանգարաններում ներկայացված են Մինգեչաուրում և նրա շրջակայքից հայտնաբերված գտածոները, սակայն խոսք չկա հայերի և հայկական մշակութային հետքի մասին։ Հավանական է, որ հայերեն գրված արձանագրությունները, որոնք հայտնաբերվել են պեղումների ընթացքում, ադրբեջանական սովորության համաձայն, ուղղակի ոչնչացվել են։

Գրականություն՝

Абрамян А.Г., Дешифровка Надписей Кавказских Агван, Ереван, 1964, стр. 75-76.

Կարապետյան Ս, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, գիրք I, Երևան, 1997, էջ 11։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում