2025

Գողթն գավառի Դաստակ (Դաստա, Դաստակերտ) գյուղը

2025-10-16

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթան (Գողթն) գավառի հայկական գյուղերից էր Դաստան։ Գյուղը գտնվում է Գողթնի Տրունյաց ձորի կամ Դաստաձորի ամենաստորին հատվածում՝ Արաքս գետի ափին։

Ղ․ Ալիշանը նշել է նաև գյուղի Տասդ անվանաձևը, որը նույնացրել է Գալաթիայի (Գաղատիո վանաց)[1] վանքի կոնդակներից մեկում հիշատակված Դաստակերտի հետ[2]։ Գյուղանունը, Դաստակ ձևով, արձանագրված է նաև իտալական Լիվորնո քաղաքի հայկական եկեղեցում գտնվող տապանաքարերից մեկի վրա․

«․․․Այս է տապան հանգստեան Դաստակեցի խօջայ Պէգի որդի Պաղտասարին, որ հանգեաւ ի Քրիստոս, թվն ՌՃՀԳ (1724 թվական), նոյեմբերի ԻԹ (29)»[3]։

Գյուղը հիշատակված է նաև Ագուլիսի Սուրբ Թովմա վանքի արձանագրություններում[4]։

19-րդ դարի 2-րդ կեսին այստեղ ապրել է 62 տուն՝ 346 հայ բնակիչ, ովքեր նույն դարի վերջերին գաղթել են Ագուլիս և Շուշի քաղաքներ[5]։ Գյուղում եղել է կիսավեր մի եկեղեցի, որն ուխտատեղի է համարվել շրջակա հայ բնակչության համար։ Դաստակի հրապարակում եղել է քաղցրահամ ջրի աղբյուր` շրջապատված բարձր ու գեղեցիկ սոսիներով[6]։

Գյուղի հյուսիսային մասում գտնվել է Սուրբ Խորան եկեղեցին, որը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Առաջին անգամ հիշատակվել է 1552 թվականին պահպանված Ավետարանի հիշատակարանում՝ Սարգիս Գրիչի կողմից․

«Արդ նորոգեցաւ Աստվածաշունչ սուրբ Աւետարանս ի յերկիրս Գաւխտան (Գողթան) գաւառին, ի գիւղս որ կոչի Դաստակ, ի դուռնս եկեղեցւոյն՝ որ կոչի սբ Խորան․․․»[7]։

Սուրբ Խորան եկեղեցին գմբեթավոր բազիլիկ է եղել՝ մուտքն արևմտյան ճակատում։ Գմբեթը եղել է աղյուսաշեն։ Եկեղեցին վերանորոգվել է 17-րդ դարում։ Արևմտյան ճակատում ունեցել է արձանագրություններ։ Մուտքի շուրջը՝ խոյակների վրա, եղել են զարդաքանդակներ։ Եկեղեցին ունեցել է գերեզմանատուն, պարիսպներ, որոնք ներկայումս քայքայված և ավերված վիճակում են։

16-17-րդ դարերում Դաստակի Սուրբ Խորան եկեղեցում եղել է գրչօջախ։ Ենթարկվելով թշնամիների հարձակումներին՝ վանքից անհետացել են նաև գրչագրված ձեռագրերը։ Սուրբ Խորանը ներկայումս ավերված է։

Գյուղում պահպանվել են 1610-1611 թվականներին կառուցված պարսկական մզկիթի և 19-20-րդ դարերով թվագրվող մեկ այլ մզկիթի ավերակներ[8]։

Ներկայումս գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում՝ նույնանուն քաղաքից մոտ 8 կմ արևմուտք, կոչվում է Dəstə և բնակեցված է ադրբեջանցիներով։

Գրականություն՝

Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904։

Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։

Ա․ Այվազյան, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձանները, Երևան 1986։

Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988։

[1] Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 338։

[2] Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, ցուցակ 1, էջ 38։

[3] ՂԱլիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 338։

[4] Տե՛ս՝ նույնի էջ 338։

[5] Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904, էջ 317։

[6] Նույնի՝ էջ 317-318։

[7] Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012, էջ 24։

[8] Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012, էջ 30։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում