2025

Արեշի գավառի Աղդաշ բնակավայրը

2025-09-22

Աղդաշ բնակավայրը գտնվել է Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառում։ Խորհրդային և հետխորհրդային ժամանակներում այն համանուն շրջանի կենտրոնն է եղել։ 19-րդ դարում այստեղ բնակություն են հաստատել Գանձակից, Շամախիից, Շաքիից և Շուշիից եկած հայերը, ովքեր հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստագործությամբ։ Հայերի մեջ եղել են նաև պետական ծառայողներ։ Աղդաշ բնակավայրի առևտրատնտեսական կյանքն աշխուժացել է հենց հայերի շնորհիվ։ Աղդաշցի հայերը զբաղվել են նաև շերամապահությամբ և երկրագործությամբ։ Մեծաթիվ է եղել կրպակատեր հայերի թիվը՝ մոտ 200 հոգի։ Բացի տեղացի հայերից՝ առևտրական գործունեության մեջ ներգրավված են եղել նաև նուխեցի և արցախցի հայ վաճառականները, ովքեր ամռանը եկել են Աղդաշ՝ տարբեր ապրանքներ ձեռք բերելու համար։

Աղդաշում հայտնի է եղել քաղաքի մոտ գտնվող Գյանջեցյանների երկհարկանի ընդարձակ իջևանատունը։  

Քաղաքի բնակչությունը 1897 թվականին կազմել է 528 մարդ, որից 120-ը՝ հայեր։ Առաջին աշխարհամարտի սկզբին քաղաքի բնակչության թիվը հասել է մոտ 2000 մարդու։

Աղդաշում երկար ժամանակ հայկական դպրոց չի եղել։ Միայն 1916 թվականին Աղդաշում բնակվող շուշեցի Գյանջեցյանների տրամադրած միջոցների հաշվին քաղաքում բացվել է դպրոց, որը գործել է այդ ընտանիքին պատկանող տներից մեկում։ Սակայն, 1918 թվականից այն չի գործել։  

Աղդաշցի հայերը չեն ունեցել նաև եկեղեցի։ Գյանջեցյան եղբայրները եկեղեցու կառուցման համար որոշել են հատկացնել 25 հազար ռուբլի։ Կարապետ Գյանջեցյանը նախատեսել է եկեղեցուն կից բնակարան կառուցել նաև քահանայի համար։ Սակայն, վերջինիս մահից հետո նրա՝ եկեղեցու կառուցման համար կտակած 10 հազար ռուբլին երկար ժամանակ չեն կարողացել օգտագործել։ Գործը փորձել է գլուխ բերել նրա որդին՝ Սամսոնը, որն էլ սպանվել է հայ-թաթարական բախումների ժամանակ՝ 1906 թվականին։ Աղդաշում այդպես էլ եկեղեցի չի կառուցվել․․․      

1918 թվականը ճակատագրական է եղել Աղդաշում և հարակից հայկական բնակավայրերում ապրող հայերի համար։ Օգտվելով անիշխանությունից՝ տեղի թյուրք-թաթարական ավազակախմբերը հարձակումներ են գործել հայերի վրա, շատերին սպանել են և նրանց ունեցվածքը բռնագրավել։ Իրադարձություններն առավել ողբերգական են եղել հայերի համար, երբ ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետությունը, և տարածաշրջան են ներխուժել օսմանյան զորքերը։ Կոտորածները համատարած բնույթ են կրել։ Կոտորածներից չեն փրկվել իսլամ ընդունած փոքրաքանակ հայերն անգամ։ 1919 թվականի մայիսի 24-ին՝ Ադրբեջանի անկախության տարեդարձի կապակցությամբ, Աղդաշում մնացած 21 հայերն սպանվել են։ 5 օր անց՝ տեղի գավառապետի կողմից կազմակերպվել է նաև այստեղ մնացած վերջին հայերի կոտորածը։

Գանձակի հայոց եկեղեցու թեմի փոխանորդ Լևոն վարդապետը, 1919 թվականի օգոստոսի 27-ի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին հղած գրությամբ, ահազանգել է, որ Աղդաշում և շրջակա թուրքական գյուղերում բռնի իսլամացած շատ հայեր կան։ Վերջիններս ապրուստի միջոց չունենալու պատճառով կանգնած են սովամահ լինելու եզրին։ Ըստ փոխանորդի՝ շատերը փրկության միջոց են համարում Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելը։ Սակայն, Ադրբեջանի իշխանությունները դա թույլ չեն տալիս, որպեսզի հետագայում նրանց էլ կոտորեն։ Միայն 1919 թվականի աշնանը տարածաշրջանում դաշնակից պետությունների գերագույն կոմիսար, գնդապետ Ուիլյամ Հասկելի միջնորդությամբ ողջ մնացած արեշցի և նուխեցի հայերը կարողացել են տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։

Հայերին պատկանող ամբողջ ունեցվածքն անցել է տեղի թյուրք-թաթարական բնակչությանը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո այդ թալանը օրինականացվել է ադրբեջանական իշխանությունների կողմից։

Խորհրդային ժամանակաշրջանում որոշ թվով հայեր նորից բնակություն են հաստատել Աղդաշում։ 1980-ական թվականների կեսերին նրանց թիվը կազմել է 18-20 ընտանիք։ Սակայն, 1988 թվականին նրանք ստիպված հեռացել են Աղդաշից՝ խուսափելով կոտորածներից։ Հայկական հետքը վերացել է Աղդաշից։ Ադրբեջանական իշխանությունների ջանքերով ոչնչացվել է նաև տեղի հայկական գերեզմանոցը

Գրականություն՝

Հարությունյան ԱՀ, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ․ և ինքնապաշտպանական կռիվները, Երևան, 1984, էջ 228։

Կարապետյան Ս, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, գիրք I, Երևան, 1997, էջ 5։

Մակար եպս Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999, էջ 144։

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 14-16։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում