2025

Գողթն գավառի Դեր գյուղը

2025-08-28

Պատմական Վասպուրականի Գողթան (Գողթն) գավառի հայկական գյուղերից էր Դերը։ Գտնվում է Գիլան գետի աջ ափին՝ Արաքսից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ հարթավայրային մասում՝ Վերին և Ներքին Ազա գյուղերի միջև[1]։ Օրդուբադ քաղաքից 19 կիլոմետր հյուսիս-արևմուտք է։ Կոչվել է նաև Տեռն և մտել է Գողթնի եկեղեցական թեմի մեջ[2]։ Գյուղն ամբողջությամբ հայաբնակ է եղել։ Արաբական արշավանքների և տիրապետության շրջանում այստեղ հաստատվել են արաբներ։ Որպես վկայություն՝ պահպանվել են 13-14-րդ դարերին վերաբերող արաբական մզկիթի ու մինարեթի մնացորդները։ Սակայն, սկսած 14-րդ դարից, գյուղը վերստին հայաբնակ է դարձել [3]։

1829 թվականին Դերում հաստատվել են պատմական Ատրպատականի Մարաղայի շրջանի Սուլդուզ գյուղի բնակիչներից[4]։

Դերի բնակչությունը հիմնականում զբաղվել է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Գյուղի կենտրոնում գտնվել է 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը եռանավ բազիլիկ է՝ մուտքն արևմտյան ճակատից։ Արևելյան ճակատին եղել են արձանագրություններ։ Որմնանկարներ, պատկերաքանդակներ, զարդաքանդակներ չի ունեցել։ Պահպանվել են տեղեկություններ, որ եկեղեցին վերանորոգվել է 17-րդ դարում։ 1895 թվականին այն վերստին վերանորոգվել է Դերի բնակիչների ջանքերով։ 1973 թվականին կատարված[5] արբանյակային պատկերներում եկեղեցին դեռևս անվնաս է։ 2004 թվականին արված լուսանկարներում քանդված է եկեղեցու հարավային պատը։ 2010 թվականի արբանյակային լուսանկարները փաստում են, որ ադրբեջանցիները քանդել են եկեղեցին՝ փոխարենը կառուցելով ավելի փոքր շենք, որը ներկայումս ծառայում է որպես խանութ[6]։

14-15-րդ դարերում կառուցվել է Սուրբ Սարգիս մատուռը, որը գտնվում է գյուղից 1-1․5 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ փոքրիկ բարձունքի վրա։ Մատուռն ավանդատներ, արձանագրություններ, զարդաքանդակներ չունի։ Շրջակայքում պահպանվել են 14-17-րդ դարերին վերաբերող մի քանի խաչքարեր։ Մատուռի մասին առաջին անգամ հիշատակվել է 1863 թվականին։ Վերանորոգվել է 1943 թվականին։ Ներկայումս մատուռի ծածկն ու պատերի վերին մասը քանդված են։

Դեր գյուղը 1873 թվականին ունեցել է 60 տուն՝ 450 հայ բնակիչներով[7], 20-րդ դարի սկզբներին՝ 71 տուն՝ 478 հայ բնակչությամբ, իսկ 1980-ական թվականների կեսերին՝ 60 տուն[8]։ Խորհրդային շրջանում գյուղն ունեցել է դպրոց, ակումբ, գրադարան և միացած է եղել Ազա գյուղի կոլտնտեսությանը։

Դերի վերջին հայ բնակիչները ստիպված լքել են գյուղը 1988 թվականի նոյեմբերին[9]։

Գյուղը ներկայումս գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում, բնակեցված է ադրբեջանցիներով և կոչվում է Դարքենդ[10]։

Գրականություն՝

Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։

Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904։

Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012։

Ա․ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, համահավաք ցուցակ, Երևան 1986։

Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988։

Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1977։

Ա․ Վարդանյան, Ազնաբերդ, Նախիջևանի վերջին ամրոցը. Պատմաբանասիրական ուսումնասիրություն. Երևան, 2000։

Caucasus Heritage Watch (CHW), Special Report #1, Cornel University, USA, 2022, https://arcg.is/18v5Cv3

[1] Ե․ Լալայան, Նախիջևանի գաւառ. Ա. մասն. Գողթն կամ Օրդուբադի ոստիկանական շրջան, «Ազգագրական հանդես», XI գիրք, 1904, էջ 333։

[2] ՂԱլիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 346։

[3] Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3, Երևան 1977, էջ 359։

[4] Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, էջ 85։

[5] Caucasus Heritage Watch (CHW), Special Report #1, Cornel University, USA, 2022, https://arcg.is/18v5Cv3

[6] Նախիջևան․ քարտեզագիրք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2012, էջ 24։

[7] Ղ․ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 346։

[8] Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, էջ 85։

[9] ԱՎարդանյան, Ազնաբերդ, Նախիջևանի վերջին ամրոցը. Պատմաբանասիրական ուսումնասիրություն. Երևան, 2000, էջ 6։

[10] Դեր գյուղը ներկայումս կոչվում է Դարքենդ, ադրբ․՝ Darkənd։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում